ՄԻԱՑԵՔ ՄԵԶ. վերջ դնենք կանանց և աղջիկների նկատմամբ թվային բռնությանը
25 նոյեմբերի 2025
Հնարավո՞ր է պատկերացնել աշխարհ, որտեղ յուրաքանչյուր կին և աղջիկ իրեն ապահով, իսկապես ապահով է զգում։
Աշխարհ, որտեղ կինը կարող է մուտք գործել ցանկացած ֆիզիկական կամ առցանց տարածք՝ առանց ոտնձգությունների վտանգի։
Որտեղ կարող է անվախ և ազատ արտահայտվել։
Որտեղ կարող է շփվել մարդկանց հետ՝ առանց անհանգստանալու, որ չարաշահման կամ մանիպուլյացիայի կենթարկվի։
Նման աշխարհ կառուցելը հնարավոր է, բայց միայն այն դեպքում, եթե որոշենք միասին անել դա։
Ամեն տարի, նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ը, միլիոնավոր մարդիկ միանում են «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակին», որի նպատակն է հիշեցնել, որ կանանց նկատմամբ բռնությունն աշխարհում շարունակում է մնալ մարդու իրավունքների ամենատարածված խախտումը։ Գենդերային հիմքով բռնությանը վերջ տալը ոչ միայն բարոյական պարտավորություն է, այլև պարտադիր է կյանքի բոլոր հատույթներում կանանց մասնակցության, առաջնորդության և հավասարության համար։
Հայաստանը նշանակալի քայլեր է արել այդ ուղղությամբ, բայց կանանց նկատմամբ բռնությունը դեռ առկա է։
Օրենքները բարելավվել են, իսկ աջակցության ծառայություններն՝ ընդլայնվել։ Այնուամենայնիվ, Հայաստանում 15-59 տարեկան կանանց ավելի քան 17%-ը հայտնել է, որ ենթարկվել է ընտանեկան բռնության։ Սակայն թվերը մեզ ամբողջական պատկերը ցույց չեն տալիս։ Վախը, ամոթը, խարանը և համակարգերի նկատմամբ անվստահությունը դեռևս խոչընդոտում են, որ բռնության ենթարկվածներն օգնություն փնտրեն։
Տեխնոլոգիական արագ փոփոխությունները նոր և վտանգավոր իրադրություն են ստեղծել՝ գենդերային հիմքով բռնությանն ավելացնելով թվային բռնությունը։
Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, բռնությունը տարածվում է ինչպես անցանց, այնպես էլ առցանց տարածքներում։ Թվային գործիքներն օգտագործվում են ոտնձգությունների, մանիպուլյացիայի, ահաբեկման և վնաս պատճառելու համար։ Գլոբալ առումով, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին զեկույցի (2020թ.)՝ կանանց 73%-ը բախվել է առցանց բռնության։ Խոցելի խմբերի կանանց և աղջիկների, ինչպես, օրինակ, հաշմանդամություն ունեցող կանանց, փախստական կանանց համար ռիսկերն է՛լ ավելի մեծ են։
Ահա թե ինչու է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի «UNiTE 2025» արշավը կենտրոնանում բռնության այս արագ զարգացող ձևի՝ կանանց և աղջիկների նկատմամբ թվային բռնության վրա։
Թվային բռնության բազմաթիվ ձևեր կան. օրինակ՝ առցանց սեռական ոտնձգությունը, կանանց լուսանկարների օգտագործումը սեռական բնույթի բովանդակության մեջ, արհեստական բանականության միջոցով կեղծ տեսանյութերի ստեղծումը և այլն։ Թվային բռնությունը թեև կարող է լինել վիրտուալ տարածքներում, բայց դրա ազդեցությունը, ցավալիորեն, ավելի քան իրական է, քանի որ հոգեբանական տրավմաներ է առաջացնում, պատճառում է ֆինանսական վնասներ և հաճախ վերածվում է անցանց բռնության։
Թվային բռնությունը չի մնում առցանց, այն սնուցում է անցանց բռնությունը, և հակառակը։
Ըստ Եվրոպայի Խորհրդի 2024 թվականի ուսումնասիրության՝ հարցմանը մասնակցած անցանց բռնության ենթարկվածների 98%-ը, ի հավելումն բռնության այլ ձևերի, հայտնել է նաև թվային բռնության ենթարկվելու մասին։ Սա նշանակում է, որ բռնարարները չեն ընտրում առցանց կամ անցանց գործիքներից մեկը, այլ օգտագործում են երկուսն էլ։
Թվային բռնությունը կանանց լռեցնելու ևս մեկ գործիք է։
Հաճախ թիրախավորվում են հանրային կյանքում ներգրավված կանայք, այդ թվում քաղաքական գործիչներ, լրագրողներ, ակտիվիստներ, համայնքային առաջնորդներ։ Սպառնալիքներն ու ոտնձգությունները նրանց դուրս են մղում հանրային տարածքներից՝ խոչընդոտելով հանրային կյանքում նրանց լիարժեք գործունեությանը։
Մեր կոչը
Մենք, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը, որպես Հայաստանում ՄԱԿ-ի գործակալություններ, կոչ ենք անում պետական կառույցներին, քաղաքացիական հասարակությանը, մասնավոր հատվածին և համայնքներին միանալ մեզ՝ կառուցելու անվտանգ թվային և ֆիզիկական միջավայր բոլոր կանանց և աղջիկների համար։
Անհրաժեշտ է.
- Վերջ դնել անպատժելիությանը՝ ուժեղացնելով օրենսդրությունը և զարգացնելով իրավապահ մարմինների կարողությունները՝ վերացնելու գենդերային հիմքով թվային բռնությունը։
- Քայլեր ձեռնարկել, որ բռնության ենթարկվածները ստանան մասնագիտացված աջակցություն և ունենան արդարադատության հասանելիություն։
- Պաշտպանել կանանց և աղջիկների իրավունքները, անձնական կյանքի գաղտնիությունը և անվտանգությունը, հատկապես նրանց, որոնք ներգրավված են հանրային կյանքում կամ առավել խոցելի են։
- Բարձրացնել թվային դիմակայունությունն ու գրագիտությունը՝ կանանց և աղջիկներին զինելով առցանց տարածքներում անվտանգ և վստահորեն կողմնորոշվելու գործիքներով։
Թվային տարածքները կարող են և պետք է լինեն շփման, առաջնորդության և հզորացման միջավայրեր, բայց միայն այն դեպքում, եթե մենք դրանք անվտանգ դարձնենք։
Միացեք մեզ, լսելի դարձրեք մեր ձայնը՝ հիմա։ Այս 16 օրվա ընթացքում և դրանից հետո եկեք հանձնառություն ստանձնենք ստեղծելու մի ապագա, որտեղ անվտանգությունը ոչ թե արտոնություն է, այլ երաշխիք։
Լուսինե Սարգսյան, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար
Կաորի Իշիկավա, Վրաստանում ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչ և Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատասխանատու
Տիկին Սարգսյանը ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակում գենդերային բռնության դեմ պայքարի ազգային և ենթազգային ծրագրեր ղեկավարելու և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում Հայաստանում օրենսդրական բարեփոխումներին նպաստելու մեծ փորձ ունի: Նա հմուտ է քաղաքականությունների մշակման, միջազգային հարաբերությունների և կարողությունների զարգացման գործում, ինչպես նաև ՄԱԶԾ-ի, Եվրոպայի խորհրդի և «Սեյվ դը չիլդրեն»-ի համար խորհրդատվական աշխատանքի փորձ ունի:
Տկն. Սարգսյանը պարգևատրվել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից՝ գերազանց աշխատանքի համար, նաև եղել է TED խոսնակ՝ ելույթ ունենալով գենդերային բռնության և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: