Դպրոցական սնունդը և մարդկային կապիտալի զարգացումը Հայաստանում
Տաս տարի շարունակ, ամեն օր, Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցության և ՀՀ կառավարության շնորհիվ, Հայաստանում 100,000 երեխաներ ստանում են ամենօրյա առողջարար սնունդ, որն օգնում է նրանց ավելի առողջ և ակտիվ մեծանալ։
«2010 թ.-ին ՊՀԾ-ի Դպրոցական սնունդ ծրագիրը մեր դպրոցում երեխաների համար իրական շրջադարձային պահ էր։ Միասին մեկ սեղանի շուրջ ուտելը երեխաներին անմիջական շփման հնարավորություն է ընձեռում։ Նկատելի դարձավ, որ ավելի քիչ երեխաներ են հիվանդանում, օրինակ եթե նախկինում ոմանք առավոտյան գլխապտույտ էին ունենում, ապա հիմա այդպիսի դեպքերը նվազել են։ Երեխաները իսկապես վայելում են կերակուրները, քանի որ դրանք առողջարար և սննդարար են։ Ծրագիրը երեխաներին օգնում է զարգացնել առողջ սնվելու սովորույթներ և միաժամանակ լուծում է բազմաթիվ սոցիալական խնդիրներ՝ մասնավորապես անապահով ընտանիքների համար », նշում է Լիլիթ Հովհաննիսյանը՝ Արմավրի մարզի Միասնիկյանի անվան դպրոցի տնօրենը։
«Դպրոցական սնունդ» ծրագիրը աջակցում է երեխաների սննդի անվտանգությանը, ներդրումներ է կատարում համայնքների զարգացմանը և աջակցում է տնտեսական աճին՝ ծրագիրը ամբողջովին ազգայնացնելու նպատակով, որպեսզի գալիք տարիների համար կայուն արդյունքներ ապահովվի։