Գրետա Թունբերգը և Human Act ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար նախաձեռնել են հանգանակման արշավ ընդդեմ կորոնավիրուսի
27 մայիսի 2020
- Կլիմայի ակտիվիստը կոչ է անում երիտասարդներին և մյուս համակիրներին՝ խրախուսել բոլորին՝ աջակցելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների կյանքերը փրկելուն ուղղված կենսական գործին:
Կլիմայի ակտիվիստ Գրետա Թունբերգը այսօր սկսել է երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված արշավ` դանիական Human Act ՀԿ-ի հետ համատեղ՝ աջակցելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ՔՈՎԻԴ-19 համաճարակի դեմ ուղղված պայքարին և երեխաներին պաշտպանելու համավարակի անմիջական և ոչ ուղղակի հետևանքներից, այն է՝ սննդի պակաս, առողջապահական գերծանրաբեռնված համակարգեր, բռնություն և կորսված կրթություն:
«Կլիմայական ճգնաժամի նման, կորոնավիրուսային համավարակը երեխաների իրավունքների ճգնաժամ է», - նշել է Թունբերգը: «Այն ազդում է բոլոր երեխաների վրա, թե՛ հիմա, թե՛ տևական առումով, բայց խոցելի խմբերի վրա ազդեցությունն առավելագույն չափով կլինի: Ես խնդրում եմ բոլորին՝ քայլ անել և միանալ ինձ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ հանուն երեխաների կյանքերի փրկության, առողջության պաշտպանության և կրթությանշարունակականության իրականացվող կենսական նշանակության աշխատանքի»։
Հանրային արշավը մեկնարում է Human Act-ի և Գրետա Թունբերգի հիմնադրամի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ին արված նախնական 200 000 ԱՄՆ դոլարի հանգանակությամբ: Վերջին շրջանում Գրետա Թունբերգին իր գլոբալ ակտիվության համար Human Act-ի կողմից շնորհվել էր 100 000 ԱՄՆ դոլարի մրցանակային գումար: Այս գումարը, ինչպես նաև Human Act-ի կողմից ևս 100,000 ԱՄՆ դոլար այժմ տրվելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին։
Հանրային արշավից ստացված հասույթն ուղղվելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ի արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրերին՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի համար, այդ թվում՝ անհատական պաշտպանական միջոցների, կյանքը փրկող տեղեկատվական նյութերի մշակման, ինչպես նաև՝ առողջապահական համակարգին ուղղված այլ աջակցության համար։
ՄԱԿ-ի կողմից վերջերս հրապարակված զեկույցում ասված էր, որ երեխաները կարող են հայտնվել ՔՈՎԻԴ-19 համավարակի ամենամեծ զոհերի թվում: Թեև երեխաները մեծ մասամբ զերծ են մնացել հիվանդության՝ առողջությանը հասցվող անմիջական վնասներից, ճգնաժամը մեծ ազդեցություն է ունենում նրանց ընդհանուր բարեկեցության վրա: Բոլոր տարիքի երեխաները բոլոր երկրներում տուժում են ճգնաժամի սոցիալ-տնտեսական ազդեցության պատճառով, իսկ որոշ դեպքերում՝ հիվանդության տարածումը կանխարգելելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների պատճառով: