Մամուլի հաղորդագրություն

Սրանք պարզապես թվեր չեն։ Պատերազմի 10-րդ տարին․ սիրիացի ընտանիքները մատնանշում են իրենց կարիքներն ու մտահոգությունները

02 հուլիսի 2020

  • Սիրիացի ընտանիքները նշում են, որ երեխաների կրթությունն ամենամեծ մարտահրավերն է։

Սիրիայում երեխաների դեմ պատերազմը նորագույն պատմության մեջ ամենադաժաններից է: Ճգնաժամի սկսվելուց ի վեր Սիրիայում ծնվել է գրեթե 6 միլիոն երեխա: Նրանք պատերազմից ու տեղահանումից զատ ոչինչ չգիտեն: Բռնությունների հետևանքով յուրաքանչյուր 10 ժամը մեկ այդ երկրում միջինում մեկ երեխա է սպանվում, իսկ ավելի քան 2,5 միլիոն երեխա ստիպված է եղել փախչել հարևան երկրներ՝ անվտանգության նկատառումներով:

Սիրիական պատերազմում, սակայն, պարզապես թվեր չեն, այլ սիրիացիներ, որոնք ձայն ու կարծիք ունեն: Սա չպետք է անտեսվի:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացնում է վերջերս «Գելլափ Ինթերնեյշնլ» (Gallup International/ORB International) կազմակերպության իրականացրած հարցման արդյունքները։ Սիրիայում, Հորդանանում և Լիբանանում ապրող սիրիացիների շրջանում առերես հարցումների շնորհիվ պարզել են, թե որոնք են այն խոչընդոտներն ու մտահոգությունները, որոնց առերեսվում են նրանք և նրանց երեխաներն արդեն մեկ տասնամյակ։

Հարցմանը մասնակցել է 3 500 սիրիացի։ Հարցման նպատակն է՝ սիրիացի ընտանիքներին հնարավորություն տալ բարձրաձայնել իրենց վրա պատերազմի և հակամարտության ազդեցության մասին և ավելին՝ հասկանալ, թե ինչպես է հնարավոր լավագույնս բավարարել ընտանիքների կողմից մատնանշած կարիքները։

«Այս հարցման մեջ սիրիացիները նշում են, թե ինչպես է պատերազմը ազդել իրենց և իրենց երեխաների կյանքի վրա, և թե ինչպես են իրենք գոյատևել նորագույն պատմության մեջ ամենաբիրտ պատերազմներից մեկի ընթացքում», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թեդ Չեյբանը (Ted Chaiban): «Ակնհայտ է, որ վերքերը խորանում են, և, որ սիրիացիների հոգեկան առողջության վրա պատերազմի ազդեցությունը հսկայական է: Հարցման շնորհիվ մենք նաև գիտենք, որ երեխաների կրթությունը և աղքատությունը գլխավոր մտահոգությունների և հիմնական մարտահրավերների շարքում են», - ավելացրել է նա:

 

Ըստ հարցման՝

  • Երեք երկրներում էլ սիրիացիներըը նշել են, որ երեխաներն ամենաշատն են տուժում այս հակամարտության պատճառով:
  • Հոգեբանական վնասներն ու հակամարտության ազդեցությունը հոգեկան առողջության վրա նույնքան ծանր ու ցավոտ են, որքան ֆիզիկական վերքերը։
  • Հարցվածների մեծամասնությունը տեղահանվել է, վիրավորվել կամ հարազատի մահ վերապրել։
  • Սիրիայում ապրող սիրիացիները ավելի լավատես վերաբերմունք ունեն սիրիացի երեխաների ապագայի նկատմամբ, քան նրանք, ովքեր ապրում են հարևան երկրներում։ Երեխաներ ունեցող ընտանիքները զգալիորեն քիչ լավատես են, քան նրանք, ովքեր երեխաներ չունեն։
  • Սիրիայում ապրող ընտանիքների համար կրթությունն ամենամեծ խոչընդոտն է, որին հաջորդում են աղքատությունը, առողջապահության մատչելիությունը և ծնողազուրկ երեխաների խնամքը:

Մինչ Սիրիայում 28 միլիոն երեխա դպրոց չի հաճախում, գրեթե 5 միլիոն երեխա, որ ապրում է Սիրիայում և հարևան երկրներում, շարունակում է կրթություն ստանալ՝ անկախ բոլոր դժվարություններից։ Սա մեծամասամբ ուսուցիչների, կրթական համակարգի անձնակազմի, տեղում աշխատանքը շարունակող գործընկերների և ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեծահոգի դոնորների շնորհիվ է։

«Քանի որ Բրյուսելում դոնորները հանդիպելու են Սիրիային ուղղված հաջորդ հանգանակությունների հարցով, ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել նրանց աննախադեպ մեծահոգության համար։ Իսկապես, այդ աջակցությունը կարևորագույն դեր է խաղացել Սիրիայում երեխաների կրթությունը շարունակելու գործում։ Մեր խոսքն ենք ուղղում դոնորներին՝ խնդրելով շարունակել առատաձեռն գտնվել Սիրիայի և հարևան երկրների երեխաների նկատմամբ, որպեսզի նրանք կարողանան լրացնել այսքան տարի բաց թողած դասերը և շարունակել ուսումը: Այժմ, երբ կորոնավիրուսի պատճառով մասամբ դադարեցվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ հիմնված ոչ ֆորմալ կրթություն առաջարկող կենտրոնների գործունեությունը, ավելի մեծ ներդրումներ են անհրաժեշտ։ Սա հիմնարար է այս երեխաների և Սիրիայի ապագայի համար», - ամփոփել է Չայբանը։

Որպեսզի ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարողանա շարունակել Սիրիայի երեխաներին ուղղված իր աջակցությունը, մեզ անհրաժեշտ է 682 միլիոն ԱՄՆ դոլար՝ Սիրիայում և հարևան երկրներում իրականացվող մեր ծրագրերը կյանքի կոչելու համար։

 

Հետազոտության հիմնական արդյունքները

  • «Գելլափ Ինթերնեյշնլ» կազմակերպությունը 2020թ․ տարեսկզբին հարցում է իրականացրել Սիրիայի բոլոր 14 նահանգներում՝ առերես հարցազրույց անցկացնելով Սիրիայում ապրող 2 552 մարդկանց հետ։ Նմանատիպ հարցում է անցկացվել նաև Լիբանանում և Հորդանանում ապրող մոտ 1 000 սիրիացի փախստականների հետ։
  • Բոլոր երեք երկրներում հարցումն իրականացվել է կորոնավիրուսի բռնկումից առաջ։

 

Սիրիայում

  • Սիրիայի ընտանիքների համար կրթությունը հրատապ խնդիր է։ Որպես երեխաների համար ամենամեծ մարտահրավեր՝ ընտանիքների ավելի քան 35%-ը նշել է կրթության որակը, իսկ 23%-ը՝ կրթության հասանելիությունը։
  • Գրեթե 90%-ը նշել է, որ երեխաները հակամարտության ամենամեծ զոհն են։
  • Ընտանիքների գրեթե 93%-ը նշել է, որ հոգեբանական վերքերը երեխաների հոգեկան առողջության վրա նույնչափ ծանր ազդեցություն են թողել, որքան ֆիզիկականը։
  • Երեխա ունեցող ընտանիքները պակաս լավատես են Սիրիայում երեխաների ապագայի հանդեպ, քան երեխա չունեցող ընտանիքները կամ հակամարտությունից անձնապես վնաս չկրած անձիք։
  • Սիրիայում ապրող հարցված մարդկանց ավելի քան կեսը նշել է, որ իրենց ընտանիքի անդամներից մեկը հակամարտության ընթացքում վիրավորվել է։

 

Հորդանանում և Լիբանանում

  • Հորդանանում բնակվող սիրիացիների ավելի քան 65%-ը և Լիբանանում ապրող սիրիացիների ավելի քան 47%-ը հակամարտությունը վերջանալուն պես առաջնահերթություն են համարում երեխաների համապարփակ կրթություն ստանալը:
  • Փախստական սիրիացիների ավելի քան կեսը ասել է, որ հոգեկան վերքերը նույնքան ծանր ազդեցություն են թողել, որքան՝ ֆիզիկականը։
  • Հարցված փախստականների ավելի քան 1/3-ը պնդել է, որ իր ընտանիքի անդամներից մեկը վիրավորվել է հակամարտության ժամանակ։
Zara Sargsyan

Զառա Սարգսյան

ՅՈՒՆԻՍԵՖ
Հաղորդակցության բաժնի ղեկավար

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ