ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակ
ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարությամբ, ով գլխավորում է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը և երկրի մակարդակով համակարգում է ՄԱԿ-ի բոլոր գործողությունները, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը Հայաստանում ՄԱԿ-ի թիմին տրամադրում է ռազմավարական աջակցություն:
Գրասենյակի նպատակն է առավելագույնս ակտիվացնել ՄԱԿ-ի աշխատանքը, որպեսզի համակարգը, Կայուն զարգացման նպատակների շրջանակում, կարողանա ապահովել հավաքական, համաձայնեցված և համալիր արձագանք ազգային առաջնահերթություններին և պահանջմունքներին:
Երկրի մակարդակով ՄԱԿ-ի գործառնական գործունեության համակարգման ընդհանուր շրջանակը Երկրի ընդհանուր վերլուծությունն է և ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակը, որն իրենից ներկայացնում է երկրում գործող ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների համապարփակ ռազմավարական շրջանակ և ձևակերպված է Կայուն զարգացման նպատակներին հասնելու շուրջ՝ ազգային առաջնահերթություններին համահունչ:
ՄԱԿ-ի մշտական համակարգողին և Հայաստանում ՄԱԿ-ի թիմին աջակցելու նպատակով՝ մշտական համակարգողի գրասենյակն իրականացնում է 5 հիմնական գործառույթ՝
- Ռազմավարական պլանավորում,
- Զարգացման տնտեսություն,
- Գործընկերություն և զարգացման ֆինանսավորում,
- Տվյալների և արդյունքների կառավարում ու զեկուցում,
- Հաղորդակցություն և քարոզչություն:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարը
Վերջին 14 տարվա ընթացքում Նաննա Սկրումսագեր Սկաուն աշխատում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրում (ՊՀԾ)՝ աջակցելով պարենային և սնուցման անվտանգության հասանելիությանը ամբողջ աշխարհի կարիքավոր բնակչության համար:
Նախքան 2019 թ. ՊՀԾ հայաստանյան գրասենյակի փոխտնօրենի պարտականությունները ստանձնելը, նա եղել է ՊՀԾ-ի գրասենյակի ծրագրի ղեկավարը Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունում: Նա աշխատել է որպես ՊՀԾ հանձնակատար Չինաստանում և Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԺԴՀ): ԿԺԴՀ-ում, ՊՀԾ-ում աշխատելուց բացի, տկն. Սկաուն աշխատել է նաև որպես ՄԱԿ-ի մշտական համակարգող (մշտական համակարգող պաշտոնյա):
ՄԱԿ-ին միանալուց առաջ տկն. Սկաուն գրեթե չորս տարի աշխատել է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությունում (ECHO)՝ զբաղվելով առողջապահության և պարենային աջակցության քաղաքականության մշակմամբ և, մասնավորապես, մարդասիրական օգնության շրջանակներում պարենային օգնության համակարգմամբ:
Տկն. Սկաուն իր կարիերան սկսել է Դանիայի արտաքին գործերի նախարարությունում՝ աշխատելով Ասիայի վարչությունում՝ ԵՄ ասիական քաղաքականության համակարգման և աֆղանական զարգացման աջակցության բաժնում: Տարիների ընթացքում նա համակարգել է Մյանմարի, Շրի Լանկայի, Պակիստանի, Բութանի, Նեպալի, ԿԺԴՀ-ի, Մոնղոլիայի և Աֆղանստանի հետ հարաբերությունները: Ընդհանուր առմամբ, տկն. Սկաուն ավելի քան 20 տարի աշխատում է միջազգային հարաբերությունների, մարդասիրական օգնության և զարգացման աջակցության ոլորտում:
