Ամփոփելով COP27 -ը. Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նախանշել են համագործակցության հետագա ուղիները
07 դեկտեմբերի 2022
Զարգացման գործընկերները ներկայացրին կլիմայական գործողություններում տրամադրված աջակցությունը և պատրաստակամություն հայտնեցին զարգացնել համագործակցությունը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ կայացել է ամփոփիչ աշխատաժողով՝ քննարկելու 2022 թ. նոյեմբերի 6-ից նոյեմբերի 20-ը Շարմ Էլ Շեյխում անցկացված ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի (COP27) արդյունքներն ու հիմնական միջոցառումները։
Աշխատաժողովը համախմբել էր ՀՀ կառավարության, զարգացման գործընկերների և ՄԱԿ-ի կառույցների ներկայացուցիչներին, ովքեր քննարկել են համաժողովում ընդունված որոշումների իրականացման շրջանակներում Հայաստանի կառավարությանը տրամադրվող աջակցության համակարգմանը վերաբերող հարցեր:
Մասնակիցները մտքեր են փոխանակել COP27-ի արդյունքներին, կլիմայի փոփոխությանը և դրա ազդեցությունների վերաբերյալ ազգային առաջնահերթությունների սահմանմանը, ինչպես նաև ազգային պարտավորությունների կատարմանը և հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ։
ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Քրիսթինե Վայգանդը իր խոսքում նշեց.
«Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու համար պետք է ներդրումներ անենք տարբեր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև պետական և մասնավոր ֆինանսական հոսքեր, նոր տեխնոլոգիաներից մինչև բնապահպանական կրթություն և բնապահպանական ակտիվություն: Սա պահանջում է ինչպես արդյունավետ համակարգում, այնպես էլ խոցելի խմբերի մտահոգությունները որպես առաջնահերթություն դիտարկելն ու ուշադրության կենտրոնում պահելը»:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը հանդես եկավ COP27-ում Հայաստանի մասնակցության վերաբերյալ զեկույցով` ընդգծելով հայկական պատվիրակության նախաձեռնողական մասնակցությունը: Մասնավորապես տեղեկացվեց, որ COP-ի բարձրագույն մակարդակում Հայաստանը նպաստել է Արևելյան Եվրոպայի խմբի աշխատանքներին և COP27-ի բանակցություններին, ինչպես նաև ներկայացվել է Հայաստանի «Երկամյա առաջընթացի երրորդ զեկույցը» ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայով նախատեսված հաշվետվության պահանջների շրջանակում: Փոխնախարարը, անդրադառնալով զարգացվածության տարբեր մակարդակ ունեցող երկրների վրա կլիմայական փոփոխության ազդեցությանը, կարևորել է «Վնասներ և կորուստներ» հիմնադրամի ստեղծումը, որ ֆինանսական աջակցություն է տրամադրելու կլիմայի փոփոխությամբ պայմանավորված երկրների կրած վնասները, կորուստները վերականգնելու համար։
Միջազգային և ազգային այլ գործընկերներ նույնպես ներկայացրին երկրում կլիմայական գործողություններում իրենց կողմից տրամադրված աջակցության մանրամասները և պատրաստակամություն հայտնեցին հետագա համագործակցության և հանձնառությունների կատարման ուղղությամբ:
Շրջակա միջավայրի փոխնախարարը բարձր է գնահատել զարգացման գործընկերների և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը՝ ընդգծելով Հայաստանում կլիմայի փոփոխության և դրա ազդեցության դեմ պայքարի ջանքերի համակարգման կարևորությունը։
2023 թվականին նախատեսվում է նմանատիպ հանդիպում անցկացնել՝ քննարկելու Հայաստանի գործողությունների ծրագիրը՝ ուղղված կլիմայի փոփոխության ազդեցություններին: