Մինչ աշխարհը պատրաստվում է նշել Կանանց միջազգային օրը, կանանց իրավունքների ոլորտում զարգացման վեկտորը հետ է շարժվում։ Ի վերջո, տուժում են բոլորը։
Վերջին տարիների կասկադային ճգնաժամերը ցույց տվեցին, որ կանանց առաջնորդությունն ավելի կարևոր նշանակություն ունի, քան երբևէ։
Կանայք հերոսաբար դիմակայել են COVID-19 համավարակին՝ որպես բժիշկներ, բուժքույրեր և հանրային առողջապահության և սոցիալական խնամքի աշխատողներ:
Միևնույն ժամանակ, կանայք և աղջիկներն առաջինն են եղել, որ կորցրել են աշխատանքն ու կրթությունը, ավելի շատ չվարձատրվող խնամքի աշխատանք են կատարել և բախվել են տնային և կիբեր չարաշահումների ու մանկական ամուսնությունների բարձր մակարդակի:
Համավարակն էլ ավելի ընդգծեց մի դարավոր ճշմարտություն. հայրիշխանության արմատները խորն են: Մենք դեռ ապրում ենք մի աշխարհում, որտեղ գերիշխում են տղամարդիկ, և գերակշռում է տղամարդակենտրոն մշակույթը:
Արդյունքում, լավ կամ վատ ժամանակներում կանայք ավելի հավանական է, որ հայտնվեն աղքատության մեջ: Նրանց առողջապահական խնամքը զոհաբերվում է, իսկ կրթությունն ու հնարավորությունները՝ կրճատվում:
Եվ այն երկրներում, որտեղ հակամարտությունները շարունակվում են, ինչպես տեսնում ենք՝ Եթովպիայից Աֆղանստան ու Ուկրաինա, կանայք և աղջիկները ամենախոցելի, բայց նաև ամենաազդեցիկ ձայներն են խաղաղության համար:
Երբ նայում ենք ապագային, բոլորի համար կայուն և հավասար վերականգնումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դա լինի ֆեմինիստական վերականգնում, որի կենտրոնում կլինի աղջիկների և կանանց առաջընթացը:
Մենք տնտեսական առաջընթացի կարիք ունենք կանանց կրթության, զբաղվածության, վերապատրաստման և արժանապատիվ աշխատանքի ոլորտում նպատակաուղղված ներդրումների միջոցով։
Կանանց պետք է առաջնահերթություն տրվի 400 միլիոն աշխատատեղերի դիմելու հարցում, որոնք կոչված ենք ստեղծելու մինչև 2030 թվականը:
Մեզ անհրաժեշտ է սոցիալական առաջընթաց՝ սոցիալական պաշտպանության համակարգերում և խնամքի տնտեսության ոլորտում ներդրումներ անելու միջոցով: Նման ներդրումները հսկայական շահաբաժիններ են տալիս, ստեղծելով կանաչ, կայուն աշխատատեղեր, միաժամանակ աջակցելով օգնության կարիք ունեցող մեր հասարակությունների անդամներին, ներառյալ երեխաներին, տարեցներին և հիվանդներին:
Մեզ անհրաժեշտ է ֆինանսական առաջընթաց՝ բարեփոխելու բարոյապես սնանկացած համաշխարհային ֆինանսական համակարգը, որպեսզի բոլոր երկրները կարողանան ներդրումներ կատարել կնոջ վրա կենտրոնացած տնտեսական վերականգնման մեջ: Սա ներառում է պարտքերի նվազեցում և ավելի արդար հարկային համակարգեր, որոնք ամբողջ աշխարհում հարստության հսկայական ալիքներն ուղղում են նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:
Մեզ անհրաժեշտ են հրատապ, փոխակերպող կլիմայական գործողություններ՝ ետ մղելու արտանետումների անշրջահայաց աճը և գենդերային անհավասարությունները, որոնք անհամաչափ խոցելի են դարձրել կանանց և աղջիկներին: Զարգացած երկրները պետք է անհապաղ կատարեն իրենց պարտավորությունները ֆինանսական և տեխնիկական աջակցության հետ կապված՝ հանածո վառելիքից արդար անցման համար: Ապագայի հաջողակ, կայուն տնտեսությունները կլինեն կանաչ, գենդերային և կայուն:
Մեզ պետք են ավելի շատ կին ղեկավարներ կառավարությունում և բիզնեսում, ներառյալ ֆինանսների նախարարները և գործադիր տնօրենները, ովքեր մշակում և իրականացնում են կանաչ և սոցիալապես առաջադեմ քաղաքականություն, որն օգուտ է բերում իրենց ողջ ժողովրդին:
Օրինակ, գիտենք, որ ավելի շատ կանանց ներգրավվածությունը խորհրդարաններում կապված է կլիմայի ավելի ուժեղ պարտավորությունների և առողջապահության ու կրթության ոլորտներում ներդրումների ավելի բարձր մակարդակի հետ:
Մեզ անհրաժեշտ է քաղաքական առաջընթաց՝ նպատակաուղղված միջոցառումների միջոցով, որոնք ապահովում են կանանց հավասար առաջնորդությունը և ներկայացվածությունը քաղաքական որոշումների կայացման բոլոր մակարդակներում՝ հստակ գենդերային քվոտաների միջոցով:
Գենդերային անհավասարությունն ըստ էության ուժի հարց է։ Դարերի հայրիշխանությունը արմատախիլ անելը ենթադրում է, որ իշխանությունը հավասարապես բաշխվի յուրաքանչյուր հաստատության մեջ, բոլոր մակարդակներում:
Միավորված ազգերի կազմակերպությունում, կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ, կենտրոնակայաններում և ամբողջ աշխարհում բարձրագույն ղեկավարության մեջ հասել ենք գենդերային հավասարության: Սա կտրուկ բարելավել է մեր կարողությունը ավելի լավ արտացոլելու և ներկայացնելու այն համայնքները, որոնց ծառայում ենք:
Ամեն քայլափոխի մենք կարող ենք ոգեշնչվել կանանցից և աղջիկներից, որոնք մեր երկրագնդի յուրաքանչյուր ոլորտում և յուրաքանչյուր անկյունում մղում են առաջընթացի:
Կլիմայական արշավի երիտասարդ կին մասնակիցները գլխավորում են համաշխարհային ջանքերը՝ ճնշում գործադրելու կառավարությունների վրա՝ կատարելու իրենց պարտավորությունները:
Կանանց իրավունքների պաշտպանները խիզախորեն պահանջում են հավասարություն և արդարություն, և կառուցում են ավելի խաղաղ հասարակություններ՝ որպես խաղաղապահներ, խաղաղարարներ և մարդասերներ աշխարհի որոշ տագնապային գոտիներում և դրանց սահմաններից դուրս:
Այն հասարակություններում, որտեղ կանանց իրավունքների շարժումներն ակտիվ են, ժողովրդավարությունն ավելի ուժեղ է:
Երբ աշխարհը ներդրումներ է կատարում կանանց և աղջիկների համար հնարավորությունների ընդլայնման հարցում, ողջ մարդկությունը հաղթում է:
Որպես արդարության, իրավահավասարության, բարոյականության և պարզ ողջախոհության խնդիր, պետք է ջանքերը կենտրոնացնենք կանանց իրավունքների վրա:
Մեզ պետք է կայուն, ֆեմինիստական վերականգնում, որը կենտրոնացած է կանանց և աղջիկների վրա և առաջնորդվում է նրանց կողմից: