Գործակալությունները նախազգուշացնում են՝ պետությունները ձախողում են երեխաների հանդեպ բռնության կանխարգելումը
22 հունիսի 2020
- Երեխաների հանդեպ բռնության կանխարգելման մասին գլոբալ զեկույցը կոչ է անում պետություններին՝ ավելին անել և նախազգուշացնում է կորոնավիրուսի «խորը ազդեցության» մասին:
Աշխարհի երեխաների կեսը կամ գրեթե 1 միլիարդ երեխա ենթարկվում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական բռնության՝ ստանալով վնասվածքներ, հաշմանդամություն ձեռք բերում կամ մահանում, որովհետև պետությունները ձախողել են հետևել հաստատված ռազմավարությանը՝ նրանց պաշտպանելու համար։
Այս մասին է խոսվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Երեխաների հանդեպ բռնության հարցերով հատուկ ներկայացուցչի և «Վե՛րջ բռնությանը» համագործակցության կողմից հրապարակված նոր զեկույցում։
«Երեխաների հանդեպ բռնությանը երբեք որևէ արդարացում լինել չի կարող», - նշել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը (Dr Tedros Adhanom Ghebreyesus): Այն կանխարգելու համար մենք ապացուցահեն գործիքներ ունեք և կոչ ենք անում բոլոր պետություններին՝ կիրառել դրանք։ Երեխաների առողջությունը պաշտպանելն ու բարօրությունը պահպանելը առանցքային դեր ունեն մեր հավաքական առողջությունը պաշտպանելու և բարօրությունը պահպանելու համար թե՛ այսօր, և թե՛ ապագայում»:
Երեխաների հանդեպ բռնության կանխարգելման գլոբալ դրությունը 2020թ․ զեկույցն իր տեսակի մեջ առաջինն է, որ ներկայացնում է 155 երկրում գրանցված առաջընթացը «INSPIRE» ծրագրի շրջանակում, որը 7 ռազմավարությունների շարք է՝ երեխաների հանդեպ բռնությունը կանխարգելելու և երեխաների հանդեպ բռնությանը արձագանքելու համար։ Զեկույցը այս ուղղությամբ իրականացվող քայլերի խթանման հստակ անհրաժեշտություն է տեսնում բոլոր երկրներում։ Թեև գրեթե բոլոր երկրներում (88%) անհրաժեշտ օրենքներ կան երեխաներին բռնությունից պաշտպանելու համար, կեսից էլ պակաս երկիր (47%) է նշել, որ դրանք խստորեն կիրառվում են։
Զեկույցում առաջին անգամ են տվյալներ ներկայացվել աշխարհում 18 տարին չլրացած երեխաների շրջանում տեղի ունեցած սպանությունների վերաբերյալ․ նախորդ գնահատականները ներառում էին նաև 18-19 տարեկանների մասին տվյալներ։ Ըստ զեկույցի, 2017 թվականին շուրջ 40 000 երեխա սպանության զոհ է դարձել։
«Երեխաների հանդեպ բռնությունը մի՛շտ է եղել, իսկ հիմա ամեն ինչ կարող է վատթարանալ», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Ինքնամեկուսացման, դպրոցների փակման և շարժման սահմանափակումների պատճառով չափազանց մեծ թվով երեխաներ են մնացել բռնարարների կողքին՝ զուրկ լինելով անվտանգ վայրերից, ինչպիսին դպրոցն է։ Անհրաժեշտ է մեծածավալ ջանքեր գործադրել թե՛ այս ժամանակահատվածում, և թե՛ դրանից հետո՝ երեխաներին պաշտպանելու համար, այդ թվում՝ առաջնային դեր հատկացնելով սոցիալական ծառայության աշխատողներին և ամրապնդելով երեխաներին տրամադրվող աջակցության թեժ գծերը»:
Ընդհանուր առմամբ առաջընթացն անհավասար է։
«INSPIRE» ծրագրի ռազմավարություններից միայն մեկի՝ գրանցման միջոցով դպրոց ընդունվելու գործարկումով է պայմանավորված ամենամեծ առաջընթացը։ Այսպես՝ երկրների 54%-ը զեկուցել է, որ այս եղանակով հայտնաբերվել է կարիքավոր երեխաների բավականին մեծ թվաքանակ: 32%-ից 37% երկրներում բռնության զոհ դարձած երեխաները կարող են օգտվել աջակցություն տրամադրող ծառայություններից։ Միևնույն ժամանակ, երկրների 26%-ն է տրամադրել ծնողներին և խնամակալներին ուղղված աջակցության ծրագրեր։ Պետությունների 21%-ը ծրագրեր է իրականացրել վնասակար վարքագծերը փոխելու համար, իսկ 15%-ը փոփոխություններ է իրականացրել երեխաների համար անվտանգ վայրեր ապահովելու համար:
Չնայած որ երկրների մեծամասնությունը (83%) գործողությունների ազգային ծրագրեր և քաղաքականություն ունի, դրանց միայն 21%-ն է ամբողջությամբ ֆինանսավորվում կամ ունի չափելի (թվային) թիրախներ։ Ֆինանսավորման բացակայությունը, ոչ բավարար մասնագիտական հենքի հետ մեկտեղ, նպաստող հավանական հանգամանքներ են և ծրագրերի իրականացման դանդաղ ընթացքի պատճառ։
Կորոնավիրուսի դեմ պայքարն ու դրա ազդեցությունը երեխաների վրա։
Տանը մնալուն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ դպրոցների փակումը, սահմանափակել են ընտանիքների և անհատի աջակցության հիմնական աղբյուրները, ինչպիսիք են ընկերները, հարազատները կամ մասնագետները։ Սա է՛լ ավելի է նվազեցնում զոհի՝ ճգնաժամը և առօրյայի նոր ռեժիմը հաջողությամբ հաղթահարելու կարողությունը։ Ավելացել են երեխաների հանդեպ և զուգընկերոջ կողմից բռնության թեժ գծերին հեռախոսազանգերը։
Թեև առցանց հարթակները շատ կարևոր են երեխաների ուսման, աջակցության և խաղի համար, գրանցվել է առցանց վնասակար վարքագծի, այդ թվում՝ կիբերբուլիինգի, վտանգավոր առցանց վարքի և սեռական շահագործման աճ:
«Երեխաների հանդեպ բռնությանը վերջ տալն այն է, ինչ պետք է անել։ Դա ճիշտ ներդրում է, որը հնարավոր է իրականացնել: Ժամանակն է ամբողջությամբ ֆինանսավորել ազգային գործողությունների համապարփակ ծրագրերը, որոնք հնարավորություն կընձեռեն երեխաներին՝ տանը, դպրոցում, առցանց և իրենց համայնքներում անվտանգ լինել», - նշել է Հովարդ Թեյլորը ([Howard Taylor] Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը համագործակցությունից): «Մենք կարո՛ղ ենք և պե՛տք է ստեղծենք մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է բռնությունից զերծ լինել և չափահասների նոր սերնդի մաս դառնալ՝ առողջ և բարգավաճ կյանքով ապրելու համար»:
Ծանոթություն
Զեկույցի տվյալները հավաքագրվել են 2018 - 2019թթ․ 155 երկրների ավելի քան 1000 որոշում կայացնող պաշտոնյաների հարցման միջոցով։ 2016 թվականին մեկնարկած «INSPIRE» ծրագիրը կոչ է անում՝ ընդունել և ուժի մեջ մտցնել օրենքներ, բռնությունը անընդունելի դարձնելու համար վարքագծեր և արժեքներ փոխել, երեխաների համար անվտանգ միջավայր ստեղծել, ծնողներին և խնամակալներին աջակցություն ցուցաբերել, եկամուտները հաստատուն դարձնել և տնտեսական կայունություն ապահովել, զոհերի համար բարելավել արձագանքման ծառայությունները և ապահովել երեխաներին կրթությամբ և կյանքում անհրաժեշտ հմտություններով։
Թեմային առնչվող հղումներ։
Զեկույցը (միայն անգլերեն լեզվով) և ամփոփագիրը (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն լեզուներով) հասանելի են այս հղմամբ՝ https://who.canto.global/b/SSHOR (գաղտանբառ՝ 490759)։
Միայն ՀՀ-ի մասին տվյալները հայերեն լեզվով հասանելի են այս հղմամբ։