Մամուլի հաղորդագրություն

Ուսուցիչները և աշակերտները բնապահպանության թեմայով նախագծեր են իրականացնում Հայաստանի 6 մարզում

30 հունիսի 2023

  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Այբ» կրթական հիմնադրամն ամփոփեցին Հայաստանի 6 մարզում նախագծային ուսուցումը կիրառելու առաջին մեծածավալ աշխատանքների արդյունքները, որոնք ուղղված էին կլիմայի փոփոխության և բնապահպանական խնդիրների լուծմանը։

Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ իրականացվող նախաձեռնության նպատակը 7-11-րդ դասարանների ուսուցիչներին նախագծային ուսուցման և կլիմայի փոփոխության հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներով վերազինելն էր՝ Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Վայոց ձորի համայնքներում ծառացած բնապահպանական խնդիրների լուծման  նպատակով։

«Բնապահպանական խնդիրների և կլիմայի փոփոխության մասին ավելի ու ավելի իրազեկ լինելը չափազանց կարևոր է։ Կլիմայի փոփոխությունը դեռևս կարող է ընկալվել որպես հեռավոր ապագայի խնդիր, բայց այն շատ իրական է և արդեն շոշափելի շատ առումներով: Ոչ ոք ավելի շատ չի տուժում փոփոխվող կլիմայից և դրա հետևանքներից,որքան երեխաները և դեռահասները, այդ իսկ պատճառով շատ կարևոր է նրանց ներգրավել կլիմայի փոփոխման մեղմման գործողություններում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ողջունում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կարևոր որոշումը՝  կանաչ կրթությունը կրթության պետական զարգացման ծրագրում մինչև 2030 թվականը ներառելու և կլիմայի փոփոխությունն ու կանաչ հմտությունները պետական կրթական ծրագրում որպես միջառարկայական թեմա ներառելու մասին», - նշել է, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին:

Ծրագրի շրջանակում 6 մարզի 272 բնակավայրից շուրջ 376 ուսուցիչ ակտիվ մասնակցեցին հատուկ իրենց համար մշակված դասընթացների՝ նախագծային ուսուցման մեթոդների բովանդակության և կառուցվածքի մասին առավել խոր պատկերացում կազմելու նպատակով։ 5 ամսվա հագեցած առցանց և դեմ առ դեմ վերապատրաստումների ընթացքում ուսուցիչներին հաջողվեց խորապես յուրացնել նախագծային ուսուցման քայլերը և, ի հայտ բերելով սեփական գաղափարները, աշակերտների հետ աշխատել դրանց զարգացման ուղղությամբ։ Արդյունքում փորձառու մենթորների առաջնորդությամբ ուսուցիչները հաջողությամբ կիրառեցին ձեռք բերած գիտելիքները և 2015 աշակերտների  ներգրավեցին իրենց տարածաշրջանին բնորոշ 275 բնապահպանական նախագծերի իրականացման գործընթացում։

««Այբ» կրթական հիմնադրամում մենք շարունակաբար նախագծում, տեղայնացնում և իրականացնում ենք աշխարհի լավագույն ուսուցման մոտեցումները՝ խորապես հավատարիմ մնալով մեր երկրում բարձրորակ կրթություն տարածելու մեր առաքելությանը: «Այբ»-ը նախագծային ուսուցման բացառիկ փորձ ունի։ 2015 թվականից այն բարձր արդյունավետությամբ կիրառվում է «Այբ» դպրոցում և «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի առանցքային բաղադրիչներից մեկն է: Ես հավատացած եմ, որ ուսուցիչներին գիտելիքով զինելը կհանգեցնի նրանց շարունակական զարգացմանը, կօգնի նրանց ձևավորելու նոր մտածելակերպ և յուրացնելու նոր մոտեցումներ։ Հիմա ավելի քան վստահ եմ, որ ձեռք բերած հմտություններն ու փորձը կօգնեն նրանց սեպտեմբերին կրթական նոր չափորոշիչների ներդրման հարցում», - նշել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը։

Փակման արարողության ժամանակ և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները ցուցադրեցին իրենց նախագծային աշխատանքի արդյունքները։ Նախագծերը վերաբերում էին տարատեսակ բնապահպանական խնդիրների, ինչպիսիք են թափոնների տեսակավորումն ու վերամշակումը, անտառահատումները, հանքարդյունաբերության արտանետումների վնասակար ազդեցությունները և այլն։

«Անտառահատումները շատ լուրջ խնդիր են մեր գյուղի համար։ Հատկապես այս տարի դրա ծավալներն է՛լ ավելի են մեծանում՝ շոշափելի բացասական ազդեցություն ունենալով շրջակա միջավայրի վրա։ Հետագա վնասները կանխելու համար մենք աշակերտների հետ միասին նախագիծ ենք մշակել՝ դպրոցի մոտ այգի ունենալու նպատակով»,- նշել է Սյունիքի մարզի Դարբաս գյուղի ուսուցիչ Տիգրան Հովսեփյանը։

Նույն խնդրի շուրջ աշխատող մեկ այլ թիմ՝ Նահապետավան գյուղից (Շիրակի մարզ) դպրոցի հարակից տարածքում տնկել է 100 ծառ։

 «Մեր նպատակն էր լուծել օդի աղտոտվածության խնդիրը, որի պատճառը քաղաքում այրված աղբի ծուխն է։ Որպես լուծում մենք առաջ բերեցինք կարգավորման մի քանի ուղիներ՝ առաջարկելով թափոնների տեսակավորման և վերամշակման ժամանակակից եղանակներ: 15 ուսանողների հետ միասին աշխատել ենք երեք հիմնական ուղղություններով՝ խնդրի ուսումնասիրություն, դրա մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում և լուծումների առաջարկում։ Մենք նաև մի քանի դասընթաց կազմակերպեցինք Եղեգնաձորի որոշ բնակիչների և մեր դպրոցի աշակերտների համար՝ ցույց տալով թափոններն այրելու փոխարեն դրանց օգտագործման այլ եղանակներ: Օրինակ, թղթե թափոնների օգտագործմամբ մենք պատրաստել ենք աղբամաններ և տեղադրել դրանք դպրոցում: Նախագիծն ինքնին մեծ ազդեցություն ունեցավ մեզ վրա։ Հիմա մենք իրերին այլ կերպ ենք նայում և հստակ գիտենք, որ պատասխանատվություն են կրում այն միջավայրի համար, որում ապրում ենք»,- պատմեցին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները։

Zara Sargsyan

Զառա Սարգսյան

ՅՈՒՆԻՍԵՖ
Հաղորդակցության բաժնի ղեկավար

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ