Մամուլի հաղորդագրություն

ՔՈՎԻԴ-19-ը՝ մեր 75-ամյա պատմության մեջ հանդիպած ամենաաղետալի համաշխարհային ճգնաժամը երեխաների համար - ՅՈՒՆԻՍԵՖ

10 դեկտեմբերի 2021

  • ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր 75-ամյակին ընդառաջ զգուշացնում է, որ ՔՈՎԻԴ-19 համավարակը հետ է մղում երեխաների առաջընթացը գրեթե բոլոր չափելի ցուցանիշներով: Ավելին՝ ևս 100 միլիոն երեխա հայտնվել է աղքատության:

ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը երեխաների վրա աննախադեպ ծավալների է հասնում՝ դառնալով նրանց համար ամենաաղետալի ճգնաժամը, որին ՅՈՒՆԻՍԵՖ-ն ականատես է եղել իր 75-ամյա պատմության ընթացքում: Սրա մասին ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր հրապարակված զեկույցում:



Կորսված տասնամյակի կանխարգելում. հրատապ քայլեր երիտասարդների և երեխաների վրա ՔՈՎԻԴ-19-ի կործանարար ազդեցությունը վերացնելու համար զեկույցն ընդգծում է, թե ինչ միջոցներով է համավարակը խոչընդոտում երեխաների աղքատության, առողջության, կրթության, սնուցման, պաշտպանության և հոգևոր առողջության խնդիրների հաղթահարման ուղղությամբ տասնամյակների ընթացքում ձեռք բերված առաջընթացը:



Այն զգուշացնում է, որ համավարակից գրեթե երկու տարի անց ՔՈՎԻԴ-19-ի համատարած ազդեցությունը շարունակում է խորանալ՝ մեծացնելով աղքատությունը, արմատավորելով անհավասարությունը և սպառնալով երեխաների իրավունքներին աննախադեպ ծավալներով:

«Իր պատմության ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ն օգնել է երեխաների համար ավելի առողջ և անվտանգ պայմաններ ձևավորելու ամբողջ աշխարհում՝ միլիոնավոր մարդկանց համար դրական արդյունքներ գրանցելով,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը:- Այս ձեռքբերումներն այժմ վտանգի են ենթարկված: ՔՈՎԻԴ-19 համավարակը երեխաների առաջընթացի ամենամեծ սպառնալիքն է դարձել մեր 75-ամյա պատմության ընթացքում։ Քաղցած, կրթությունից դուրս մնացած, բռնության ենթարկված, աղքատության մեջ հայտնված կամ հարկադրաբար ամուսնացող երեխաների թվի մեծանալուն զուգահեռ նվազում է առողջապահական ծառայությունների, պատվաստումների, բավարար սննդի և հիմնական ծառայությունների հասանելիություն ունեցող երեխաների թիվը: Տարվա ընթացքում առաջ շարժվելու փոխարեն մենք հետադիմել ենք»։

Ըստ ցեկույցի գնահատականների՝ համավարակի հետևանքով այժմ ևս 100 միլիոն երեխա, սա նշանակում է՝ 2020 թվականի մարտի կեսերից սկսած ամեն վայրկյան մոտ 1,8 երեխա, ապրում է բազմաչափ աղքատության մեջ, ինչը 10 %-ով բարձր է 2019 թվականի ցուցանիշից։ Զեկույցը նաև զգուշացնում է, որ կորցրածը վերականգնելու համար երկար ճանապարհ պետք է անցնել. լավագույն դեպքում՝ 7-8 տարի կպահանջվի վերականգնվելու և մանկական աղքատության ցուցանիշը մինչև համավարակը գրանցված ցուցանիշին վերադարձնելու համար:



Վկայակոչելով հետընթացի այլ ապացույցներ՝ զեկույցում ասվում է, որ համեմատած մինչ համավարակը գրանցված իրադրության հետ՝ ևս գրեթե 60 միլիոն երեխա այժմ ապրում է դրամային աղքատ տնային տնտեսություններում: Բացի այդ՝ 2020 թվականին ավելի քան 23 միլիոն երեխա գրեթե 4 միլիոնով ավելի 2019 թվականի համեմատ, չի ստացել պլանային պատվաստումներ՝ այդպիսով գրանցելով ամենաբարձր ցուցանիշը վերջին 11 տարիների ընթացքում:



Նույնիսկ համավարակից առաջ ամբողջ աշխարհում մոտ 1 միլիարդ երեխա զրկանք է կրում կենսական նշանակության առնվազն մեկ չափման մասով՝ կրթության, առողջապահության, սանիտարական պայմանների, ջրի, բնակարանային պայմանների և սննդի հասանելիության: Այս թիվն այօր աճում է, քանի որ անհավասար վերականգնումն ավելի է մեծացնում հարուստ և աղքատ երեխաների միջև առկա բացը, որոնցից ամենաշատը տուժում են առավել մարգինալացված և խոցելի խմբերը: Զեկույցում նշվում է.

  • Համավարակի գագաթնակետին ավելի քան 1.5 միլիոն սովորող կրթությունից դուրս է մնացել ազգային մակարդակում իրականացված արգելափակումների (լոքդաունի) ժամանակ: Աշխարհում դպրոցների գրեթե 80 տոկոսը փակ է եղել առկա ուսուցման համար ճգնաժամի առաջին տարվա ընթացքում:
  • Հոգեկան առողջությանը վերաբերող խնդիրներն ազդում են դեռահասության տարիքում գտնվող (10-19 տարեկան) ավելի քան 13 տոկոս անձանց վրա ամբողջ աշխարհում: 2020 թվականի հոկտեմբերին համավարակի պատճառով խաթարվել կամ դադարեցվել էր հոգեկան առողջության խիստ կարևոր ծառայությունների տրամադրումը աշխարհի 93 տոկոս երկրներում։
  • Մինչև տասնամյակի ավարտը ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով ևս մինչև 10 միլիոն մանկական ամուսնություն կարող է տեղի ունենալ։
  • Երեխայի աշխատանքներում ներգրավված երեխաների թիվն ամբողջ աշխարհում հասել է 160 միլիոնի` վերջին չորս տարում ավելանալով 8,4 միլիոնով: Եվս 9 միլիոն երեխա երեխայի աշխատանքներում ներգրավվելու վտանգի է ենթարկված (2022 թվականի վերջի գնահատականներով) համավարակի պատճառով աղքատության աճի հետևանքով։
  • Համավարակի գագաթնակետին 1,8 միլիարդ երեխա ապրում էր 104 երկրներում, որտեղ բռնության կանխարգելման և արձագանքման ծառայությունները լրջորեն խաթարված էին:
  • 50 միլիոն երեխա հյուծված է, որը կյանքի համար ամենավտանգավոր թերսնուցման ձևերից է, և մինչև 2022 թվականը այս ցուցանիշը կարող է աճել 9 միլիոնով՝ երեխաների սննդակարգի, սննդի ծառայությունների և կերակրման գործելակերպի վրա համավարակով պայմանավորված ազդեցության հետևանքով:

Համավարակից բացի՝ զեկույցը նախազգուշացնում է երեխաներին վերաբերող այլ սպառնալիքների մասին, որոնք խիստ վտանգում են նրանց իրավունքները: Աշխարհում 426 միլիոն երեխա՝ գրեթե 5-ից 1-ը, ապրում է հակամարտությունների գոտիներում, որոնք գնալով ավելի են սրվում, և սա ավելի է բարդացնում խաղաղ բնակիչների վիճակը՝ անհամաչափորեն ազդելով երեխաների վրա: Կանայք և աղջիկները ենթարկվում են հակամարտություններով պայմանավորված սեռական բռնության ամենաբարձր ռիսկի: Մարդասիրական բոլոր կարիքների 80 տոկոսը պայմանավորված է հակամարտություններով: Նմանապես գրեթե 1 միլիարդ երեխա՝ աշխարհի երեխաների գրեթե կեսը, ապրում է կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված «չափազանց բարձր ռիսկային» դասակարգված երկրներում:



Յուրաքանչյուր երեխայի ապագան վերակերտելու, վերականգնելու և վերաիմաստավորելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է կոչ անել՝

  • Ներդրումներ կատարել հօգուտ սոցիալական պաշտպանության, մարդկային կապիտալի և ներառական ու դիմակայուն վերականգնման:
  • Վերջ դնել համավարակին և փոխել երեխաների առողջության և սնուցման տագնապալի պատկերը, այդ թվում՝ օգտագործելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի կենսական դերը ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման գործում:
  • Դառնալու ավելի ուժեղ՝ ապահովելով որակյալ կրթություն, պաշտպանություն և ամուր հոգեկան առողջություն յուրաքանչյուր երեխայի համար:
  • Դառնալ դիմակայուն՝ ճգնաժամերն ավելի արդյունավետորեն կանխարգելելու, դրանց արձագանքելու և հետևանքներից երեխաներին պաշտպանելու համար, այդ թվում՝ սովին վերջ դնելու, երեխաներին կլիմայի փոփոխությունից պաշտպանելու գործում նոր մոտեցումներ ցուցաբերել և վերանայել աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված ծախսերը:

«Համաշխարհային համավարակի, ավելացող հակամարտությունների և կլիմայի վատթարացման դարաշրջանում «նախ՝ երեխաներին» մոտեցում ցուցաբերելը կարևոր է ավելի, քան երբևէ,- նշել է Ֆորը:- Մենք ճանապարհների խաչմերուկում ենք։ Կառավարությունների, նվիրատուների և այլ կազմակերպությունների հետ մեր հետագա միասնական ծրագրերը հաջորդ 75 տարիների համար նախագծելիս երեխաները պետք է լինեն առաջին տեղում ներդրումներ անելու և վերջին տեղում՝ դրանք կրճատելու ժամանակ: Ապագայի մեր խոստումը հիմնվում է մեր ներկա առաջնահերթությունների վրա:

Zara Sargsyan

Զառա Սարգսյան

ՅՈՒՆԻՍԵՖ
Հաղորդակցության բաժնի ղեկավար

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ