ՄԱԿ-ի 80-րդ տարեդարձը մեկնարկեց վաղ առավոտյան՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Առավոտ լուսո» հաղորդմամբ: Կեսօրին տոնակատարությունը շարունակվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում՝ դրոշի բարձրացման պաշտոնական արարողությամբ, որին մասնակցեցին Հայաստանում գործող ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների աշխատակիցները:
Երեկոյան, նաև հյուրերը միացան պաշտոնական տոնակատարությանը, որը մեկնարկեց ՄԱԿ-ի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսով։ Այն ներկայացնում էր տարբեր պատմություններ՝ ի ցույց դնելով այն բազմաթիվ ծրագրերը, որոնց միջոցով ՄԱԿ-ը նպաստում է մարդկանց կյանքի որակի բարելավմանն ու կայուն զարգացման խթանմանը։
Զուգահեռ անցկացվում էր նաև կենսաբազմազանության ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի բացառիկ բնությանը, որն աշխարհի կենսաբազմազանության 34 «թեժ կետերից» մեկն է: Այս ցուցահանդեսը ներկայացնում էր Հայաստանի բուսական ու կենդանական աշխարհի հազվագյուտ և վտանգված տեսակները, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցվածները, միաժամանակ ընդգծելով դրանց շարունակական պահպանման կարևորությունը:
Իր բացման խոսքում, ՄԱԿ-ի մշտական համակարգող տիկին Ֆրանսուազ Ժակոբը հրավիրեց հյուրերին դիտելու այս երկու ցուցահանդեսներն՝ ընդգծելով Հայաստանի վաղ և երկարատև նվիրվածությունը շրջակա միջավայրի պաշտպանությանը։ «Ինձ մեծապես դուր է գալիս այն, որ Հայաստանի առաջին միջազգային հանձնառությունը շրջակա միջավայրին էր վերաբերում», - նշեց նա։ «Եվ հաջորդ տարի, որպես կենսաբազմազանության COP17-ը հյուրընկալող երկիր, Հայաստանը կրկին կբարձրացնի ջահը՝ գլխավորելով մեր մոլորակի ամբողջականության և գեղեցկության պահպանմանն ուղղված ջանքերը»։
Պատվավոր հյուրերի թվում էր ՀՀ փոխվարչապետ պարոն Մհեր Գրիգորյանը, ով խորը գնահատանք հայտնեց ՀՀ կառավարության և Միավորված Ազգերի Կազմակերպության միջև ամուր գործընկերությանը։ «Մենք բարձր ենք գնահատում ծրագրային համագործակցությունը ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի հետ, - նշեց նա, - որը մեծ նպաստ է բերել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, մարդու իրավունքների ապահովմանը, Կայուն զարգացման նպատակների իրականացմանը, փախստականների ու այլ խոցելի խմբերի պաշտպանությանը»։
Պաշտոնական հատվածն ավարտվեց տոնական տորթի կտրման խորհրդանշական արարողությամբ, որին հաջորդեց հյուրասիրությունը ջերմ մթնոլորտում։ Միաժամանակ հյուրերը UN80 թվային շրջանակով լուսանկարվեցին և տպված լուսանկարները՝ որպես հուշանվերներ, իրենց հետ տուն տարան։
ՄԱԿ-ի 80-ամյակի տոնակատարությունը Հայաստանում ոչ միայն անցյալի նվաճումների արտացոլում էր, այլև բոլորի համար ավելի խաղաղ, ներառական և կայուն ապագային միտված միասին աշխատելու խոստում։