Հմտությունների քարտեզագրում մեծ տվյալների օգնությամբ
2016 թվականին Նյու Յորք Թայմս օրաթերթում լույս տեսավ ամբողջ մի էջ զբաղեցնող կոչ՝ ուղղված սփյուռքահայությանը: Ականավոր միլիարդատերերի, մշակույթային գործիչների, գիտնականների և հասարակական կազմակերպությունների ղեկավարների կողմից ստորագրված այս բաց նամակում խոսվում էր Հայաստանի զարգացման հարցերում կայուն ներգրավման անհրաժեշտության մասին (Sanamyan, 2016): «Աշխարհասփյուռ հայության ապագան հիմա է» խորագրով այս նամակը գործընկերությամբ և համակարգմամբ առանձնացող ներգրավման կոչ էր գործի դնելու սփյուռքի միասնական ռեսուրսները ներառական և խմբային գործողությունների շրջանակում։
Նամակում առանձին անդրադարձ էր կատարվում կազմակերպությունների և նախաձեռնությունների համար խնդրահարույց մի քանի կարևոր հարցերի և հույս էր հայտնվում, որ այն շրջադարձային կետ կդառնա Հայաստանում սփյուռքի ներգրավման առումով: Չնայած մեծ և համեմատաբար հարուստ և բարձր հմտություններ ունեցող և հայրենիքի գործերում խորապես ներգրավված սփյուռքի գոյությանը՝ առ այսօր դրա ազդեցությունը եղել է անբավարար: Տեղում հնչող հիմնական քննադատությունն այն էր, որ սփյուռքը երբեմն ա կնդառնալիորեն պառակտված է, գտնվում է արձագանքողի դերում և չափազանց կենտրոնացած է անմիջական արդյունքների վրա՝ չունենալով երկարաժամկետ ազդեցություն: Ոմանք բարերար սփյուռքի և պետության միջև եղած հարաբերությունները բնութագրել են որպես հիմնականում «դրական զգացումներ առաջացնող» կամ հայրենասիրական նախաձեռնություններին ուղղված բարեգործություն: Ընդհանուր համաձայնությունը սփյուռքում հազվադեպ երևույթ է, բայց շատերը համաձայն են, որ ռեսուրսները տնօրինվում են և օգտագործվում են անարդյունավետ կերպով:
Սփյուռքահայերը հիմնականում բնակվում են կրթության բարձր մակարդակ ունեցող, հարուստ և զարգացած երկրներում, ինչպիսիք են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Ֆրանսիան և Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ կենսամակարդակն ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետությունում: Չնայած նրան, որ շատ դեպքերում հայկական համայնքները հիմնադրվել են դարեր առաջ, սփյուռքն ամուր կապեր ունի մեր օրերի Հայաստանի Հանրապետության հետ՝ հաճախ վերադառնալով հայրենիք մշակութային և ընտանեկան այցերի շրջանակներում, իրենց բնակության վայրերում կազմակերպելով հայկական խմբեր և ակումբներ, ինչպես նաև մասնակցելով դրամահավաքների և խթանելով անդրազգային գործարար կապերը։ Հաշվի առնելով սփյուռքի խիստ ներգրավված, կրթված և համեմատաբար հարուստ լինելու հանգամանքը՝ Հայաստանի զարգացման դանդաղ ընթացքը շահագրգիռ և ներգրավված սփյուռք ունեցող այլ երկրների (օրինակ՝ Իսրայել, Հնդկաստան, Իռլանդիա և այլն) համեմատ, առաջնահերթ խնդիր է:
Սույն ուսումնասիրությունը քննության է առնում է հայկական սփյուռքի գիտելիքների ներուժը և դրա ավելի լավ ներկայացման, ընկալման և օգտագործման ուղիները: Դա իրականացվում է նախ և առաջ արտերկրում առկա գիտելիքների համակազմի ընկալմամբ: Այս առումով ուսումնասիրությունը կոչված է ներկայացնել սփյուռքում առկա հմտությունների, կրթության և մասնագիտական դիրքերի ամփոփ նկարագիրն ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես և որտեղ դրանք կարող են նպաստել Հայաստանում գիտելիքների տնտեսության զարգացմանը: Այնուհետև այս տվյալները կարող են օգտագործվել այն ոլորտներում, որտեղ գիտելիքների և հմտությունների փոխանցման միջոցով սփյուռքահայությունը կարող է խթանել տնտեսական աճը՝ որպես լավագույն գործելակերպ որդեգրելով գիտելիքներ փոխանցող սփյուռքի համաշխարհային փորձը: