Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի բացման խորհրդանշական նախադասությունն այսօր նույնքան կարևոր է, որքան 75 տարի առաջ դրա ընդունման ժամանակ:
Համընդհանուր հռչակագիրը ճանապարհային քարտեզ է, որն օգնում է վերջ տալ պատերազմներին, տարաձայնություններին և նպաստել բոլորի համար խաղաղության և արժանապատիվ կյանքի:
Բայց աշխարհը շեղվել է ճիշտ ուղուց։ Հակամարտություններն ահագնանում են։ Աղքատության և սովի մասշտաբներն աճում են։ Անհավասարությունները գնալով խորանում են։ Կլիմայական ճգնաժամը մարդու իրավունքների ճգնաժամ է, որն առավելապես ազդում է ավելի խոցելի խմբերի վրա։
Ավտորիտարիզմը աճում է։
Քաղաքացիական հասարակության տարածքը փոքրանում է, իսկ լրատվամիջոցները բոլոր կողմերից հարվածների տակ են:
Գենդերային հավասարությունը մնում է հեռավոր երազանք, իսկ կանանց վերարտադրողական իրավունքները հետ են մղվում:
Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է խթանել և հարգել մարդու բոլոր իրավունքները՝ սոցիալական, մշակութային, տնտեսական, քաղաքացիական և քաղաքական, որոնք պաշտպանում են մեզ բոլորիս:
Համընդհանուր հռչակագիրը մատնանշում է ճանապարհը դեպի արժեքներ և մոտեցումներ, որ կարող են թուլացնել լարվածությունը և ստեղծել անվտանգություն և կայունություն, որի կարիքն ունի աշխարհը:
Հիմա, երբ աշխատում ենք թարմացնել գլոբալ շրջանակները՝ դրանք 21-րդ դարում ավելի արդյունավետ դարձնելու համար, մարդու իրավունքները պետք է ունենան եզակի և կենտրոնական դեր:
Կոչ եմ անում անդամ պետություններին օգտվել այս 75-րդ տարեդարձի և հաջորդ տարի կայանալիք Ապագայի գագաթնաժողովի ընձեռած հնարավորությունից՝ ամրապնդելու իրենց հավատարմությունը Համընդհանուր հռչակագրի մնայուն արժեքներին:
Եվ Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ կոչ եմ անում մարդկանց ամբողջ աշխարհում խթանել և հարգել մարդու իրավունքները, ամեն օր, բոլորի համար, ամենուր: