ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և գործընկերները գնահատում են Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական ազդեցությունը համայնքների վրա
17 սեպտեմբերի 2020
- 2020 թվականի մայիսին մեկնարկած համապետական այս գնահատումը ուղղված է համայնքներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) և համայնքներում գործող ինքնազբաղ ֆերմերներին, համայնքի անդամների եկամտի աղբյուրներին և բարեկեցությանը, համայնքներում կենսաապահովման ծառայությունների մատուցման և պահանջարկի համակարգերին և տրամադրում է երեսունյոթ առաջարկություն, որոնք կօգնեն Հայաստանի կառավարությանը միջազգային հանրության հետ համագործակցությամբ ավելի արդյունավետ արձագանքել ՔՈՎԻԴ-19-ին:
ՔՈՎԻԴ-19 համավարակը շատ ավելին է, քան առողջապահական ճգնաժամը. այն ազդում է համայնքային կյանքի առանցքային սոցիալական և տնտեսական կողմերի վրա: Չնայած մարզերի և համայնքների վրա համավարակի ազդեցության տարբերություններին՝ համակարգային խնդիրները և դրանց շղթայական արձագանքը գալիք տարիներին անդրադառնալու են Հայաստանում կյանքի և ապրելակերպի վրա, նշվում է ՔՈՎԻԴ-19 սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման (ՍՏԱԳ) զեկույցում, որը պատրաստվել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ, և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ), «ՄԱԿ Կանայք»-ի, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ) և Ասիական զարգացման բանկի հետ գործակցությամբ, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի այլ գործակալությունների և միջազգային ֆինասնական հաստատությունների տեխնիկական աջակցության և ներդրումների շնորհիվ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ին ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական արձագանքի նախաձեռնության տեխնիկական ղեկավարն է ` ՄԱԿ-ի մշտական համակարգողի գլխավորությամբ:
2020 թվականի մայիսին մեկնարկած համապետական այս գնահատումը ուղղված է համայնքներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) և համայնքներում գործող ինքնազբաղ ֆերմերներին, համայնքի անդամների եկամտի աղբյուրներին և բարեկեցությանը, համայնքներում կենսաապահովման ծառայությունների մատուցման և պահանջարկի համակարգերին և տրամադրում է երեսունյոթ առաջարկություն, որոնք կօգնեն Հայաստանի կառավարությանը միջազգային հանրության հետ համագործակցությամբ ավելի արդյունավետ արձագանքել ՔՈՎԻԴ-19- ին` «ոչ մեկին հետևում չթողնելու» (ոչ մեկին չանտեսելու) սկզբունքին համահունչ: Առաջարկությունները ներկայացված են ՄԱԿ-ի` ծրագրային քաղաքականության միջամտությունների հինգ հիմնասյուներից չորսում. (i) առողջապահություն, (ii) սոցիալական պաշտպանություն, (iii) տնտեսության աջակցություն և (v) համայնքների դիմակայունություն:
«Հայաստանի հասարակության, տնտեսության և խոցելի խմբերի վրա ՔՈՎԻԴ-19-ի ազդեցության գնահատումն առանցքային նշանակություն ունի ճգնաժամից դուրս գալու և ոչ ոքին չանտեսելու նպատակով Հայաստանի կառավարության, ՄԱԶԾ-ի և իր գործընկերների արձագանքի համար: Հաշվի առնելով քաղված դասերը և ՍՏԱԳ արդյունքները՝ ՄԱԶԾ-ն կշարունակի աջակցել Հայաստանի կառավարությանը չսահմանափակվել վերականգնումով և նայել անդին` մինչև 2030թ., չորս հիմնական ոլորտներում` կառավարում, սոցիալական պաշտպանություն, կանաչ տնտեսություն և թվային հեղափոխություն», - ասել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը:
ՔՈՎԻԴ-19-ն ամբողջ հանրապետությունով մեկ ազդել է մարդկանց առողջության վրա: Հարցվածների 40 տոկոսը հայտնել է, որ կորոնավիրուսը ազդել է նրանց հոգեբանական, հոգեկան և (կամ) հուզական առողջության վրա: Այս արդյունքը մասնավորապես ակնառու էր Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում: Համայնքների առողջապահական հաստատությունների և սոցիալական օգնության ծառայությունների դժվար հասանելիությունը, մեկուսացման հետևանքով կորցրած աշխատատեղերը և եկամուտները ազդել են մարդկանց առողջության կարգավիճակի վրա: Սոցիալական աշխատողների արդյունավետ աշխատանքի անհրաժեշտությունն աննախադեպ ընկալում ունի` հաշվի առնելով ֆիզիոլոգիական և հուզական խնդիրներ ունեցող անձանց մեծ թիվը:
Միջին հաշվով` տնային տնտեսությունների շրջանում հարցման մասնակիցների ավելի քան 10 տոկոսը նշել է, որ համավարակի ընթացքում կորցրել է աշխատանքը: Այս ցուցանիշը համեմատաբար ավելի բարձր է Արմավիրում, Լոռիում և Վայոց Ձորում: Քաղաքային բնակավայրերում աշխատատեղերի կորուստը խիստ փոխկապակցված է ՓՄՁ-ների վրա համավարակի տնտեսական բացասական ազդեցության հետ, մինչդեռ գյուղական բնակավայրերում աշխատողների վրա ավելի շատ ազդեցություն ունի արտերկրում աշխատանք փնտրելու հնարավորության, այսինքն` արտագնա աշխատանքային միգրացիայի բացակայությունը:
Համավարակը զգալիորեն հարվածել է ՓՄՁ ոլորտին, որը զբաղվածության ամենամեծ մասն է կազմում տնտեսության մեջ: Հարցվածների ավելի քան 82 տոկոսը նշել է, որ ճգնաժամը նրանց վրա բացասաբար է ազդել: Ուսումնասիրված ձեռնարկությունների գրեթե 65 տոկոսի բիզնես գործունեությունը մեկուսացման ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է, իսկ զբոսաշրջության, արտադրության և առևտրի ոլորտներում ներգրավված ՓՄՁ-ների ավելի քան 50 տոկոսը հայտնել է ճգնաժամից լրջորեն տուժելումասին:
Գյուղատնտեսությունը համեմատաբար ավելի քիչ է տուժել: Հարցված գյուղատնտեսական ձեռնարկությունների շուրջ 40 տոկոսը ճգնաժամից ազդեցություն չի կրել կամ կրել է դրական ազդեցություն: Դա կարելի է բացատրել Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի սեզոնային բնույթով:
Հետազոտության արդյունքների համաձայն` պետական աջակցության ծրագրերը մեծապես ուղղված են բացասական ազդեցություն կրած ձեռնարկություններին: Չնայած միանվագ օգնության դրամաշնորհները որոշ չափով մեղմացնում են ճգնաժամի անմիջական ազդեցությունը՝ դրանք չեն լուծում ՓՄՁ-ների իրացվելիության խնդիրները, միջնաժամկետ և երկարաժամկետ մարտահրավերները:
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հավանական երկրորդ ալիքը և ապագայում այլ համավարակների հավանականությունը՝ ՍՏԱԳ-ը հիմնավորում է, որ պետությանն ահնրաժեշտ է կենտրոնանալ իր համակարգերի կայունության և կենսունակության ամրապնդման վրա, մասնավորապես` համայնքային կյանքի առողջապահական, սոցիալական և տնտեսական ուղղությունների առումով:
Մարզերում պետություն-մասնավոր հատված գործընկերության խթանումը, հիմնականում կենտրոնանալով զբոսաշրջության և արդյունաբերության զարգացման երկրորդային քաղաքների վրա, ՓՄՁ-ների հարկային օրենսդրութան և ընթացակարգերի մեղմացումը կարող են օգնել մեղմելՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը: ՍՏԱԳ-ը նաև խորհուրդ է տալիս մշակել արդյունավետ հանրային իրազեկման միջոցներ` շահառուներին տեղեկատվություն ստանալու հարցում աջակցելու նպատակով` ստեղծելով օգտագործման համար հարմար համապատասխան ռեսուրսներ:
ՍՏԱԳ գործընթացին Հայաստանի 10 մարզերում և Երևանում ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 7200 մարդ: Հարցվածները ներկայացնում են 3000 տնային տնտեսություններ, 1537 ՓՄՁ-ներ և 515 ֆերմեր, տեղական իշխանությունների և ծառայություններ մատուցող մարմինների 2150 ներկայացուցիչներ, ֆոկուս խմբային քննարկումներին մասնակցած 150 անձ և Հայաստանի 10 մարզերում ծառայությունների վերաբերյալ առցանց հարցմանը մասնակցած ավելի քան 2000 մարդ:
Ամբողջական զեկույցը հասանելի է այստեղ։