Յուրաքանչյուր Գործողություն Կարևոր է. միջազգային համաժողով՝ նվիրված Փախստականների օրվան
22 հունիսի 2020
- Այսօր տեղի ունեցավ առցանց համաժողով «Յուրաքանչյուր գործողություն կարևոր է. Փախստականների իրավունքների արդյունավետ և հարատև պաշտպանությունը Հայաստանում» խորագրով՝ նվիրված Փախստականների համաշխարհային օրվան։
Համաժողովը մեկնարկեց ՄԱԿ-ի փախստականների հարցով գլխավոր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի տեսաուղերձով, որին հաջորդեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսաուղերձը։ Նախարարը ներկայացնելով վերջին երեսնամյակում դեպի Հայաստան տեղահանված զանգվածային հոսքերը՝ մասնավորապես Ադրբեջանից, Իրաքից և Սիրիայից, մատնանշեց ոլորտի մարտահրավերները։
«Երկու կետ եմ ուզում ընդգծել։ Առաջինը, միջազգային համերաշխությունն է, որը սահմանված է նաև 1951 թ-ի փախստականների կոնվենցիայում, երկրորդը, որը մնում է ժամանակի հրամայականը, մարդասիրական ճգնաժամի քաղաքականցումը բացառելն է։ Ոչ մի հանգամանք չպետք է ստիպի գործիքավորել փախստականներին և տեղահանված անձանց քաղաքական նպատակներով»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ միջազգային համագործակցությունը մարդասիրական մարտահրավերներին, մասնավորապես փախստականությանը, արդյունավետորեն ծառայեցնելու գործը պետք է սահմաններ չունենա և լինի հնարվորինս ներառական։
ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը ներկայացրեց օրվա խորհուրդը, պատմությունը, վկայակոչեց Ազգերի լիգայի փախստականների հարցերով առաջին գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենին, նրա ծավալած մարդասիրակ գործունեությունը։
«Հայաստանում փախստականների ինտեգրման և նրանց քաղաքացիություն շնորհելու փորձը ՄԱԿ ՓԳՀ-ը գնահատել է որպես աշխարհում փախստականների նատուրալիզացման լավագույն փորձերից: Ավելորդ է նշել, որ մեզ համար մշտապես քաղաքակրթորեն խորթ է եղել փախստականների խնդիրները շահարկելու և դրանք քաղաքական ճնշման գործիք դարձնելու ամոթալի գործելակերպը»,-ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ չնայած սահմանափակ ֆինանսական կարողություններին Հայաստանը այժմ էլ հանդես է գալիս որպես փախստականներ ընդունող երկիր՝ ապաստան տրամադրելով տարբեր ժամանակներում պատերազմից և ներքին տագնապներից տուժած մարդկանց:
Միջոցառմանը, որն ուղղված էր փախստականների խնդիրների բարձրաձայնմանը, դրանց գույքագրման հարցում նոր մոտեցումների մշակմանը՝ հետագայում քաղաքականությունների մշակմանն աջակցելու, նոր մարտահրավերներին դիմակայելու և լուծումներ առաջարկելու նպատակով, մասնակցեցին ԱԺ պատգամավորներ, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ, ոլորտի հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փախստականներ՝ Հայաստանից, ԱՄՆ-ից և ԵՄ-ից։
Մեջբերելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Շոմբի Շարփն ասաց․
«Այս տարի կորոնավիրուսի համաճարակը հավելյալ ուշադրություն թելադրեց փախստականների և տեղահանված անձնաց նկատմամբ, որոնք խոցելի անձնանց շարքում են։ Իմ վերջին՝ Covid-19 հակիրճ քաղաքականության և «Մարդիկ շարժման մեջ» փաստաթուղթը կոչ է կառավարություններին՝ համոզված լինելու, որ իրենք առավելագույնս ընդգրկված են արձագանքի և վերականգնողական գործողություններում»։
ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի խոսքով՝ Փախստականների համաշխարհային օրը նշանավորվում է այն մարդկանց ուժն ու տոկությունը, ովքեր ստիպված են եղել դիմել փախուստի և գտել են ապահով հանգրվան, նոր կյանք սկսելու խիզախություն են ունեցել նոր երկրում, որը կարող են տուն համարել։
«Փախստականներն իրենց հետ հմտությունների, գիտելիքների և փորձառության մեծ բազմազանություն են բերում։ Հնարավորության դեպքում նրանք կարող են շոշափելի ներդրումներ ունենալ իրենց ընդունող երկրի զարգացման գործում», - նշեց նա՝ հավելելով, որ ՄԱԿ ՓԳՀ-ն դիմում է բոլորին՝ օգնելու շարունակել համերաշխության գլոբալ շարժումը, որում յուրաքանչյուրը կարող է փոփոխություն կատարել, և բոլորը հաշվվում են, երբ խոսքը վերաբերում է բոլորի, ներառյալ փախստականների, տեղահանված և քաղաքացիություն չունեցող անձանց ներառման, հարգանքի և արժանապատվության խթանմանը:
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը անդրադարձավ օրեցօր ի հայտ եկող նոր մարտահրավերներին՝ նշելով Հայաստանում ապաստանի համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքներին։
«Նախորդ տարի մեկնարկել ենք բնակարանի գնման վկայականների ծրագիրը։ Միջազգային գործընկերների հետ փորձում ենք օժանդակել սիրիահայ փախստականների ինտեգրման հարցերին»,-ասաց նա՝ որպես հայաստանյան ինտեգրման լավագույն փորձ փախստականների՝ ՀՀ քաղաքացուն գրեթե համահավեսարեցված իրավունքների շարքում ընդգծելով աշխատանքի իրավունքը։
Մարդու իրավունքների պաշտպան Արմանը Թաթոյանն ընդգծեց փախստականների՝ իրավունքների խախտման առումով առավել խոցելի լինելու հանգամանքը՝ պայմանավորված լեզվալկան, մշակութային և այլ տարբերություններով և այդ առիթով շեշտադրեց, որ պետության պաշտպանական մեխանիզմների նշաձողը պետք է առավել բարձր լինի։
ՄԶՄԿ նախագահ Թևան Պողոսյանի առաջարկը՝ ստեղծելու փախստականների միասնական հարթակ, ողջունեցին մասնակիցներից շատերը։
Հավաքագրված հարցերի շրջանակը կմշակվի կազմակերպիչների կողմից՝ որպես ոլորտի հիմնախնդիրների, մարտահրավերների և լավագույն փորձի կատեգորիաներ։ Դրանց հիման վրա կմշակվեն առանձին օրակարգեր՝ գրանցված հարցերը առանձին քննության առարկա դարձնելու նպատակով։
Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության, ՄԱԿ-ի փախստականների գործակալության Հայաստանի գրասենյակի և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հկ-ի համատեղ ջանքերով։