Կանայք և աղջիկները մեծ հաջողությունների են հասել։ Նրանք վերացնում են արգելքներն ու կարծրատիպերը և նպաստում ավելի արդար և հավասար աշխարհ ունենալուն։
Այնուամենայնիվ, նրանք բախվում են հսկայական խոչընդոտների։ Միլիարդավոր կանայք և աղջիկներ բախվում են մարգինալացման, անարդարության և խտրականության, իսկ կանանց նկատմամբ բռնության շարունակվող համաճարակը անարգանք է մարդկության համար։
Մեր աշխարհը դեռևս արտացոլում է հազարամյակներ շարունակ գոյություն ունեցող ուժային հարաբերությունները, որոնցում գերակշռում են տղամարդիկ։
Եվ առաջընթացը վտանգված է կանանց իրավունքների դեմ պայքարի պատճառով։
Ներկայիս տեմպերով իրավական հավասարության կհասնենք մոտ երեք հարյուր տարի անց։
Պետք է շատ ավելի արագ շարժվենք։
Կանանց միջազգային օրը կանգնած ենք իրենց իրավունքների համար պայքարող կանանց և աղջիկների կողքին և պարտավորվում ենք արագացնել առաջընթացը:
Այս տարվա թեման՝ «Ներդրումներ անել հօգուտ կանանց», հիշեցնում է, որ հայրիշխանությանը վերջ դնելու համար գումար է անհրաժեշտ։
Պետք է աջակցենք կանանց այն կազմակերպություններին, որոնք այս պայքարի առաջնագծում են։
Եվ պետք է ներդրումներ կատարենք ծրագրերում՝ վերջ դնելու կանանց նկատմամբ բռնությանը, ինչպես նաև խթանելու կանանց ներգրավվածությունն ու առաջնորդությունը տնտեսություններում, թվային տեխնոլոգիաների, խաղաղարարության և կլիմայական գործողությունների մեջ:
Անհրաժեշտ ընդլայնել կայուն զարգացման համար ֆինանսավորման հնարավորությունները, որպեսզի երկրները միջոցներ ունենան ներդրումներ անելու հօգուտ կանանց և աղջիկների:
Պետք է նաև ավելացնենք կին ղեկավարների թիվը բիզնեսում, ֆինանսներում, կենտրոնական բանկերում և ֆինանսների նախարարություններում: Սա կարող է օգնել խթանել ներդրումները կանանց և աղջիկների կարիքներին համապատասխանող քաղաքականության և ծրագրերի մեջ:
Կանանց իրավունքներն արդար, խաղաղ, բարգավաճ հասարակություններ ունենալու բանալին են: Սա բխում է բոլորիս շահերից։
Միասին շտապ գործողություններ ձեռնարկենք այն իրականություն դարձնելու համար:
Շնորհակալություն։