ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցչության սատարման փաստաթուղթ
ՄԱԿ ՓԳՀ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից օժտված է քաղաքացիություն չուենցող անձանց ճանաչելու և պաշտպանելու, ինչպես նաև ապաքաղաքացիությունը կանխելու և կրճատելու մանդատով։ Այն իր մանդատն իրականացնում է համաշխարհային մակարդակում ապաքաղաքացիության խնդրի լուծման նպատակով կառավարությունների, ՄԱԿ-ի այլ գործակալությունների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցելու միջոցով։ Այս տրամաբանությամբ է ՄԱԿ ՓԳՀ-ն առաջարկում հետևյալ դիտարկումներն ու առաջարկությունները Հայաստանի Հանրապետությունում ապաքաղաքացիության վերաբերյալ։ Այս փաստաթղթում ներկայացված առաջարկությունները հիմնված են Քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ ՓԳՀ-ի ձեռնարկի և այդ հարցի վերաբերյալ հեղինակավոր ուղղորդման վրա։
Այս փաստաթուղթը պատրաստվել է Ապաքաղաքացիության վերացմանն ուղղված 2014-2024 թթ. համաշխարհային գործողությունների ծրագրի և 2019 թվականի հոկտեմբերին ՄԱԿ ՓԳՀ-ի Գործադիր կոմիտեի 70-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած Ապաքաղաքացիության վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնյաների սեկցիայի ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության տված խոստումների համաձայն Հայաստանում ապաքաղաքացիության խնդրի լուծման ուղղությամբ ՄԱԿ ՓԳՀ-ի և դրա գործընկերների սատարման աշխատանքները համակարգելու և հեշտացնելու նպատակով։
«Քաղաքացիություն չունեցող անձ» տերմինը սահմանվում է՝ ըստ Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին 1954 թվականի կոնվենցիայի (1954 թվականի Կոնվենցիա) 1-ին հոդվածի 1-ին մասի. ««քաղաքացիություն չունեցող անձ» հասկացությունը նշանակում է անձ, որը չի համարվում քաղաքացի որևէ պետության կողմից՝ դրա օրենսդրության հիման վրա»։