Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ: 2020 թ արդյունքների վերաբերյալ հաշվետվություն
2015 թ-ին ՄԱԿ-ի տասներեք գործակալություն, հիմնադրամ և ծրագիր ստորագրեցին 2016-2020թթ. ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագիրը (ՄԱԿԶԱԾ)՝ ընդգծելով իրենց համատեղ հանձնառությունը՝ փաստաթղթում ամրագրված նպատակների իրականացման ուղղությամբ: 2016-2020 թվականների ընթացքում ևս երեք գործակալություն միացավ ՄԱԿ-ի հայաստանյան թիմին` նպաստելով ՄԱԿԶԱԾ-ի արդյունքներին` որպես դրա ընդհանուր վերջնարդյունքի մաս:
Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակի (Գործընկերության շրջանակ) ձևակերպումից հետո, ՄԱԿ-ի հայաստանյան թիմն անցկացրեց կազմաձևման վարժություն` գնահատելու ՄԱԿ-ի կարողություններն ու ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են Գործընկերության շրջանակում ներկայացված արդյունքներին հասնելու համար:
Այս գործընթացի շրջանակում, ՄԱԿ-ի Գենդերային հավասարության ու կանանց իրավունքների առաջխաղացման կառույցը (ՄԱԿ կանայք), Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ), Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԻԳՀԳ), ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը (ՄԱԿ ԱՌՆԳ), ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (ՄԱԹՀՊԳ) և ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագիր (ՄԱՄԲԾ), որոնք 2016-2020թթ. ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի ստորագրող կողմ չեն, պարտավորվել են ստորագրել նոր Գործընկերության շրջանակը ու նպաստել դրանում ներկայացված արդյունքների կատարմանը:
Արդյունքում, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գլխավորության ներքո, Հայաստանում գործող և ոչ ռեզիդենտ ՄԱԿ-ի 20 գործակալություն հետևողականորեն և արդյունավետորեն կնպաստեն Գործընկերության շրջանակում ներկայացված արդյունքների կատարմանը՝ որպես 2021-2025 ցիկլի ՄԱԿ-ի հայաստանյան թիմի անդամ: