COVID-19-ի հայտնվելն է՛լ ավելի նվազեցրեց ծնելիության ցուցանիշները։ Բայց ժամանակն է դադարել անհանգստանալ թվերի համար։
ՄԱԲՀ-ի Արևելյանի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ալանա Արմիտաժի ուղերձը՝ Բնակչության համաշխարհային օրվա առթիվ։
Ծնելիության ցուցանիշների վրա կենտրոնանալն աչքաթող է անում կարևորը՝ գրում է Ալանա Արմիտաժը Բնակչության համաշխարհային օրվա առթիվ, իսկ կարևորն այնպիսի երկիր կառուցելն է, որտեղ մարդիկ ցանկանում են մնալ, ապրել և ընտանիք ունենալ:
COVID-19 համավարակն աշխարհում կարծես թե, առնվազն ժամանակավորապես, արագացրեց ծնելիության նվազման միտումը: 2020 թվականի վերջի վիճակագրությունը՝ առաջին սահմանափակումներից ինն ամիս անց, եվրոպական բազմաթիվ երկրներում ծնունդների թվի կտրուկ անկում է ցույց տալիս:
COVID-19-ի «մանկասնանկության» մասին լուրերը որոշ երկրներում անհանգստության ալիք բարձրացրին: Համավարակն ու դրա ազդեցությունը մարդկանց վերարտադրողական վարքագծի վրա ասպարեզ եկան, երբ Եվրոպայում ծնելիության մակարդակն արդեն իսկ շատ ցածր էր: Արևելյան Եվրոպայում զանգվածային արտագաղթը խնդիրն ավելի էր սրում. մարդիկ ոչ միայն ավելի քիչ թվով երեխաներ էին ունենում, այլև հեռանում էին հայրենիքից՝ այլ կողմերում ավելի լավ հնարավորություններ գտնելու համար: Արդյունքում, բնակչության թվաքանակը կրճատվում էր: 1990-ականներից ի վեր, Բուլղարիան, Լատվիան, եթե ընդամենը երկու անուն նշենք, կորցրել են իրենց բնակչության քառորդ մասը:
Հայտնի չէ, թե արդյո՞ք համավարակից հետո ծնելիության մակարդակները կվերականգնվեն: Պատմականորեն, խոշոր ճգնաժամերը հանգեցրել են ծնելիության մակարդակների իջեցման, բայց հիմնականում դրանց հաջորդել է աճը: Առաջատար ժողովրդագրագետ Տոմաշ Սոբոտկայի ի մի բերած տվյալները ցույց են տալիս, որ Եվրոպայում, վերջին մի քանի ամիսների ընթացքում, ծնելիության մակարդակն իսկապես վերականգնման նշաններ է ցույց տվել: Այս միտումը կշարունակվի, թե ոչ, կախված կլինի նրանից, թե որքան տևական կլինեն համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքները:
Այդուհանդերձ, ծնելիության վրա կենտրոնացումն ավելի կարևոր մի հարց թողնում է տեսադաշտից դուրս: Բնակչության թվաքանակի վայրիվերումների մասին մտահոգվելու փոխարեն, ժամանակն է գիտակցել, որ ցածր ծնելիությունը, ամենայն հավանականությամբ, պահպանվելու է: Եվ ժամանակն է հասկանալ այս անկասկած անխուսափելի ժողովրդագրական ապագային մեր տնտեսություններն ու հասարակությունները պատրաստելու մեր անելիքները:
Սա հեշտությամբ տրվող մտափոխություն չէ: Ընդունված է համարել, որ ծնելիության բարձր մակարդակը և բնակչության աճը ցանկալի են երկրների համար և ազգային հարստության ու հզորության ցուցիչներ են: Մենք սովոր ենք այս հարթությունում մտածել։ Եվ ճիշտ է, որ, երբ բնակչության թվաքանակը փոքրանում է, տնտեսություններն իսկապես կարող են, բացարձակ ցուցանիշներով, կրճատվել:
Բայց դա չի նշանակում, որ մարդիկ անպայման ավելի աղքատանալու են: Հնարավոր է, որ մեկ շնչի հաշվով բարեկեցությունը մեծանա, իսկ աշխատուժի կրճատման հետ, ամենայն հավանականությամբ, կբարձրանան աշխատավարձերը, բացի այդ, ավտոմատացման ընդլայնումը բարձրացնում է արտադրողականությունը:
Ինչպես կարող են վկայել բազմաթիվ երկրներ՝ հատկապես Արևելյան Եվրոպայում, բնակչության աճից բնակչության նվազում անցումը լի է մարտահրավերներով: Հասարակություններն արագորեն ծերանում են, անընդհատ շատացող տարեց մարդկանց համար հոգացող աշխատունակ բնակչությունը նվազում է, գյուղական բնակավայրերը բնակչություն են կորցնում՝ մարդիկ տեղափոխվում են կա՛մ քաղաք կա՛մ արտերկիր` ավելի լավ հնարավորություններ գտնելու համար: Սոցիալական համակարգերը մեծ ճնշման տակ են հայտնվում, և սակավամարդ վայրերում ենթակառուցվածքների ու ծառայությունների պահպանումը դառնում է ծախսատար:
Բայց այս մարտահրավերները կառավարելի են: Եվ ոչ միայն - դրանք հնարավորություններ են բացում նորարարության համար, ինչը երկրներին կարող է պարսաձգել ավելի բարեկեցիկ ապագայի ուղղությամբ: Ռումինիայում՝ Կլուժը, Սերբիայում՝ Բելգրադը տեխնոլոգիական արդյունաբերության խոշոր կենտրոններ են դարձել՝ տաղանդներ ներգրավելով թե՛ երկրի ներսից, թե՛ դրսից: Համավարակի պատճառով Արևելյան Եվրոպայի ողջ տարածքում միգրանտները վերադարձել են տուն՝ իրենց հետ բերելով արժեքավոր հմտություններ, նոու-հաու և կապեր: Կառավարությունները տարեցների կարողությունն օգտագործելու և տնտեսության ու հասարակության մեջ նրանց ավելի լավ ինտեգրելու ուղիներ են որոնում: Նաև փորձ է արվում ավելի լայնորեն բացել աշխատաշուկաները և հասարակական կյանքը կանանց և լուսանցք մղված այլ խմբերի համար՝ ներգրավելով մինչ այժմ չօգտագործված ռեսուրսները: Անգամ խոսվում է ներգաղթի մասին, ինչը երկար ժամանակ «տաբու» թեմա էր Արևելյան Եվրոպայի մեծ մասում: Այս ամենը նպաստում է, որպեսզի երկրներն ավելի լավ կարողանան հաղթահարել ժողովրդագրական մարտահրավերները:
Արդյո՞ք սա նշանակում է, որ ծնելիության ցուցանիշներն ընդհանրապես նշանակություն չունեն: Ոչ այնքան. դրանք կարևոր են նրանով, որ մեզ պատմում են չիրացված վերարտադրողական իրավունքների մասին: Եվրոպայում մարդիկ սովորաբար ասում են, որ ուզում են երկու երեխա, բայց շատերն, ի վերջո, ունենում են մեկը կամ ընդհանրապես չեն ունենում: Ցանկալի և իրական ծնելիության միջև այդ ճեղքի շուրջ է, որ պետք է կենտրոնանան կառավարությունները՝ ոչ թե բնակչության թվաքանակը խթանելու, այլ մարդկանց օգնելու իրացնել իրենց վերարտադրողական իրավունքները, որպեսզի նրանք ունենան իրենց ուզած թվով երեխաները:
Սա պահանջում է վերացնել բազմաթիվ խոչընդոտներ, որոնց առաջ մարդիկ կանգնում են ընտանիք կազմելիս՝ տնտեսական անորոշություն, բնակարանի բարձր գին, անպտղության աճ, երեխաների խնամքի մատչելի ծառայությունների բացակայություն և ակնկալիք, որ կանայք պիտի մի կողմ դնեն աշխատելը և միայնակ կրեն երեխայի խնամքի բեռը:
Ընտանիքների համար ավելի բարենպաստ, կանանց և տղամարդկանց ավելի հավասար հնարավորություններով, հասարակություններ ստեղծելու ուղղությամբ առաջընթացը կարող է հանգեցնել ծնելիության բարձրացման, քանի որ մարդիկ ավելի վստահ կզգան ընտանիք կազմելու և իրենց ուզած թվով երեխաներն ունենալու հարցերում: Բայց դա երաշխավորված չէ՝ ինչպես ցույց է տալիս ընտանիքների համար բարենպաստ Սկանդինավիայում ծնելիության անկման օրինակը: Եվ ոչ էլ դա՛ պետք է լինի ընտանիքների համար բարենպաստ քաղաքականության անցնելու դրդապատճառը: Մարդկանց՝ իրենց ուզած թվով երեխաներ ունենալու հնարավորությունն ապահովելուն ուղղված միջոցներն ինքնըստինքյան արժեքավոր են, դրանք բարելավում են մարդկանց բարեկեցությունը և էականորեն մեծացնում երկրների զարգացման ներուժը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամում մենք հասկանում ենք ժողովրդագրական տեղաշարժերի նշանակությունը երկրների ապագան կերտելու հարցում: Մենք աջակցում ենք երկրներին՝ ամրապնդելու իրենց ժողովրդագրական դիմակայունությունը և առավելագույնս օգտագործելու իրենց ունեցած հնարավորությունները:
Որքան շուտ գիտակցենք, որ Եվրոպայի ժողովրդագրական խնդիրների լուծումը ծնելիության աճի մեջ չէ, այնքան շուտ կկարողանանք կենտրոնանալ նրա վրա, ինչն իրականում կարևոր է մայրցամաքի բնակչության ընկալվող ճգնաժամը հաղթահարելու համար. այնպիսի երկիր կառուցելու մեր ունակությունը, որտեղ մարդիկ ցանկանում են մնալ, ապրել և ընտանիք ունենալ: