Անվտանգ խմելու ջրի համընդհանուր հասանելիությունը պահանջում է ավելի մեծ ներդրումներ և ամուր պետական հաստատություններ. ԱՀԿ, ՅՈՒՆԻՍԵՖ, Համաշխարհային բանկ
28 հոկտեմբերի 2022
- Ըստ Խմելու ջրի պաշարների վիճակն աշխարհում զեկույցի՝ վերջին երկու տասնամյակում ավելի քան 2 միլիարդ մարդու հասանելի է դարձել անվտանգ խմելու ջուրը։
ԺՆԵՎ/ՆՅՈՒ ՅՈՐՔ/ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28-ը հոկտեմբերի, 2022 թ. - Ըստ ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Համաշխարհային բանկի հրապարակված զեկույցի, կառավարությունները պետք է ռազմավարական ներդրումներ կատարեն հօգուտ անվտանգ խմելու ջրի համակարգերի կառուցման՝ ոչ միայն ավելացնելով ֆինանսավորումը, այլև ամրապնդելով կարողությունները ծառայությունների մատուցման պլանավորման, համակարգման և կարգավորման ուղղությամբ, եթե աշխարհը նպատակ ունի հասնելու անվտանգ խմելու ջրի համընդհանուր հասանելիության և մեղմելու կլիմայի փոփոխության հետևանքները:
Ըստ Խմելու ջրի պաշարների վիճակն աշխարհում (The State of the World’s Drinking Water) զեկույցի, վերջին երկու տասնամյակում ավելի քան 2 միլիարդ մարդու հասանելի է դարձել անվտանգ խմելու ջուրը: Այս առաջընթացը, թեև դրական, այնուամենային փխրուն և անհավասար է, քանի որ աշխարհի բնակչության մեկ քառորդին թողել է հետևում: Կլիմայի փոփոխությունը մեծացնում է երաշտների և ջրհեղեղների հաճախականությունն ու ուժգնությունը, որոնք խորացնում են ջրի անապահովությունը, խաթարում են մատակարարումները և ավերում համայնքները: Միևնույն ժամանակ, արագ տեմպերով ընթացող ուրբանիզացիան ծանրաբեռնում է ոչ ֆորմալ և աղքատ համայնքներում ապրող միլիոնավոր մարդկանց ջուր մատակարարելու քաղաքային կարողությունները:
«Անվտանգ խմելու ջրի հասանելիության ապահովումը բազմաթիվ կյանքեր է փրկում, որոնց մեծ մասը երեխաներ են: Բայց կլիմայի փոփոխությունը ի չիք է դարձնում այդ ձեռքբերումները», - նշել է ԱՀԿ-ի Շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և առողջապահության բաժնի տնօրեն, բժիշկ Մարիա Նեյրան (Maria Neira): «Մենք պետք է արագացնենք մեր քայլերը՝ ապահովելու համար, որ յուրաքանչյուր մարդու հասանելի լինի անվտանգ խմելու ջուր. դա մարդու իրավունք է, այլ ոչ թե՝ շքեղություն»:
Զեկույցը ջրի, առողջապահության և զարգացման միջև կապերի համապարփակ վերլուծություն է տալիս՝ կառավարությունների և գործընկերների համար կիրառելի առաջարկություններով և օրինակներով, թե ինչպես կարող են պետությունները նպաստել Կայուն զարգացման նպատակին (ԿԶՆ)՝ մինչև 2030 թվականը անվտանգ և մատչելի խմելու ջրի համընդհանուր և հավասար հասանելիություն ապահովելու համար:
«Ջրի և ջրահեռացման ոլորտում ներդրումները կարևոր նշանակություն ունեն առողջապահության, տնտեսական աճի և շրջակա միջավայրի համար: Առողջ երեխաները դառնում են առողջ մեծահասակներ, որոնք այնուհետև ավելի շատ են նպաստում տնտեսության և հասարակության զարգացմանը», - նշել է Համաշխարհային բանկի խմբի Ջրի համաշխարհային պրակտիկայի հարցերով տնօրեն Սարոջ Կումար Ջան (Saroj Kumar Jha): «Այս սկզբունքը Համաշխարհային բանկի Մարդկային կապիտալի ծրագրի հիմքում է: Կառավարությունները և մասնավոր հատվածը պետք է հիմա վճռական քայլեր ձեռնարկեն՝ արագացնելու ներառական և կայուն ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններին ուղղված ջանքերը ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական վայրերում»:
Մինչև 2030թ. անվտանգ և մատչելի խմելու ջրի համընդհանուր և հավասար հասանելիություն ապահովելու համար կառավարությունները պետք է կտրուկ կերպով ընդլայնեն խմելու ջրի հարցի լուծման քաղաքական հանձնառությունը և քառապատկեն ներդրումները: Զեկույցը համապարփակ առաջարկություններ է տալիս կայուն բարելավումներ իրականացնելու ուղղությամբ, որոնք վերաբերում են ենթակառուցվածքներին, կառավարմանը, ֆինանսներին, կարողությունների զարգացմանը, տվյալներին և տեղեկատվությանը, ինչպես նաև նորարարությանը. այս ամենը կարելի է կյանքի կոչել նույնիսկ սահմանափակ բյուջեների առկայության պայմաններում:
Հիմնական առաջարկություններն են՝
- Ամրապնդել առկա ինստիտուտները՝ լրացնելով բացերը, հեշտացնելով համակարգումը, ստեղծելով օրենսդրությունն ու ծառայությունների որակը կարգավորող դաշտ և ապահովելով դրա գործունեությունը:
- Շեշտակի ավելացնել ֆինանսավորումը բոլոր աղբյուրներից, որպեսզի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություն մատուցողները կարողանան բարելավել իրենց աշխատանքի արդյունավետությունն ու կատարողականը, իսկ կառավարությունները ապահովեն կայուն և թափանցիկ վարչական, կարգավորիչ և քաղաքական դաշտ:
- Ջրային ոլորտում կարողությունների զարգացում. զարգացնել ընդունակ և մոտիվացված աշխատուժ՝ նորարարության և համագործակցության վրա հիմնված կարողությունների զարգացմանն ուղղված մոտեցումների միջոցով:
- Ապահովել համապատասխան տվյալների և տեղեկատվության հասանելիությունը խմելու ջրի ծառայությունների անհավասար մատակարարման հարցերն ավելի լավ հասկանալու և ապացուցահեն որոշումներ կայացնելու համար:
- Խրախուսել նորարարությունն ու փորձարարությունը նպաստավոր քաղաքականության և կարգավորումների միջոցով, որը կուղեկցվի մանրակրկիտ մոնիտորինգով և գնահատմամբ:
«Ոչ մի երեխա չպետք է կեղտոտ ջուր խմելու ընտրության առջև կանգնի՝ երեխաների մահվան գլխավոր պատճառներից մեկը,- կամ ջուր բերելու համար վտանգավոր ճանապարհներ անցնի՝ դուրս մնալով կրթությունից», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջրի, սանիտարական և հիգիենայի, ինչպես նաև կլիմայի, շրջակա միջավայրի, էներգետիկայի և աղետների ռիսկերի նվազեցման հարցերով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Այդան Քրոնինը (Aidan Cronin): «Մատչելի և անվտանգ խմելու ջուրը առողջ, կրթված և բարգավաճ երեխաներ ունենալու հիմնասյունն է»:
Իրավիճակը Հայաստանում՝
Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի համաձայն 2021-2022 ուսումնական տարում՝ շուրջ 4000 աշակերտ, այն է ՝ աշակերտների 1 տոկոսը, և 600 ուսուցիչ, այն է՝ ուսուցիչների 1.6 տոկոսը 70 (5 տոկոս) դպրոցներում, չունեն ջրի հասանելիություն (թե' խմելու, թե' ձեռքերը լվանալու համար) և գրեթե 3600 աշակերտ, այն է՝ աշակերտների 0.9 տոկոսը և 500 ուսուցիչ, այն է՝ ուսուցիչների 1.3 տոկոսը ՀՀ 50 դպրոցներում չունեն ոչ ջրի, ոչ սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիություն:
2022 թվականի սեպտեմբերին ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախաձեռնել է ՀՀ հանրային նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների վիճակի գնահատման վերաբերյալ ուսումնասիրություն: Ուսումնասիրության և ստացված փաստերի հիման վրա ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ միասին լուծումներ կառաջարկի առկա բացերը լրացնելու ուղղությամբ, որոնք կհամապատասխանեն դպրոցական տարբեր կարիքներին, այդ թվում նաև՝ սանհանգուցային սարքավորումների մոդելների դիզայնի ու ծախսերի, ինչպես նաև ազգային չափորոշիչների և ծրագրերի արդիականացման վերաբերյալ: