Մամուլի հաղորդագրություն

Ուկրաինայում պատերազմը երեխաների մի ամբողջ սերնդի մղում է անդունդի եզրը. ՅՈՒՆԻՍԵՖ

21 փետրվարի 2023

  • 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայում պատերազմի բռնկումից գրեթե մեկ տարի անց երեխաների մի ամբողջ սերունդ 12 ամիս շարունակ ենթարկվել է բռնության և վախի, կորուստ և ողբերգություն տեսել: Երեխաների կյանքին առնչվող ոչ մի ոլորտ չկա, որի վրա հակամարտությունն ազդեցություն չի ունեցել. երեխաները սպանվել են, վիրավորվել, հարկադրված են եղել լքել իրենց տները, զրկվել կրթությունից և անվտանգ ու ապահով միջավայրով պայմանավորված առավելություններից:

«Ուկրաինայում երեխաները սարսափի մեկ տարի են ապրել», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը: «Միլիոնավոր երեխաներ քնում են մրսած և վախեցած և արթնանում են՝ ակնկալելով, որ այս դաժան պատերազմն ավարտված կլինի: Զոհվել և վիրավորվել են երեխաներ, իսկ շատերը կորցրել են ծնողներին, քույրերին ու եղբայրերին, իրենց տները, դպրոցներն ու խաղահրապարակները: Ոչ մի երեխա երբե՛ք չպետք է նման տառապանք կրի»։ 

Տնտեսական ճգնաժամը, որի ընթացքում մեծ թվով ընտանիքներ հայտնել են եկամտի զգալի կորստի մասին, ինչպես նաև պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը կործանարար են եղել երեխաների և նրանց ընտանիքների բարեկեցության համար: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին հարցման՝ հարցվածների 80 տոկոսը նշել է իրենց տնտեսական վիճակի վատթարացման մասին: Ի լրումն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ աղքատության մեջ ապրող երեխաների տոկոսը գրեթե կրկնապատկվել է՝ 43 տոկոսից հասնելով 82 տոկոսի: Իրավիճակը հատկապես դժվար է այն 5,9 միլիոն մարդկանց համար, ովքեր ներկայում տեղահանված են Ուկրաինայի տարածքում։

 

Պատերազմը կործանարար ազդեցություն է թողնում նաև երեխաների հոգեկան առողջության և բարեկեցության վրա։ Գրեթե 1,5 միլիոն երեխա գտնվում է դեպրեսիայի, տագնապի, հետտրավմատիկ սթրեսային խանգարումների և հոգեկան առողջության այլ խնդիրների վտանգի տակ՝ հնարավոր երկարաժամկետ հետևանքներով և ազդեցությամբ:

 

Խաթարվել է երեխաների և նրանց ընտանիքների հիմնական ծառայություններից օգտվելու հնարավորությունը: Հաղորդվում է, որ ավելի քան 1000 առողջապահական հաստատություններ վնասվել կամ ավերվել են հրետակոծությունների և օդային հարվածների հետևանքով, որի արդյունքում սպանվել կամ լուրջ վնասվածքներ են ստացել բուժառուները, այդ թվում՝ երեխաներ, ինչպես նաև բժշկական անձնակազմը: Հազարավոր երեխաներ, որոնք փախչում են հակամարտությունից չեն ստանում կենսական կարևոր պատվաստումները, որոնք կպաշտպանեին նրանց պոլիոմելիտից, կարմրուկից, դիֆթերիայից և կյանքին սպառնացող այլ հիվանդություններից:

 

2022 թվականի փետրվարի 24-ից ՅՈՒՆԻՍԵՖ-ը, միջազգային հանրության աջակցության շնորհիվ, ուսումնական պարագաներ է տրամադրել 770,000 երեխայի, 1,4 միլիոն երեխայի ներգրավել է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մեջ, տրամադրել է հոգեսոցիալական աջակցություն 2,9 միլիոն երեխայի և նրանց խնամակալներին, գենդերային հիմքով բռնության արձագանքման ծառայություններ տրամադրել 352,000 կանանց և երեխաների, ապահովել է անվտանգ ջրի հասանելիություն 4,6 միլիոն մարդու համար: Բացի այդ, առողջապահական ծառայություններ են մատուցվել 4,9 միլիոն մարդու, ինչպես նաև դրամական օգնություն տրամադրել Ուկրաինայում բնակվող 1,4 միլիոն մարդու, իսկ հարևան երկրներում հաստատված՝ 47,494 տնային տնտեսությունների:

«Պատերազմը պետք է դադարի, որպեսզի երեխաները ապրեն խաղաղ երկնքի տակ, որպեսզի նորից մանկություն ունենան, որպեսզի վերադառնան բնականոն կյանքին և սկսեն ապաքինվել և վերականգնվել», - ավելացրել է Ռասըլը: «Քանի դեռ դա տեղի չի ունեցել, չափազանց կարևոր է, որ առաջնահերթություն տրվի երեխաների հոգեկան առողջությանն ու հոգեսոցիալական կարիքներին: Մասնավորապես, պետք է ձեռնարկվեն տարիքին համապատասխան քայլեր՝ ապահովելու նրանց ջերմ խնամքով, տոկունությամբ, իսկ հատկապես ավելի մեծ երեխաների և դեռահասների դեպքում՝ հնարավորություններ ստեղծել նրանց համար բարձրաձայնելու իրենց մտահոգությունները»: 

Խնդիրը բարդանում է նաև նրանով որ, պատերազմը խաթարել է ավելի քան հինգ միլիոն երեխաների կրթությունը՝ երեխաներին զրկելով անվտանգ և բնականոն կրթական միջավայրից, այն էլ՝ ի լրումն ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված երկու տարվա կրթական կորստին, իսկ Ուկրաինայի արևելյան շրջաններում ապրող երեխաների համար՝ կրթության ավելի քան 8 տարվա խափանումից հետո:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է կոչ անել՝ ապահովելու համար սկզբունքային, անվտանգ, արագ և անարգել հումանիտար աջակցության հասանելիություն, դադարացնելու հարձակումները երեխաների և նրան համար նախատեսված ենթակառուցվածքների վրա, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների և ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, ինչպես նաև զերծ մնալու հակամարտության նպատակով դպրոցները օգտագործելուց, դադարեցնելու պայթուցիկ զինամթերքի օգտագործումը բնակավայրերում, որոնք անմիջականորեն հարյուրավոր երեխաների մահվան և նրանց մարմինների խեղման պատճառ են դառնում: Իսկ առաջնահերթորեն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է հանդես գալ հօգուտ ռազմական գործողությունների դադարեցման:

 

2022 թվականի դեկտեմբերին ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկեց իր ամենամյա կոչը՝ Մարդասիրական գործողություն հօգուտ երեխաների: ՅՈՒՆԻՍԵՖ-ին անհրաժեշտ է 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար՝ 9,4 միլիոն մարդու, այդ թվում՝ 4 միլիոն երեխաների անմիջական և երկարաժամկետ կարիքները հոգալու համար (ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս), ովքեր խորապես տուժել են ուկրաինական պատերազմից: Այդ ֆինանսավորումը հնարավորություն կտա ՅՈՒՆԻՍԵՖ-ին տրամադրել, պահպանել և ընդլայնել կենսական նշանակության ծառայություններ առողջապահության, սնուցման, երեխաների պաշտպանության, գենդերային բռնության, ջրի և ջրահեռացման և սոցիալական պաշտպանության ոլորտներում՝ կառավարության կողմից տրամադրվող օգնության և վերականգնման ջանքերին զուգահեռ: Դրա շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև կիրականացնի հավելյալ ներքին տեղահանումներին և փախստականների տեղաշարժերին արձագանքելուն ուղղված պատրաստվածության աշխատանքներ:

Zara Sargsyan

Զառա Սարգսյան

ՅՈՒՆԻՍԵՖ
Հաղորդակցության բաժնի ղեկավար

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ