ՄԱԿ-ն աջակցում է Հայաստանի սահմանային անվտանգությանը և ահաբեկչության դեմ պայքարին
03 հուլիսի 2025
Երևան, 03 հուլիսի, 2025 – Հայաստանը պաշտոնապես ստորագրելով համաձայնագիրը՝ դարձել է ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի ծրագրի անդամ պետություն։
Եռօրյա խորհրդակցությունը միտված էր ուղևորների նախնական տեղեկատվության (ՈՒՆՏ) և ուղևորների տվյալների գրանցման (ՈՒԱԳ) համակարգերի ներդրման շուրջ, որոնք նպաստում են միջազգային տվյալների բազաների օգտագործմամբ բարելավելու ազգային կարողությունները՝ հայտնի և ենթադրյալ ահաբեկիչներին ու հանցագործներին նույնականացնելու, հայտնաբերելու և կանխարգելելու համար։
Խորհրդակցությունները տեղի են ունեցել Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի հովանու ներքո՝ Միացյալ Թագավորության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի իշխանությունների կարողությունների ամրապնդում սահմանային անվտանգության և հանցագործությունների կանխարգելման ոլորտում» ծրագրի շրջանակում։
ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ նպաստել է ազգային խորհրդակցություններին` ազգային հակաահաբեկչական ճարտարապետության, առաջնահերթությունների և Հայաստանի կողմից ՈՒՆՏ-ի և ՈՒԱԳ-ի իրականացման առկա մակարդակի գնահատման հիման վրա կարողությունների զարգացման աջակցության և տեխնիկական օգնության կոնկրետ կարիքները բացահայտելու համար՝ իրավական, գործառնական և տեխնիկական մակարդակներում:
Բացման խոսքում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը նշեց. «Սա կարևոր շրջադարձ է Հայաստանի սահմանային անվտանգության բարելավման, ահաբեկչության դեմ պայքարի և երկրի միջազգային պարտավորությունների կատարման համար: Հայաստանի պաշտոնական դիմումը ծրագրին խոսում է նրա հանձնառության մասին՝ կատարելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2178, 2396 և 2482 բանաձևերով ստանձնած միջազգային պարտավորությունները: Հետևաբար, ողջունում եմ կառավարությանը այս բազմաբնույթ երկխոսության մեկնարկի համար, որը միավորում է համապատասխան բոլոր ազգային շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ ավիացիայի, անվտանգության, արդարադատության և տվյալների պաշտպանության ներկայացուցիչներին: Կառավարության այս մոտեցումը կարևոր է, որպեսզի Հայաստանի համակարգը լինի արդյունավետ, փոխգործելի և համապատասխանի համաշխարհային չափանիշներին, մասնավորապես ինչը վերաբերում է տվյալների գաղտնիությանն ու անձնական ազատություններին։ Կցանկանայի նաև նշել Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի դերը աշխատաժողովը կազմակերպելու հարցում և շնորհակալություն եմ ցանկանում հայտնել բոլոր գործընկեր կազմակերպություններին, այս թվում՝ ՄԱՊԳ–ին, ՄԱԹԴԿ-ին, ՀԿԳՎ–ին ՄՔԱԿ-ին, ՄՄԻՄԿ–ին, ԻՆՏԵՐՊՈԼ-ին և ՄՄԿ-ին, ինչպես նաև ԵԱՀԿ-ին՝ իրենց տեխնիկական փորձառության և այս համատեղ ջանքերի հանձնառության համար»:
«Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանին՝ սկսելու ուղևորների նախնական տեղեկատվության և ուղևորների տվյալների գրանցման համակարգերի ներդրումը։ Այս գործիքները կօգնեն ամրապնդել Հայաստանի սահմանային անվտանգությունը, պայքարել ծանր միջսահմանային հանցագործությունների դեմ և ապահովել ավելի անվտանգ միջազգային ճանապարհորդություններ։ Սա Մեծ Բրիտանիայի լայնածավալ աջակցության մի մասն է՝ նպաստելու Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից սահմանային անվտանգության համակարգի ստեղծմանը։ Հպարտ ենք այս կարևոր քայլում համագործակցել ՄԱԿ–ի Միգրացիայի միջազգային կազմակերպության և Հայաստանի իշխանությունների հետ՝ հանուն ավելի ապահով և անվտանգ տարածաշրջանի», – ասել է Մեծ Բրիտանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսը։
Մասնակցեցին սահմանային կառավարման և ուղևորների գրանցման համար պատասխանատու Հայաստանի ազգային գործակալությունների ավելի քան երեք տասնյակ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությունը, Արտաքին գործերի նախարարությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Պետական եկամուտների կոմիտեն, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Արդարադատության նախարարությունը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը/Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչությունը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Հայաստանում գործող ավիաընկերությունները, Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, ԻՆՏԵՐՊՈԼ ազգային կենտրոնական բյուրոն և Ֆինանսական հետաքննությունների բաժինը։
Մասնակիցները քարտեզագրեցին ազգային սահմանների կառավարման առկա կարողությունները և քննարկեցին հաջորդ քայլերը՝ միջազգային չափորոշիչներին, առաջարկվող գործելակերպին և մարդու իրավունքների սկզբունքներին համապատասխան ուղևորների տվյալների հավաքագրման և մշակման ազգային համակարգ ստեղծելու համար։
«Ակնկալում ենք համագործակցել ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի և ՄԱԿ-ի բոլոր համապատասխան մասնագիտացված գործակալությունների և գործընկեր կազմակերպությունների հետ՝ Հայաստանում ՈՒՆՏ/ՈՒԱԳ համակարգերի նեդրման համար», - նշեց Հայաստանի Արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ Արման Հովհաննիսյանը։
«Աշխարհաքաղաքական լարվածության և անվտանգության ռիսկերի աճի ժամանակաշրջանում Հայաստանի՝ ուղևորների տվյալները հավաքելու, մշակելու և վերլուծելու կարողությունների բարելավումը ոչ միայն ժամանակին է, այլև կենսական։ Գտնվելով Եվրոպայի և Ասիայի միջև ռազմավարական խաչմերուկում՝ Հայաստանի նախաձեռնողական մոտեցումը սահմանային անվտանգության ճարտարապետության զարգացման հարցում կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համաշխարհային անվտանգությանը, ինչպես նաև քաղաքացիների ու այցելուների պաշտպանությանը։ Հայաստանի սահմանային անցակետերում մարդկային հոսքի աճը ցույց է տալիս, որ ՈՒՆՏ/ՈՒԱԳ համակարգերի ներդրումը ժամանակին է և կարևոր։ Ուստի՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արտաքին գործերի նախարարությանը և Ազգային անվտանգության ծառայությանը առաջնորդության համար, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ այս նախաձեռնությանը աջակցելու և մյուս բոլոր գործընկերներին», - նշել է ՄՄԿ Հայաստանի գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր Մինասյանը։
ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի Հակաահաբեկչական ճանապարհորդական ծրագրի պատասխանատու Մոտազ Ալ-Ռաբաբահը ընդգծեց քննարկումների կարևորությունը և նշեց. «Համակարգերի ներդրումը կնշանավորի Հայաստանի սահմանային կառավարման հաջորդ կարևորագույն փուլը: Նախնական ռիսկերի գնահատմամբ՝ ՈՒՆՏ/ՈՒԱԳ շնորհիվ կհայտնաբերվեն բարձր ռիսկայնություն ունեցող ճանապարհորդները և կապահովվի միջազգային քաղաքացիական ավիացիայի ամբողջականությունը: Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր վարչությունը և Հակաահաբեկչական ճանապարհորդական ծրագիրը պատրաստ են ամրապնդել այս գործընկերությունը՝ առաջարկելով շարունակական ուղղորդում և աջակցություն Հայաստանի նպատակներին հասնելու համար»:
Հակաահաբեկչական ճանապարհորդական ծրագիրը կստեղծի համապարփակ ճանապարհային քարտեզ՝ առաջարկություններով, թե ինչպես իրականացնեն Հայաստանում փուլային ներդրումը: Ճանապարհային քարտեզի պաշտոնականացումից հետո ծրագիրը կաշխատի ազգային գործընկերների հետ՝ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար՝ բարելավելու Հայաստանի իրավական շրջանակը, գործառնական կարողությունները, աջակցելու տրանսպորտային ոլորտի ներգրավվածությանը և տեխնիկական ենթակառուցվածքները, ներառյալ ՄԱԿ-ի սեփականություն հանդիսացող «goTravel» ծրագրի ներդրումը: Այս լիարժեք աջակցությունը երկրին հնարավորություն կտա ավելի ամրապնդել ազգային անվտանգությունը, համապատասխանել միջազգային հակաահաբեկչական պարտավորություններին և արդիականացնել ներգաղթի և սահմանային կառավարման գործընթացները:
Ահաբեկչության դեմ պայքարի ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը համատեղ աշխատում են անդամ պետությունների ՈՒՆՏ և ՈՒԱԳ կարողությունները զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ: Սա ներառում է նաև ՄԱԿ-ի «goTravel» համակարգի ներդրման և ապահովելու ջանքերը: Այս նախաձեռնությունը սահմանը վերահսկող աշխատակիցներին կտրամադրի ուղևորների վերաբերյալ հարստացված տվյալներ՝ հնարավորություն տալով հեշտացնել գործընթացը օրինական ճանապարհորդների համար և ավելի շատ ռեսուրսներ հատկացնել ազգային անվտանգությանը սպառնացող անձանց:
ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի ծրագրի մասին լրացուցիչ տեղեկության համար, անցե՛ք հղումով։
Մանրամասն տեղեկության համար՝
Նունե Ասատրյան, ՄՄԿ Հայաստան, Ծրագրի համակարգող, nasatryan@iom.int
Անտուան Անդարի, Հաղորդակցության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, antoine.andary@un.org