Բուլղարիայում, Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում ՄՄԿ ներկայացուցչությունները մեկնարկում են Բուլղարիայում աշխատուժի շարժունակության վերաբերյալ իրազեկության բարձրացման արշավ
25 հունվարի 2022
- Ս․թ․ հունվարի 25-ին տեղի ունեցավ Բուլղարիայում և Հայաստանում, Վրաստանում ու Մոլդովայում ՄՄԿ առաքելությունների կողմից համատեղ իրականացվող «Բուլղարիայում աշխատուժի շարժունակության վերաբերյալ իրազեկության բարձրացում» ծրագրի բացման արարողություն:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, ինչպես նաև պետական կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ։
Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը իրականացնելու Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ստորագրված աշխատանքային շարժունակության կարգավորման վերաբերյալ երկկողմ համաձայնագիրը և նպաստել Հայաստանի (ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի) անվտանգ և ավելի լավ կառավարվող աշխատուժի շարժունակությանը դեպի Բուլղարիա։
Հիմք ընդունելով ծրագրի շրջանակում իրականացված Բուլղարիայի աշխատաշուկայի կարիքների և բացերի գնահատման վերաբերյալ ուսումնասիրությունը՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիներին տրամադրել Բուլղարիայում զբաղվածության հնարավորությունների մասին թիրախավորված տեղեկատվություն՝ Բուլղարիայի աշխատանքային և սոցիալական հարցերի վերաբերյալ տեղեկատվական արշավների անցկացման միջոցով: Ծրագիրը թույլ կտա աշխատանքային միգրանտներին կայացնել տեղեկացված որոշումներ՝ միգրացիայի հեռանկարների վերաբերյալ բուլղարական աշխատաշուկա ընդգրկվելու համատեքստում իրենց ակնկալիքները կառավարելու նպատակով:
ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովն իր խոսքում ընդգծեց միգրացիայի ոլորտում երկու երկրների համագործակցության կարևորության մասին․ «Համոզված եմ, որ համաձայնագիրը կնպաստի երկու երկրների տնտեսական և սոցիալական զարգացմանը և կխթանի մեր ժողովրդի միջև մշակութային փոխանակումը» - նշեց դեսպանը:
Իր խոսքում Սիլյա Կասմանը հավելեց, որ աշխատանքային միգրացիան պետք է դիտարկել որպես հնարավորություն ինչպես ԵՄ անդամ երկրների, այնպես էլ Հայաստանի համար։ Ծրագրի գաղափարն է խթանել շրջանառու միգրացիան և արտերկրում աշխատող մարդկանց տեղեկացնել իրենց իրավունքների մասին՝ հանցավոր ցանցերից խուսափելու համար:
Բացման խոսքին և ծրագրի ներկայացմանը հաջորդեց ակտիվ քննարկում միջացառման մասնակիցների միջև, բարձրացվեցին և պարզաբանվեցին մի շարք հարցեր ինչպես ՀՀ իշխանությունների, այնպես էլ փորձագետների և ՄՄԿ ներկայացուցիչների կողմից։
Արարողությունը եզրափակվեց ՄՄԿ Բուլղարիայի գրասենյակի ղեկավար պարոն Ռադոսլավ Ստամենկովի և ՄՄԿ Հայաստանի գրասենյակի ղեկավար տիկին Իլոնա Տեր-Մինասյանի փակման խոսքով։
Ծրագիրը իրակակացվում է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ծրագրի կողմից՝ 2014-2020 թվականների Ապաստանի, միգրացիայի և ինտեգրման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
