Կայուն զարգացման նպատակները՝ երեխաների պատկերացմամբ
05 նոյեմբերի 2021
Արվեստի դասընթաց՝ ՄԱԿ-ի չեմպիոնների համար։
Երբևէ փորձե՞լ եք նկարել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակները։ Հավատացեք, հեշտ բան չէ։ Բայց ո՞վ կարող է նման առաջադրանքից ավելի լավ գլուխ հանել, քան՝ երեխաները։
ՄԱԿ-ի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, շուրջ 40 երեխա հենց այդ նպատակով մասնակցեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կազմակերպած միջոցառմանը։ 6-14 տարեկան երեխաները մեզ էին միացել Երևանից և մարզերից՝ Երեխաների աջակցության կենտրոններից, «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամից, Աբովյանի թիվ 10 դպրոցից, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի այլ ծրագրերից։
Հագեցած միջոցառման առաջին հատվածում, երեխաները շփվեցին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։ Պարոն Շարփը խաղի միջոցով երեխաներին ծանոթացրեց ՄԱԿ-ի հիմնական գործունեության հետ, իսկ յուրաքանչյուր հարցի հաղթողներին խորհրդանշական նվերներ հանձնեց։
Ապա երեխաները հնարավորություն ունեցան մասնակցելու մեր գործընկերների կողմից կազմակերպված ինտերակտիվ խաղերին, լիցքաթափվելու և թարմ ուժերով ծանոթանալու ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ), որոնք երեխաներին ներկայացնում էին ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի կողմից աջակցվող Երիտասարդների կոալիցիայի անդամները։ Երեխաներից յուրաքանչյուրն ընտրեց իրեն ամենաշատը դուր եկած մեկ կամ մի քանի ԿԶՆ, որպեսզի այն հետո իր պատկերացմամբ թղթին հանձնի։
Այդ հարցում երեխաներին օգնեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան։ Պարոն Սևադան երեխաներին ներկայացրեց նկարչական հիմնարար կանոններ և ծանոթացրեց գեղարվեստական մի շարք հմտությունների, որոնց միջոցով մինչ միջոցառման ավարտը երեխաները նկարեցին Կայուն զարգացման նպատակներից շատերը։
Ահա նաև փոքրիկ տեսանյութ մեր միջոցառումից, որտեղ երեխաներից մի քանիսը պատմում են իրենց աշխատանքների մասին և ավելի լավ ապագա ունենալու իրենց լուծումներն են ներկայացնում։
Այս նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի և առաջիկա տարում նմանատիպ միջոցառումներ կունենանք նաև Հայաստանի տարբեր դպրոցներում:
Շնորհակալություն ենք հայտնում մեր գործըներներին՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին, ՅՈՒՆԻՍԵՖ-ին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին, ՄԱԿ ՓԳՀ-ի Երիտասարդների կոալիցիային, Թովմասյան հիմնադրամին և գեղանկարիչ Սամվել Սևադային՝ միջոցառմանը աջակցելու համար։