Մամուլի հաղորդագրություն

Ծխախոտի դեմ պայքարի ուղղությամբ ներդրումային հետազոտություն

01 նոյեմբերի 2021

  • ՄԱԿ-ի և Առողջապահության նախարարության համատեղ ջանքերով մշակված նոր զեկույցով կատարվել է տնտեսության վրա ծխախոտի օգտագործման ծախսերի, ինչպես նաև ծխախոտի օգտագործումը նվազեցնելու ուղղությամբ անհետաձգելի քայլեր ձեռնարկելու օգուտների գնահատում:

«Ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հիվանդությունները Հայաստանի տնտեսության համար ամեն տարի առաջացնում են 273,1 մլրդ դրամի ծախսային բեռ, որը համարժեք է ՀՆԱ-ի 4,2 տոկոսին։ Նաև այդ հիվանդությունների հետևանքով Հայաստանում տարեկան գրանցվում է մոտ 5500 մահվան դեպք »,- ասվում է նոր հրապարակված՝ ՀՀ առողջապահության նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի (ԾՊՇԿ) քարտուղարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից, Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ, համատեղ մշակված զեկույցում։

Զեկույցը Հայաստանում պաշտոնապես հրապարակվեց 2021թ․ նոյեմբերի 1-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Շոմբի Շարփի, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ​​ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի, ԱՀԿ ԾՊՇԿ-ի քարտուղարության ղեկավար Ադրիանա Բլանկո Մարկիզոյի, և Հայաստանում ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոյի մասնակցությամբ։

ԾՊՇԿ ուղղությամբ ներդրումային հետազոտությամբ արձանագրվում է, որ ծխախոտի օգտագործումը խաթարում է Հայաստանի տնտեսական աճը, և խոչընդոտում առողջապահության և տնտեսական ոլորտում արդյունավետության մեծացման ուղղությամբ երկրի կողմից գործադրվող ջանքերին։

«Մեր մոդելավորումը ցույց է տալիս, որ Հայաստանում ծխախոտի օգտագործման արդյունավետ վերահսկումը ոչ միայն կփրկի հազարավոր թանկարժեք կյանքեր, այլև՝ էապես կնպաստի ընդհանուր տնտեսական աճին՝ հանգեցնելով ավելի բարձր հարկային եկամուտների, որոնք կարող են ներդրվել առողջապահական և կրթական համակարգերի մեջ: Ուստի շնորհավորում ենք Հայաստանի Ազգային ժողովին՝ 2021 թվականի ՄԱԿ-ի՝ «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման համար» մրցանակին արժանանալու համար, որը շնորհվել է 2020 թվականին «Ծխախոտի օգտագործման պատճառած վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նոր օրենքի ընդունումից հետո։ Եվ այժմ՝ համավարակի ժամանակ, երբ ծխախոտի օգտագործումը ՔՈՎԻԴ -19-ով մահացության հիմքում ընկած ամենակործանարար գործոններից մեկն է, ծխախոտի օգտագործման արդյունավետ վերահսկումը առավել կարևոր է, քան երբևէ»,- ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Շոմբի Շարփը: 

«Հայաստանում 18-ից 69 տարեկան բնակչության ավելի քան մեկ քառորդը (28 տոկոս) ներկայում օգտագործում է ծխախոտի որևէ տեսակ: Ծխախոտի դեմ պայքարը Հայաստանի Առողջապահության նախարարության առաջնահերթ ուղղություններից է, և մենք բարձր ենք գնահատում այս ոլորտում միջազգային գործընկերների աջակցությունը։Ներդրումային հետազոտությունը վերլուծում է ծխախոտի օգտագործման առողջապահական և տնտեսական ծախսերը, ինչպես նաև ԱՀԿ ԾՊՇԿ միջոցառումների ընդլայնված իրականացման արդյունքում հնարավոր ձեռքբերումները։ Ներդրումային ծրագիրը երկրի նախարարությունների համար գործիք է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի կանխարգելման և դրա դեմ պայքարի գործում նախաձեռնություններով հանդես գալու համար», - ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Միացյալ Թագավորությունը ուրախ է աջակցելու այս կարևոր ծրագրին` օժանդակելով ծխախոտի դեմ պայքարի իրականացման գործում Հայաստանի կառավարության ջանքերին: ՔՈՎԻԴ-19 համաճարակը ավելի քան երբևէ կարևոր է դարձնում ծխից զերծ հանրային փակ տարածքներ ունենալու Հայաստանի հանձնառությունը։ Վստահ եմ, որ Հայաստանի կառավարությունը առավելագույնս կօգտագործի ԾՊՇԿ 2030 ծրագիրը՝ որպես Հայաստանի քաղաքացիների հանրային առողջությունը և կայուն զարգացումը պաշտպանելու և խթանելու իր ակտիվ ջանքերի մի մաս», - ասաց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը:

«ՄԱԶԾ-ն հպարտ է ԾՊՇԿ 2030 ծրագրի հետ իր համագործակցությամբ: Հանդիսանալով կայուն զարգացմանը հավատարիմ կառույց՝ մենք ստանձնել ենք ծխախոտի դեմ պայքարի հանձնառություն, քանի որ գիտակցում ենք դրա կարևոր դերը առողջության և սոցիալ-տնտեսական բարեկեցության ապահովման գործում: Ծխախոտային համաճարակի հետևանքները լայն արտացոլում են գտել 2030թ․ Կայուն զարգացման օրակարգում, քանի որ այդ հետևանքները հանգեցնում են անհավասարությունների էլ ավելի մեծացման, աղքատության խորացման և տնտեսական աճի տեմպերի դանդաղեցման», - նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ​​ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

ԱՀԿ-ի Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կիրարկումը հանդիսանում է մարդկանց բարեկեցության բարելավման և կայուն զարգացման առաջմղման առավել արդյունավետ միջոցներից մեկը:

«ԾՊՇԿ 2030 ծրագրի շրջանակներում, մենք աջակցում ենք Հայաստանին իրականացնելու ծխախոտի դեմ պայքարի առաջնահերթ գործողություններ, ներառյալ ծխախոտի դեմ պայքարի նոր ազգային ռազմավարությունը, ոլորտային արդյունավետ համակարգման խթանումը, ծխախոտի դեմ պայքարի նոր օրենքին համապատասխանության ապահովումը և ծխախոտի արտադրանքի  փաթեթավորման ներդրումը: Ես կոչ եմ անում Հայաստանին դիտարկել ծխախոտի բոլոր ապրանքների նկատմամբ ավելի բարձր հարկման քաղաքականություն իրականացնելու հարցը», - ասաց ԱՀԿ ԾՊՇԿ քարտուղարության ղեկավար Ադրիանա Բլանկո Մարկիզոն:

«ԾՊՇԿ ներդրումային հետազոտությունը ապացուցահեն տվյալներ է տրամադրում ծխախոտի հետևանքով երկրի առողջապահությանը և տնտեսությանը հասցվող ուղղակի և անուղղակի բեռի մեծության մասին և, հուսով ենք, կնպաստի ծխախոտի դեմ պայքարի ուժեղացմանը՝ պաշտպանելով Հայաստանի բնակչությանը ծխախոտի հետ կապված վնասներից», - նշեց Հայաստանում ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն։

Ծխախոտի օգտագործումն առնչություն ունի ՔՈՎԻԴ-19 հիվանդության ավելի ծանր ընթացքի հետ։ Ծխախոտի օգտագործմանը և ՔՈՎԻԴ-19-ի խնդրին ընդհանուր անդրադարձը կարող է նպաստել առողջապահական համակարգի և տնտեսության համար այդ երկու խնդիրների առաջացրած բեռի էական նվազեցմանը։

Անհետաձգելի ներդրումները ծխախոտի դեմ պայքարի յոթ ապացուցված միջոցառումներում՝ ուղղված  ծխելու տարածվածության և ծխախոտի ծխի ազդեցության կրճատմանը, կարող են էապես նվազեցնել Հայաստանում ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացող զգալի բեռը:

Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի ուժեղացման տնտեսական օգուտները գերազանցում են դրա իրականացման ծախսերը (15 տարվա ընթացքում 889,1 մլրդ դրամի տնտեսական օգուտ՝ ներդրված 10,4 մլրդ դրամի դիմաց): Ծխախոտի դեմ պայքարի մոդելավորված բոլոր յոթ միջոցառումներն ունեն ներդրումների դրական եկամտաբերություն:

Ծխախոտի դեմ պայքարի այս յոթ միջոցառումներում ներդրումները 15 տարվա ընթացքում կարող են ապահովել 246,4 միլիարդ դրամ առողջապահական ծախսի խնայողություն, որից 13 տոկոսը բաժին է ընկնում կառավարությանը, 84 տոկոսը՝ անհատ քաղաքացիներին, ովքեր պետք է ստիպված լինեին իրենց գրպանից վճարումներ կատարել, իսկ մնացած 3 տոկոսը՝ մասնավոր ապահովագրության ոլորտին և առողջապահական ծախսերի այլ աղբյուրներին:

Հայաստանում ծխախոտի հարկերի բարձրացումը կնվազեցնի ծխախոտի արտադրանքի մատչելիությունը, կնվազեցնի սպառումը, կնվազեցնի ծխախոտի հետ կապված հիվանդությունների բեռը և կավելացնի եկամուտները։ Բացի այդ, հաջորդ 15 տարիների ընթացքում ծխախոտի սպառման կրճատումից բխող ընդհանուր տնտեսական օգուտը համարժեք է Հայաստանի տարեկան ՀՆԱ-ի 4,1 տոկոսին։

Տվյալներ Հայաստանում ծխախոտի օգտագործման հետևանքով տարեկան բեռի վերաբերյալ

Ամեն տարի ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հիվանդությունների հետևանքով գրանցվում է ավելի քան 5500 մահ, ինչը կազմում է երկրում մահացության ցուցանիշի մոտ 20 տոկոսը: Այս մահացության դեպքերից մոտ 2255-ը տեղի է ունեցել սրտի իշեմիկ հիվանդության, 906 մահ՝ թոքերի քաղցկեղի և ավելի քան 500 մահ՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության և ստորին շնչուղիների վարակների հետևանքով:

Ծխախոտի օգտագործման հետևանքով մահացության թվի կեսից ավելին (52 տոկոս) վաղաժամ մահեր են, այսինքն՝ 70 տարեկանից ցածր տարիքի անձանց շրջանում: Ծխախոտի օգտագործման հետևանքով մահացության թվի գրեթե մեկ հինգերորդը (19 տոկոս) բաժին է ընկնում ծխախոտի ծխի  երկրորդային ազդեցությանը ենթարկվելուն։

Ծխախոտի օգտագործման արդյունքում առաջացող տնտեսական վնասը գրեթե հավասարվել է Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով կանխատեսվող տնտեսական անկման տարեկան ցուցանիշին (2020թ․[1]՝ 4,5 տոկոս)։

Ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած ընդհանուր բեռի (273,1 մլրդ դրամ) 28 տոկոսը վերագրվում է առողջապահական ծախսերին (75,8 մլրդ ՀՀ դրամ), իսկ 72 տոկոսը (197,3 մլրդ դրամ)՝ մահվան կամ հաշմանդամության, ինչպես նաև աշխատանքի վայրում ծխելու ընդմիջումների արդյունքում արտադրողականության կորստին։

15 տարվա ընթացքում ծխախոտի դեմ պայքարի յոթ միջոցառումներում ներդրումների իրականացմամբ կկանխվի ավելի քան 23000 մահ և մեկ երրորդով կնվազի վաղաժամ (մինչև 70 տարեկան) մահացությունը ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով:

Ծխախոտի դեմ պայքարի յոթ միջոցառումների ամբողջական, մասշտաբային ներդրումը թույլ կտա մինչև 2034 թվականը կանխել ավելի քան 23200 մահ, ունենալ առողջապահական ծախսերի խնայողություն և տնտեսական վնասի կանխում՝ 889,1 միլիարդ դրամի չափով։

Ծխախոտի դեմ պայքարի յոթ միջոցառումներում ներդրված յուրաքանչյուր 1 դրամի դիմաց Հայաստանը կստանա 38 դրամի օգուտ՝ խնայված ծախսերի և կանխված տնտեսական վնասի տեսքով, մինչև 2024 թվականը և կստանա 86 դրամի օգուտ մինչև 2034 թվականը:  

  • Ծխախոտի նախազգուշական պիտակների կատարելագործման ուղղությամբ ներդրված յուրաքանչյուր 1 դրամի դիմաց Հայաստանը կստանա 19 դրամի օգուտ մինչև 2024 թվականը և կստանա 56 դրամի օգուտ  մինչև 2034 թվականը (ԱՀԿ ԾՊՇԿ-ի հոդված 11):
  • Հասարակական վայրերում մարդկանց ծխախոտի ծխից պաշտպանելու ուղղությամբ ներդրված յուրաքանչյուր 1 դրամի դիմաց Հայաստանը կստանա 8 դրամի օգուտ մինչև 2024 թվականը և կստանա 99 դրամի օգուտ մինչև 2034 թվականը (ԱՀԿ ԾՊՇԿ-ի հոդված 8):
  • Ծխախոտի հարկերի բարձրացման ուղղությամբ ներդրված յուրաքանչյուր 1 դրամի դիմաց Հայաստանը կստանա 377 դրամի օգուտ մինչև 2024 թվականը և կստանա 888 դրամի օգուտ մինչև 2034 թվականը (ԱՀԿ ԾՊՇԿ-ի հոդված 6)։
  • Ծխախոտի գովազդի արգելման ուղղությամբ ներդրված յուրաքանչյուր 1 դրամի դիմաց Հայաստանը կստանա 70 դրամի օգուտ մինչև 2024 թվականը և  կստանա 383 դրամի օգուտ մինչև 2034 թվականը (ԱՀԿ ԾՊՇԿ-ի հոդված 13)։
  • Զանգվածային լրատվամիջոցներով հակածխախոտային քարոզարշավի ուղղությամբ ներդրված յուրաքանչյուր 1 դրամի դիմաց Հայաստանը կստանա 23 դրամի օգուտ՝ մինչև 2024 թվականը և կստանա 292 դրամի օգուտ մինչև 2034 թվականը (ԱՀԿ ԾՊՇԿ-ի հոդված 12):
  • Պարզ փաթեթավորման մեջ ներդրված յուրաքանչյուր 1 դրամի դիմաց Հայաստանը կստանա 56 դրամի օգուտ մինչև 2024 թվականը և կստանա 216 դրամի օգուտ՝ մինչև 2034 թվականը:
  • Ծխելու դադարեցման վերաբերյալ ամփոփ խորհրդատվության ուղղությամբ ներդրված յուրաքանչյուր 1 դրամի դիմաց Հայաստանը կստանա 3,3 դրամի օգուտ մինչև 2024 թվականը և  կստանա 13 դրամի օգուտ մինչև 2034 թվականը (ԱՀԿ ԾՊՇԿ-ի հոդված 14)։

[1] Ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված ՀՆԱ-ի 4,2% բեռ, և ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով կանխատեսվող ՀՆԱ-ի 4,5% անկում ՝ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, իրական ՀՆԱ-ի աճի, ԱՄՀ տվյալների քարտեզագրման (International Monetary Fund, Real GDP growth, IMF Data Mapper):

Hovhannes Sarajyan

Հովհաննես Սառաջյան

ՄԱԶԾ
Հասարակայնության հետ կապերի համակարգող

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՄԱԶԾ
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր
ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ