Միասին՝ ընդդեմ կորոնավիրուսի. ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է մասնագիտական օգտագործման պաշտպանիչ պարագաներ առաքել Հայաստան
28 մայիսի 2020
Նկարագրություն՝ Մայիս ամսին ՅՈՒՆԻՍԵՖ-ը «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող անչափահաս երեխաներին է տրամադրել թվով 79 կրթական նյութ, այդ թվում ՝ գրքեր, դասագրքեր և բառարաններ, սեղանի խաղ:
Հանրությանը, դոնորներին և մասնավոր հատվածին ուղղված մեր կոչը շարունակվում է՝ հանգանակե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին և օգնե՛ք պայքարել ճգնաժամի դեմ:
Քանի որ ՔՈՎԻԴ-19 համավարակը շարունակվում է տարածվել, ՅՈՒՆԻՍԵՖ-ը գնումներ է իրականացնում և Հայաստան առաքում կենսական անհրաժեշտության պարագաներ, այդ թվում՝ անհատական պաշտպանության միջոցներ: Ապրանքների վերջին խմբաքանակը ներառում է տարբեր չափսերի վիրաբուժական հագուստ և արտահագուստ, դիմակներ և մեկանգամյա օգտագործման գոգնոցներ, որոնք տրամադրվելու են առողջապահության նախարարությանը:
«Թեև բռնկման տեմպն ու ծավալները անթիվ-անհամար մարտահրավերներ են առաջացնում, մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի կարիք ունեցողներին ապահովենք խիստ անհրաժեշտ պարագաներով», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Բուժաշխատողների պաշտպանությունը շարունակում է գերակա առաջնահերթություն լինել: Նրանք առաջնագծի հերոսներն են, որոնք անտրտունջ խնամք և աջակցություն են ցուցաբերում այս աննախադեպ համաշխարհային ճգնաժամից տուժած երեխաներին և ընտանիքներին»:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ կառավարությանը տրամադրել է 79,800 ձեռնոց, 23,200 դիմակ, 4,600 բժշկական համազգեստ, 1,235 լիտր ձեռքերի ախտահանիչ գել, 900 պաշտպանիչ բժշկական արտահագուստ, 543 լիտր ախտահանող հեղուկ: Ապրանքները տրամադրվել են առողջապահության նախարարությանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ինպես նաև՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին՝ նպատակ ունենալով պաշտպանել առաջնագծում աշխատողներին, այդ թվում՝ բուժաշխատողներին, սոցիալական աշխատողներին, ոստիկանության ծառայողներին, ինչպես նաև՝ շուրջօրյա խնամքի հաստատություններում ապրող երեխաներին և պրոբացիայի շահառու և ազատությունից զրկված երեխաներին:
Ապրիլ ամսվա վերջին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրամադրել է նաև 200 պլանշետ, որոնցից 122-ը՝ Ամերիաբանկի ֆինանսավորմամբ՝ նպատակ ունենալով աջակցել առցանց ուսուցման հնարավորություն չունեցող երեխաներին:
Մայիս ամսին ՅՈՒՆԻՍԵՖ-ը «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող անչափահաս երեխաներին է տրամադրել թվով 79 կրթական նյութ, այդ թվում ՝ գրքեր, դասագրքեր և բառարաններ, սեղանի խաղ:
Հայաստանի առաջնագծում աշխատողներին հետագայում ևս աջակցելու համար, ինչպես նաև նախակրթարաններին և դպրոցներին հասնելու հնարավորություն ունենալու նպատակով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում գործընկերներին, քաղաքացիներին և մասնավոր հատվածի ընկերություններին ներգրավվել, տարածել մեր կոչն ու հանգանակել ՅՈՒՆԻՍԵՖ-ին մեր կայքէջի միջոցով կամ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բանկային հաշվին փոխանցման միջոցով 21700 001-051986-050 (ՀՀ դրամ), 21700 001-051986-150 (ԱՄՆ դոլար):
«Թեև դժվար ժամանակներ ենք ապրում բոլորս, հիմա, առավել քան երբևէ, մենք ապավինում ենք ձեզնից յուրաքանչյուրին՝ ամենախոցելի երեխաներին հասնելու մեր առաքելությունն իրականացնելու համար», - ավելացրել է Տանյա Ռադոչայը։
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ
Help us improve your experience.
We are upgrading this website platform to make it clearer,
faster and more accessible.
Can you take a two-minute survey to share your feedback and help shape this upgrade?