Հայաստանը ՄԱԿ-ին անդամակցել է 1992 թ. մարտի 2-ին, և նույն տարվա դեկտեմբերին Երևանում հիմնվել է ՄԱԿ-ի գրասենյակը: Այդ ժամանակից ի վեր՝ Հայաստանը ստորագրել և վավերացրել է միջազգային մի շարք պայմանագրեր, այդ թվում՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան, Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիան, Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիան, Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին կոնվենցիան, Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին արձանագրությունը, Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիան և այլն:
ՄԱԿ-ի հայաստանյան թիմը, որ գլխավորում է ՄԱԿ-ի մշտական համակարգողը, բաղկացած է Հայաստանում գործող և ոչ ռեզիդենտ 20 գործակալություններից: Համաշխարհային բանկը (ՀԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ևս գրասենյակներ ունեն երկրում:
Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքը ծառայում է 2030 Օրակարգի իրագործմանը և երկրի մակարդակով ռազմավարականորեն առաջնորդվում է «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթղթով (Գործընկերության շրջանակ): Գործընկերության շրջանակը երկրի մակարդակով զարգացման գործողությունների ծրագրման և իրականացման հիմնական շրջանակն է: Որպես այդպիսին, այն արտահայտում է ՄԱԿ-ի հավաքական առաջարկը՝ աջակցելու Հայաստանին կայուն զարգացման առանցքային նպատակներին (ԿԶՆ) և զարգացման ազգային առաջնահերթություններին հասնելու գործում։
Գործընկերության շրջանակում ամրագրված առաջնահերթությունները հիմնված են երկրի կարիքների և հնարավորությունների վերլուծության վրա, որոնք ներկայացված են և պարբերաբար թարմացվում են ՄԱԿ-ի կողմից իրականացվող երկրի ընդհանուր վերլուծության մեջ (ԵՀՎ): Գործընկերության շրջանակը կապված է Հայաստանի 2050 թվականի վերափոխման ռազմավարության, ոլորտային ռազմավարությունների և ազգային պլանավորման այլ գործիքների զարգացման հետ:
Գործընկերության շրջանակը համաձայնագիր է ՄԱԿ-ի և Հայաստանի կառավարության միջև՝ համագործակցելու շահագրգիռ կողմերի ավելի լայն շրջանակի՝ քաղաքացիական հասարակության, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների, խորհրդարանի, մասնավոր հատվածի և զարգացման այլ գործընկերների հետ՝ հանուն առավել կայուն Հայաստանի՝ չորս հիմնական սկզբունքների միջոցով, որոնք են՝
- մարդկանց բարեկեցություն,
- ներառական կանաչ տնտեսություն,
- առաջադեմ մարդակենտրոն կառավարման համակարգեր,
- գենդերային հավասարություն:
Մեր ռազմավարության հիմքում ընկած է մեր հավաքական խոստումը՝ չանտեսել ոչ ոքի և արձագանքել հայ հասարակության առավել խոցելի խավերի կարիքներին։