ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլան
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հրապարակել է իր՝ ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլանը (ՍՏԱՎՊ), որը ներկայացնում է Հայաստանում համավարակի դեմ պայքարի ՄԱԿ-ի տեսլականը: Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական հետևանքներն արդյունավետ լուծելու նպատակով՝ պլանն առաջարկում է ներառական մոտեցում, որը հնարավորություն կընձեռի փրկել կյանքեր, չանտեսելով ոչ մեկին՝ պաշտպանել մարդկանց և համայնքները՝ միաժամանակ վերականգնվելով ավելի լավ հիմունքներով: Պլանը մշակվել է ՄԱԿ-ի հայաստանյան թիմի կողմից՝ ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններից հետո:
Պլանը կազմվել է ՄԱԿ-ի համաշխարհային շրջանակի կառուցվածքի հիման վրա՝ կենտրոնանալով ռազմավարական 5 հիմնասյուների վրա՝ 1) առողջապահություն, 2) բնակչության պաշտպանություն, 3) տնտեսական արձագանք և վերականգնում, 4) մակրոտնտեսական արձագանք և բազմակողմ համագործակցություն, 5) սոցիալական համախմբվածություն և կայուն համայնքներ: Բացի այդ, Պլանը ներառում է համավարակի հետևանքների լուծմանն ուղղված երեք տեսակի ծրագրային արձագանք՝ 1) ընթացիկ ծրագրեր, որոնք արագ վերապրոֆիլավորվել են՝ արձագանքելու ՔՈՎԻԴ-19 ճգնաժամին, 2) նոր ծրագրեր, որոնք արդեն իսկ իրականացման փուլում են, և 3) առաջարկվող ծրագրեր, որոնք կազմում են առաջնահերթ գործողությունների շարք՝ անհրաժեշտ երկրի և բնակչության վրա ՔՈՎԻԴ-19-ի բացասական ազդեցությունը հաղթահարելու համար:
«Մենք անչափ գնահատում ենք ՀՀ կառավարության և մեր բոլոր դոնոր գործընկերների աջակցությունը՝ այս Պլանը այդքան հրատապ գործարկելու համար: ՄԱԿ-ի տասներկու գործակալությունները, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ միասին, համախմբվեցին՝ համաշխարհային լավագույն փորձը հայկական համատեքստում իրագործելու համար՝ ընդգծելով հրատապ կարիքները և մինչ օրս գրանցած կարևոր ձեռքբերումները, ինչպես նաև՝ միջնաժամկետ հեռանկարում առկա բացերը: Այս ամենի նպատակն է՝ օգնել մարդկանց հաղթահարել համավարակը և դրանից դուրս գալ ապագայի ճգնաժամերի հանդեպ ավելի դիմացկուն համայնքներով և ազգային համակարգերով: Մենք մեր ուշադրության կենտրոնում ենք պահել սոցիալական պաշտպանությունը, փոքր և միջին բիզնեսները, գենդերային հավասարությունը, շրջակա միջավայրը և կանաչ աճը՝ Կայուն զարգացման նպատակների և Հայաստանի վերափոխման նոր ռազմավարության ձեռքբերման ճանապարհին կարևոր գործընթացներն արագացնելու նպատակով», - ընդգծեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը:
Սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլանը մշակվել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ընդհանուր ղեկավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեխնիկական ղեկավարության ներքո և առաջնորդվում է ազգային առաջնահերթություններով և կարիքներով, ինչպես նաև՝ հիմնվում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմի և գործընկերների կողմից իրականացված սոցիալական և տնտեսական հետևանքների գնահատումների վրա: Պլանը ներկայացնում է վերականգնման ինտեգրված մոտեցում, որը համատեղում է ՄԱԿ-ի զարգացման համակարգի փորձագիտական ներուժը և ռեսուրսները, ներառյալ՝ Հայաստանում ներկայացված ՄԱԿ-ի 12 գործակալությունները և երկու Տարածաշրջանային տնտեսական հանձնաժողովները՝ զարգացման գործընկերների հետ համագործակցությամբ: Պլանը նաև հիմնվել է ՄԱԿ-ի կողմից իրականացված մի շարք գնահատումներից ստացված ապացույցների և եզրակացությունների վրա, հատկապես՝ սույն թվականի սեպտեմբերին ավարտված ՔՈՎԻԴ-19 սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման (ՍՏԱԳ) զեկույցի վրա, որն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարության ներքո:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլանը մշակվել է Հայաստանի՝ ՔՈՎԻԴ-19 համավարակին արձագանքելու կարևոր պահի: «Այն իրենից ներկայացնում է գործնական շրջանակ, որն անդրադառնում է և՛ ճգնաժամին անհապաղ արձագանքմանը՝ ներառյալ արդեն իսկ ձեռք բերած նվաճումները, և՛ ավելի լավ հիմունքներով վերականգնման համար անհրաժեշտ երկարաժամկետ կարիքներին: Քանի որ մենք ներկայումս մշակում ենք վերականգնման մեր միջնաժամկետ ծրագիրը, Հայաստանի կառավարությունը ողջունում է ՄԱԿ-ի փոխլրացնող ջանքերը և ձգտելու է հիմնվել դրանց վրա՝ մեր՝ զարգացման այլ միջազգային գործընկերների հետ միասին: ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների դեմ համատեղ պայքարը կարևոր քայլ է դեպի Հայաստանում կայուն զարգացման ընդհանուր տեսլականը», - ավելացրեց փոխվարչապետը:
Պլանում նկարագրված ռազմավարական ուղղությունները և ծրագրերն ընդգրկում են առաջիկա 12-18 ամիսները՝ կենտրոնանալով վիրուսի տարածումը կանխելու և համավարակը դադարեցնելու նպատակով անհապաղ առողջապահական արձագանքի վրա և անդրադառնալով կարճաժամկետ սոցիալական, տնտեսական և մարդասիրական կարիքներին: Միևնույն ժամանակ, Պլանը կենտրոնանում է ավելի միջնաժամկետ և երկարաժամկետ սոցիալական, տնտեսական և առողջապահական հետևանքների վրա՝ փորձելով առաջնահերթ լուծել ամենախոցելիների կարիքները:
Մինչ Սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլանի բյուջեն կազմում է 33.1 միլիոն ԱՄՆ դոլար, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և դոնոր գործընկերների համատեղ ջանքերի շնորհիվ, անհրաժեշտ ֆինասավորման չափը կազմում է 15.2 միլիոն ԱՄՆ դոլար: Մինչ օրս հաջողությամբ վերապրոֆիլավորվել են ընդհանուր շուրջ 2.7 միլիոն ԱՄՆ դոլար բյուջեով ընթացիկ ծրագրեր, ևս 15.2 միլիոնը արդեն իսկ հավաքագրվել է նոր ծրագրերի համար, որոնք կաջակցեն ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման և վերականգնմանն ուղղած ջանքերին:
Սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլանը ներկայացվել է Կառավարությանը և միջազգային գործընկերներին Զարգացման գործընկերների համակարգման հարթակի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին: Հանդիպումը համանախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:
Պլանը նաև յուրահատուկ կամուրջ է դեպի առաջիկա ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակ, որն ուրվագծում է Հայաստանում 2021-2025 թթ-ին ՄԱԿ-ի գործունեությունը և աջակցությունը Կառավարությանը՝ երկրի երկարաժամկետ զարգացման համար: