Մամուլի հաղորդագրություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսում է կորոնավիրուսի ընթացքում ինքնամեկուսացած երեխաներին ու ծնողներին զորակցելու #ՏանըՀավեսԷ թվային արշավը

27 մայիսի 2020

  • Արշավին է միացել ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան տիկին Նունե Սարգսյանը:

Քանի որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ծնողները շատ են ծանրաբեռնվել թե՛ հեռավար աշխատանքով, թե՛ տնային հոգսերով, թե՛ դպրոցահասակ երեխաների առցանց դասերով և փոքրիկների տնային ժամանցով, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ցանկացել է փոքր-ինչ թեթևացնել նրանց հոգսը և աջակցել տանը ամենափոքրերին զբաղեցնելու հարցում։

 

Սկսում ենք #LearningAtHome կամ #ՏանըՀավեսԷ արշավը, որը միտված է նպաստելու երեխաների ֆիզիկական, մտավոր և հուզական զարգացմանը, ինչպես նաև՝ այս սթրեսային ժամանակահատվածում տանը դրական մթնոլորտ ստեղծելուն։

«Գլխուղեղի զարգացման կարևորագույն շրջանը կյանքի առաջին տարիներն են։ Վաղ մանկական տարիքում՝ մինչև 5 տարեկանը, ամեն վայրկյան երեխայի գլխուղեղում նյարդային բջիջների միջև յոթ հարյուր կապ է ստեղծվում։ Նշանակում է, որ երեխայի և՛ առողջության, և՛ ուսման, և՛ ընդհանրապես՝ հետագա կյանքի հիմքը դրվում է կյանքի առաջին տարիներին»,- նշում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Ըստ այդմ, կարևոր է հիշել, որ երեխայի զարգացման գործընթացը երբեք կանգ չի առնում։ Այն շարունակվում է՝ անկախ խնդիրներից, ինքնամեկուսացումից, համավարակից,-շարունակվում է անկախ ամեն ինչից։ Մենք պետք է անենք հնարավորն ու անհնարինը, որպեսզի նպաստենք երեխայի ճիշտ զարգացմանն ու նրա շարունակական կրթմանը՝ հիշելով, որ մեր երեխաների ապագան մեր ձեռքերում է»:

Արշավի շրջանակում առաջարկվող խաղերը կօգնեն ծնողներին սիրով լի միջավայրում զարգացնել իրենց փոքրիկների ուղեղը՝ դրանով իսկ ամուր հիմք ստեղծելով ողջ կյանքի համար: Խաղը երեխայի իրավունքն է. այն էական նշանակություն ունի ոչ միայն երեխայի մտավոր և ֆիզիկական, այլ նաև՝ սոցիալական զարգացման համար: Զարգանալու և ապագա մարտահրավերներին դիմակայելու համար երեխաները ավելի շատ խաղի կարիք ունեն այսօր, երբ հիմնականում տանն են գտնվում:

 

Արշավին է միացել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան տիկին Նունե Սարգսյանը, ով փոքրիկների համար ընթերցում է իր՝ «Նռան հատիկները» մանկական հեքիաթը:

«Երեխաները վաղ տարիքում ամենարագ և ամենալավ սովորողներն են։ Օգնենք նրանց արթուն պահել միտքը և էներգիան։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այս հիանալի ծրագիրը կօգնի ծնողներին ակտիվ, ուրախ և օգտակար անցկացնել մեկուսացումը իրենց բալիկների հետ»,- նշում է տիկին Սարգսյանը: Տեսագրությունը հասանելի է արշավի կայքէջում:

Այսպիսով, յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆեյսբուքյան և Ինստագրամյան էջերում նոր խաղ-մարտահրավերներ կհրապարակվեն՝ խրախուսելով ծնողներին երեխաների հետ որակյալ ժամանակ անցկացնել, միևնույն ժամանակ տրամադրելով նոր գաղափարներ։

 

Ինչպես մասնակցել

  1. Ընտրել արշավի կայքէջից որևէ խաղ կամ խաղեր։
  2. Նկարահանել և տեսանյութը տարածել սոցիալական մեդիայի ձեր էջում՝ գրառման մեջ ներառելով #ՏանըՀավեսԷ և #LearningAtHome հեշթեգերը, կամ ուղարկել այն ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆեյսբուքյան էջին
Zara Sargsyan

Զառա Սարգսյան

ՅՈՒՆԻՍԵՖ
Հաղորդակցության բաժնի ղեկավար

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ