Արման Թաթոյան. «Մեր իրավունքն է ապրել բռնությունից զերծ հասարակությունում»
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խոսում է Հայաստանում ընտանեկան բռնության և առանց բռնության հասարակություն ունենալու անհրաժեշտության մասին։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են գանգատներ, բողոքներ, որոնք ակնհայտ ունենում են նաեւ ճակատագրական նշանակություն մարդու կյանքի համար։ Առավելեւս էլ չեմ խոսում կնոջ, երեխայի մասին, ում իրավունքների պաշտպանությունից է հաճախ կախված նաեւ նրա համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցերը։
Այդպիսի դեպքերից մեկով մեզ էր դիմել 20-ամյա մի աղջկա հորաքույրը և տեղեկացրել, որ եղբոր դուստրը գտնվում է հոգեբուժարանում, և նրան անհիմն կերպով թույլ չեն տալիս վերադառնալ տուն։ Սա մեզ համար կարևոր ազդակ էր, որ սկսեինք ուսումնասիրություն և իհարկե անհապաղ այց իրականացնել այդ հոգեբուժական հաստատություն։ Մինչ այդ մեզ հորաքույրը աղջկա տեղեկացրել էր, որ քանիցս այցելել է այդ հոգեբուժական հաստատություն, սակայն նրանից պահանջում են, որ աղջկա ծնողները ներկայանան, ավելին, հիմքեր չկան նրան բաց թողնելու համար։ Իսկ ծնողները, ըստ հորաքրոջ, չէին գտնվում Հայաստանի Հանրապետությունում։
Մեր այցը և իրականացված ուսումնասիրությունները, արագ արձագանքման առանձնազրույցները ակնհայտորեն մի պատկեր ցույց տվեցին, որը կարող էր պետական մարմինների, պաշտոնյաների ոչ բարեխիղճ աշխատանքի, ոչ կոմպետենտ աշխատանքի պատճառով ճակատագրական նշանակություն ունենար այդ աղջկա համար։ Մենք այցի արդյունքներով ուսումնասիրություններով պարզեցինք, որ խոսքը գնում է 20-ամյա մի աղջկա մասին, ում ամուսինը պարբերաբար ենթարկում էր բռնության, ծեծի, հոգեբանական բռնության, նաև նրան ընտանիքի անդամներն էին ենթարկում հոգեբանական բռնության, և նա մի օր որոշել էր վերջ տալ իր կյանքին։
Նա գնում է Երևանի կամուրջներից մեկի մոտ՝ մտադրվելով ցած նետվել այդ կամրջից։ Վերջին պահին հրաժարվում է մտադրությունից և զանգահարում է ոստիկանություն։ Ոստիկանությունը ժամանում է այդ վայր՝ որտեղից նա ցանկանում էր ցած նետվել, և նրան տեղափոխում է ոստիկանության բաժին։ Ոստիկանության բաժնում աղջկան ընդունում է հետաքննիչը և տեղեկանալով, որ նա ունի հոգեբանական աջակցության կարիք, հոգեճնշված վիճակում է գտնվում, չգիտես ինչ պատճառներով զանգահարում է շտապօգնության բժշկական ծառայություն։ Շտապօգնության ծառայությունը ժամանում է ոստիկանության բաժին և աղջկան դարձյալ էլի անհայտ պատճառներով տեղափոխում է հոգեբուժարան։
Հոգեբուժարանում արդեն նրան պարտադրում են ինչ-որ փաստաթուղթ ստորագրել։ Հետագայում մենք պարզեցինք, որ այդ փաստաթուղթը պարզապես օգտվելով աղջկա չգիտակցելու հնարավորությունից, հոգեճնշված վիճակից, պարզապես համաձայնություն էր, որ նրա նկատմամբ իրականացնեն բուժում։ Աղջիկը ստորագրում է այդ փաստաթուղթը և հաջորդ օրը իհարկե սկսում է գիտակցել, թե ինչ է իր հետ տեղի ունենում, ինչ վիճակում է հայտնվել, և պահանջում է, որ իրեն ազատ արձակեն։ Նույնիսկ գրավոր է պահանջում, նույնիսկ բանավոր է նաև սկսում պահանջել, բայց շարունակաբար հոգեբուժարանը հրաժարվում է նրան ազատ արձակելուց։ Իհարկե ակնհայտ էր, որ այստեղ չկային այլևս որևէ իրավական հիմքեր աղջկան պահելու, որովհետև ինչպես մենք հետագայում պարզեցինք, նա չափահաս էր, նա գործունակ էր, հետևաբար նրան որևէ հիմք չկար ոչ հոժարակամ բուժում իրականացնելու։ Ավելին ասեմ, նրա այդպիսի համաձայնության բացակայության պայմաններում արդեն սկսել էին ներարկել հոգեբուժական նշանակության դեղեր։
Ընդ որում, ասեմ ձեզ, որ սրանով աղջկա պատմությունն իհարկե չէր սահամանփակվել։ Նախ մենք պահանջեցինք, և նրան բաց թողեցին հոգեբուժական կազմակերպությունից, բայց դրանից հետո նրան ընտանիքում կրկնակի անգամ ևս սկսել էին ճնշման ենթարկել՝ պատճառաբանելով, որ նա հոգեկան հիվանդություն ունեցող մարդ է, շատ կներեք այդ բառի համար՝ «գիժ» է, և էլ ավելի պախարակել, էլ ավելի խարանի ենթարկել։
Դրանից հետո մեզանից իհարկե մեր դիմողը՝ աղջիկը, խնդրել էր հատուկ փաստաթուղթ, հավաստելու համար, որ ինքն իրականում չունի հոգեբուժական հիվանդություն, ավելի ճիշտ որ նրան տեղափոխել էին հոգեբուժական կազմակերպություն ոչ թե այն պատճառով, որ նա հոգեկան խանգարումներ ունի, այլ որ նա ապօրինի է հայտնվել այդտեղ։ Մենք իհարկե մեր իրավասության սահմաններում տրամադրեցինք այդ փաստաթուղթը նրան, բայց դարձյալ սրանով խնդիրը չէր սահմանափակվել։
Աղջկան շարունակել էր զանգահարել ոստիկանության այն ծառայողը, որը պարտավոր էր նրան աջակցել, և սկսել առաջարկել հանդիպել, կամ այլ կերպ ասած՝ սիրահետում էր նրան։ Դա էլ իհարկե ապօրինի էր որովհետև աղջիկը վախեցել էր, մեզ դիմեց այդ հարցով, մենք արագ միջամտեցինք։
Եվ այս գործի ուսումնասիրության արդյունքում մենք պարզեցինք, որ խնդիրներն ունեն թե օրենսդրական, թե պրակտիկ նշանակություն։ Կոնկրետ իրավիճակում ակնհայտ էր, որ աղջիկը հայտնվել էր այս վիճակում և կրկնակի զոհացման էր ենթարկվել այն պատճառով, որ նախ և առաջ մենք չունենք այս ոլորտում օրենսդրություն, որը կարող է այդ ամենը ապահովել։
Դրանից բացի, մեր պաշտոնյաները, համապատասխան պետական մարմինների աշխատակիցները չունեն բավարար կոմպետենտություն։ Նրանց միջև չկա համագործակցություն – սա նույնպես կարևոր է։ Օրինակ՝ հարց էր առաջանում՝ ինչու էր ոստիկանության ծառայողը կանչում շտապօգնության ծառայություն, և շտապօգնության ծառայությունը ինչու էր նրան տեղափոխում հոգեբուժարան, և հոգեբուժարանը ինչու էր անմիջապես կորզում նրանից, թույլ տվեք ասել, այդ համաձայնությունը՝ առանց պարզելու, օրինակ, հոգեբանական աջակցության միգուցե անհրաժեշտությունը, նյութական աջակցության անհրաժեշտությունը։ Միգուցե աղջիկը երեխաներ ուներ՝ մանկահաակ երեխաներ, ովքեր մնացել էին առանց ծնողական խնամքի։ Այլ միանգամից նրան անմիջապես ենթարկել էին հոգեբուժական կազմակերպությունում բուժման։ Դարձյալ նշում եմ՝ իրավական առումով թեև պարտադրել էին նրան տալ համաձայնություն, բայց ըստ էության ստացվել էր, որ այդ համաձայնությունը բացակայում էր, և ստացվել էր, որ այս ամենի պատճառով նրա իրավունքների պաշտպանության փոխարեն լրացուցիչ խախտել էին նրա իրավունքները՝ ապօրինի ազատությունից զրկելով, կրկնակի զոհացման ենթարկելով, նույնիսկ էլ չասեմ, որ հետագայում ոստիկանության ծառայողների անբարեխիղճ գործողությունների մասին։
Իհարկե մենք այս ամենի արդյունքում միջնորդություններ ներկայացրեցինք քրեական գործ հարուցելու հետ կապված։ Մեր միջնորդության հիման վրա առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը խախտումներ հայտնաբերեց բազմաթիվ, և դրա հիման վրա հանձնարարականներ տրամադրեցին և այլն, և մենք հիմա շարունակաբար պայքարում ենք դրա դեմ։ Բայց այս ամենը ևս մեկ կարևոր նշանակության դաս պետք է լինի բոլորի համար՝ հասկանալու, պատկերացնելու համար, որ մենք պետք է ունենանք այս ոլորտում հստակ օրենսդրական կարգավորումներ։
Հարցն այն է, որ այս ընտանեկան բռնության կանխարգելման, կնոջ իրավունքների պաշտպանության հարցերում կարծրատիպերը շատ են, սխալ պատկերացումները շատ են։ Հետևաբար՝ մենք պետք է ունենանք երկու առնվազն կարևորագույն պայման՝ պատշաճ օրենսդրություն և բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Օրենսդրություն ասելով ես նկատի ունեմ ոչ միայն Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները, այլ նաև տարբեր ենթաօրենսդրական ակտերը՝ հրամաններ, կառավարության որոշումներ և այլն։ Իսկ այսօր, մեր փորձը ցույց է տալիս՝ ուսումնասիրությունը, որ դրանք խայտաբղետ են, դրանք բազմաթիվ են, իրար մեջ նաև առկա են հակասություններ։ Հետևաբար նաև պրակտիկ կիրառության տեսանկյունից խնդիրներ են անընդհատ առաջացնում։
Նույնը՝ մասնագիտական կարողությունները։ Եթե մասնագետը չունի բավարար մասնագիտական կարողություններ, բնականաբար չի կարող օրենքը կիրառել։ Ավելին, այս անկատար օրենսդրության պայմաններում կիրառությունը հանգեցնելու է ավելի մեծ խնդիրների։ Եվ դուք տեսաք, որ անգամ ճակատագրական նշանակության կարող են լինել այս հարցերը։
Դրանից բացի, բավարար չէ, որ յուրաքանչյուր պետական մարմին որպեսզի ինքը իրեն անկախ իրականացնի իր աշխատանքը։ Պետք է նրանք համագործակցեն իրար հետ։ Սա է նաև խնդիրը՝ որ նրանց միջև չկա համագործակցություն։ Օրինակ տեսեք՝ այս իմ բերած օրինակում առնվազն երեք պետական մարմին, երեք ծառայություն, իրարից անկախ աշխատելով, իրենց գործողություններով նպաստել են մարդու իրավունքների խախտմանը, որոնք ճակատագրական կարող էին լինել – ոստիկանություն, շտապ բժշկական օգնության ծառայություն և իհարկե՝ հոգեբուժական կազմակերպությունը։
Շատ կարևոր է նկատի ունենալ, որ ընտանիքում բռնության զոհի, կնոջ իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր է պետության նախահարձակ իրավապաշտպան աշխատանքը։ Այսինքն՝ չպետք է պետությունը նստի սպասի դեպք արձանագրելիս մարդը բողոքո՞ւմ է, կամ փորձո՞ւմ է իր իրավունքները պաշտպանել, թե ոչ։ Պետությունը պարտավոր է ակտիվ գործել, որովհետև ունի պոզիտիվ պարտավորություն, և դա նաև պետք է տարածել ողջ պետական ապարատի վրա։ Կարևոր է նաև քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը։ Այսօր, ցավոք սրտի, պետություն-քաղհասարակություն համագործակցությունը կապի առումով արդյունավետ չի աշխատում։
Հետևաբար՝ մենք պետք է կատարելագործենք ՀՀ օրենսդրությունը, մենք պետք է բարձրացնենք շարունակաբար մասնագիտական որակները՝ մեր բոլոր այն պետական մարմիններում ծառայողների մասին է խոսքը, որոնք կարող են որևէ կերպ առնչվել կնոջ, երեխայի կամ առհասարակ ընտանիքում բռնության զոհի հետ։
Մենք պետք է նկատի ունենանք կարևորագույն հանգամանք. բոլոր այն իրավիճակներում, որտեղ մենք ունենք բռնություն, որտեղ շարունակաբար բռնություն է գործադրվում կնոջ նկատմամբ, երեխայի նկատմամբ, և պետությունը պատշաճ կանխարգելիչ միջոցներ չի ձեռնարկում, ապա նախևառաջ մենք չենք կարողանալու ունենալ արդյունավետ պայքար դրա դեմ, բացի այդ՝ ընտանիքում բռնության կանխարգելման տեսանկյունից ընտանեկան արժեքների պաշտպանության հարցում նույնպես ունենալու ենք խեղումներ։
Ուզում եմ հատուկ նշել, որ կնոջ իրավունքների պաշտպանությունը, ընտանիքում բռնության կանխարգելումը որևէ կերպ չի կարելի հակադրել ընտանեկան արժեքների պաշտպանությանը։ Որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան՝ ինձ համար կարևորագույն նշանակություն ունի ընտանիքը։ Ընտանիքը մեր հասարակության հիմնական բնականոն բջիջն է։ Ընտանիքի հիման վրա է կառուցվում մեր երկիրը, մեր հասարակության ամրությունը։ Բայց դրա հետ մեկտեղ, եթե մենք ունենք բռնություն ընտանիքում, մենք երբեք չենք կարող ունենալ առողջ հասարակություն։ Երեխայի դաստիարակության, կրթության համար ավելի լավ վայր, քան ընտանիքն է, դժվար է գտնել, անհնար է, ես կարծում եմ գտնել, անգամ ամենալավ հաստատությունում։ Իսկ կնոջ նկատմամբ բռնության արդյունքնում է, որ, օրինակ, երեխան կարող է հայտնվել ինչ-որ հաստատությունում, մնալ ծնողազուրկ, առանց ծնողական խնամքի։ Ընտանեկան արժեքների խաթարման պայմաններում անհնար է առհասարակ խոսել ամուր ընտանիքի մասին։
Հետևաբար, եթե մենք ուզում ենք ունենալ ամուր ընտանիք, առողջ հասրակություն և հզոր պետություն, մենք պետք է դադարենք բռնություն գործադրելը, պետք է բացառենք նվաստացնելը կնոջը կամ երեխային։ Ուժեղ մարդը երբեք բռնության չի ենթարկում ու չի նվաստացնում։ Ուժեղ է այն մարդը, ով ապրում է առողջ հասարակությունում, ամուր պետությունում, որը զերծ է բռնությունից։
***
Հոլովակը նկարահանվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։