Հայաստանը առաջ է մղում պարենային համակարգերի փոխակերպման և կլիմայի փոփոխությանն համապատասխանեցման ուղղությամբ ջանքերն ազգային կոնվերգենցիայի նախաձեռնության շրջանակներում
16 մարտի 2026
Ծաղկաձոր, Հայաստան – Կառավարության ներկայացուցիչները, Միավորված ազգերի կազմակերպության գործակալությունները, զարգացման գործընկերները և ազգային շահագրգիռ կողմերը հանդիպեցին Ծաղկաձորում՝ երկօրյա ազգային երկխոսություն անցկացնելու համար՝ քննարկելու այն ուղիները, որոնք թույլ կտան համապատասխանեցնել Հայաստանի պարենային համակարգերի ազգային քաղաքականությունները երկրի կլիմայական հանձնառությունների հետ։
Աշխատաժողովը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության Պարենային համակարգերի համակարգման կենտրոնի համագործակցությամբ՝ աջակցելով Հայաստանի ջանքերին՝ ազգային առաջնահերթությունները առաջ մղելու ուղղությամբ՝ միաժամանակ նպաստելով 2030 թվականի Կայուն զարգացման օրակարգի և Փարիզի կլիմայական համաձայնագրի նպատակների իրականացմանը։
Երկխոսության ընթացքում մասնակիցները համատեղ աշխատեցին Կոնվերգենցիայի գործողությունների ճանապարհային քարտեզի հիմքերի ձևավորման ուղղությամբ։ Այն ռազմավարական շրջանակ է, որի նպատակն է ամրապնդել պարենային համակարգերի փոխակերպման և կլիմայական գործողությունների միջև համագործակցությունը։ Համագործակցային քննարկումների և տեխնիկական փորձի փոխանակումների միջոցով շահագրգիռ կողմերը նպաստեցին համատեղ մոտեցման ձևավորմանը՝ ուղղված կայուն, դիմացկուն և ներառական պարենային համակարգերի զարգացմանը՝ միաժամանակ առաջ մղելով երկրի կլիմային վերաբերող ազգային պարտավորությունների իրականացումը։
Քննարկումների ընթացքում մշակվեց նաև համատեղ տեսլական՝ պարենային համակարգերի փոխակերպումը կլիմայական քաղաքականությունների և երկարաժամկետ կայունության նպատակներին համապատասխանեցնելու համար։ Մասնակիցները նաև բացահայտեցին անհրաժեշտ միջամտության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ քաղաքականությունների համաձայնեցվածության ամրապնդումը, ֆինանսավորման մոբիլիզացումը, ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունների բարելավումը, ներառական մասնակցության խթանումը և հաշվետվողականության ապահովումը։
Միջոցառման բացման ժամանակ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդգծել է այսօրվա միջոցառման կարևորությունն ու տարբեր ոլորտների միջև համակարգված գործողությունների անհրաժեշտությունը։
«Այս նախաձեռնության նպատակն է ամրապնդել ազգային մակարդակում համակարգված համագործակցությունը ոլորտային կառույցների և շահագրգիռ կողմերի միջև՝ համադրելով պարենային համակարգերի փոխակերպման ուղիները կլիմայական գործողությունների հիմնական գործիքների հետ։ Պարենային համակարգերի փոխակերպման և կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների ներդաշնակեցումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է։ Այս նախաձեռնությունը միտված է արձանագրել առկա մարտահրավերները և, ոլորտային համագործակցության խորացման, ֆինանսավորման հնարավորությունների ու մշտադիտարկման շրջանակի նախանշման միջոցով, ձևավորել միասնական տեսլական, ռազմավարական նպատակներ և գործողությունների հստակ շրջանակ՝ ուղղված Հայաստանում դիմակայուն և մրցունակ գյուղատնտեսության զարգացմանը։»,- իր խոսքում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ՄԱԿ Պարենային համակարգերի ազգային համակարգող Արման Խոջոյանը։
Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող տիկին տիկին Ֆրանսուազ Ժակոբը, իր ողջույնի խոսքում նշեց.
«Հայաստանը գտնվում է իր պատմության կարևոր շրջանում։ Կա իրական հնարավորություն բացելու նոր գլուխ՝ խաղաղությամբ, բարգավաճմամբ և ապագային ուղղված զարգացման մոդելով։ Մոդել, որի հիմքում ընկած են դիմակայունությունը և մարդկային բարեկեցությունը։ Պարենային համակարգերի վերափոխումը կլիմայի և շրջակա միջավայրի գործողությունների հետ ներդաշնակեցները կարող է դառնալ այդ նոր գլխի հիմնասյուներից մեկը։ Եվ COP 17-ը հիանալի հնարավորություն կլինի գործողություններն արագացնելու և Հայաստանից մի քանի հիանալի օրինակներ ներկայացնելու համար»։
Պարոն Խալեդ Էլթավիլը, Միավորված ազգերի կազմակերպության Պարենային համակարգերի համակարգման կենտրոնի ծրագրի ավագ համակարգողը, ընդգծեց պարենային համակարգերի փոխակերպումը կլիմայական գործողությունների հետ համապատասխանեցնելու կարևորությունը՝ կայուն զարգացման նպատակների իրականացման առաջընթացն արագացնելու համար։
«Կայուն զարգացման նպատակների թիրախների 20 տոկոսից պակասն է ընթանում այնպես, որ հնարավոր լինի հասնել դրանց մինչև 2030 թվականը։ Պարենային համակարգերի փոխակերպումը կարևոր ելման կետ է, որը կարող է արագացնել միաժամանակ մի քանի Կայուն զարգացման նպատակների իրականացումը», - նշել է պարոն Էլթավիլը։
Աշխատաժողովի առաջին օրվա ընթացքում մասնակիցները վերանայեցին Հայաստանի քաղաքականության շրջանակը, ներառյալ գյուղատնտեսության ռազմավարությունը, կլիմայական գործողություններին վերաբերող քաղաքականությունները, ինչպիսիք են Ազգային մակարդակով սահմանված ներդրումները (NDCs) և Ազգային հարմարվողականության ծրագիրը (NAP), ինչպես նաև պարենային համակարգերի փոխակերպմանն ուղղված ընթացիկ նախաձեռնությունները։
Կազմակերպված խմբային քննարկումների միջոցով շահագրգիռ կողմերը բացահայտեցին միջամտությունների առաջնահերթ ուղղությունները, առկա բացթողումներն ու ռիսկերը և առաջարկեցին կոնկրետ գործողություններ՝ պարենային համակարգերի և կլիմայական քաղաքականությունների միջև համապատասխանությունն արագացնելու նպատակով։
Աշխատաժողովի երկրորդ օրը կենտրոնացած էր Պարենային անվտանգության և գյուղատնտեսության զարգացման 2027-2030 թվականների գործողությունների ծրագրային շրջանակի շուրջ գաղափարների փոխանակման, առաջարկվող միջոցառումների և կոնվերգենցիայի տեսլականի միջև համապատասխանության ամրապնդման վրա՝ ներառելով երկխոսության ընթացքում բացահայտված հիմնական միջամտությունների ուղղությունները։
Ակնկալվում է, որ աշխատաժողովի արդյունքները կնպաստեն պարենային համակարգերի փոխակերպումը կլիմայական գործողությունների հետ համապատասխանեցնելու ազգային ճանապարհային քարտեզի ձևավորմանը, ինչպես նաև պարենային անվտանգության և գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ ազգային գործողությունների ծրագրի մշակմանը՝ աջակցելով Հայաստանի հանձնառությունների իրականացմանը Կայուն զարգացման նպատակների, Փարիզի համաձայնագրի և ազգային զարգացման ռազմավարությունների շրջանակներում։
Միջոլորտային և միջինստիտուցիոնալ համագործակցության խթանման միջոցով կոնվերգենցիայի երկխոսությունը կարևոր քայլ դարձավ Հայաստանում կայուն, կլիմայական պայմանների նկատմամբ դիմակայուն և ներառական պարենային համակարգերի ձևավորման ուղղությամբ։