ԱՄԿ նոր նախաձեռնությունն՝ ուղղված Հայաստանում տնտեսության ֆորմալացմանը, ի հակազդումն փախստականների հետ կապված ճգնաժամի
25 սեպտեմբերի 2024
Երևան, 25 սեպտեմբեր - Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ), ի պատասխան Հայաստանում փախստականների հետ կապված ճգնաժամի, մեկնարկել է նոր նախաձեռնությունն՝ ուղղված երկրում ոչ ֆորմալ զբաղվածության կանխմանը և ֆորմալացմանն անցման խթանմանը։ ԱՄԿ-ն 600 000 ԱՄՆ դոլար է հատկացնում Նախաձեռնությանը՝ ուժեղացնելով միջազգային հանրության արձագանքը փախստականների հետ կապված ճգնաժամին:
Ըստ Միավորված ազգերի կազմակերպության զեկույցի՝ աշխատանքային տարիքի փախստականների աշխատանք ձեռք բերելու հնարավորությունները սահմանափակ են, ինչը դժվարացնում է նրանց սոցիալ-տնտեսական ինտեգրումը: Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետազոտության կողմից իրակնացված հետազոտության տվյալների համաձայն, փախստականների 48.6 տոկոսն աշխատանք չունի։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող տիկին Ֆղանսուազ Ժակոբն ընդգծել է, որ «աշխատանքը փախստականի համար թիվ մեկ առաջնահերթությունն է, քանի որ եկամտի միջոցով նա կարողանում է հաղթահարել դժվարությունները»։
ԱՄԿ-ի վերլուծությունների համաձայն, աշխատաշուկայի վրա ճգնաժամի ազդեցությունը կարող է զգալի լինել ավելի մեծ խմբերի համար։ Եթե ճգնաժամից առաջ Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածությունը նվազման միտում ուներ, ապա ներկայիս իրավիճակը, հավանաբար, կարող է կանգնեցնել կամ, վատագույն սցենարով, թուլացնել առաջընթացն՝ ազդեցություն ունենալով աշխատանքային պայմանների և աշխատողների իրավունքների վրա, եթե ուղեկցող միջոցառումները չկանխեն այն։
Այս համատեքստում ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող Գրասենյակի Տնօրեն պարոն Միխայիլ Պուշկինը նշել է, որ «ԱՄԿ-ն հատկացնում է ֆինանսական միջոցներ և մոբիլիզացնում տարբեր ոլորտների, այդ թվում՝ զբաղվածության, աշխատանքի չափորոշիչների, ձեռնարկությունների և գենդերային հավասարության, մասնագետներին՝ աջակցելու Հայաստանի տևական վերականգնմանը ճգնաժամից հետո»։ Նոր նախաձեռնության շրջանակներում ԱՄԿ-ն համագործակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության, աշխատողների և գործատուների կազմակերպությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունների հետ։
Խոսելով ոչ ֆորմալ տնտեսության և ոչ ֆորմալ զբաղվածության խնդիրների լուծման բարդության մասին, ԱՄԿ Ֆորմալացման գործողությունների ծրագրի (AP/FORMALIZATION) տնօրեն Ֆրեդերիկ Լապեյրն ընդգծել է՝ «մենք պետք է աշխատենք մի քանի ուղղություններով միաժամանակ․ կանխել աշխատաշուկայի ոչ ֆորմալացումը՝ ապահովելով արժանապատիվ աշխատանքային պայմաններ, աջակցել փախստականներին աշխատանք ձեռք բերելու հնարավորությունների մատչելիություն ունենալու հարցում, ստեղծել առավել արդյունավետ զբաղվածություն ունենալու հնարավորություններ և կայուն ձեռնարկությունների համար բարենպաստ միջավայր»:
Հայաստանի տնտեսությունը վերջին երկու տարիներին բարձր աճ է գրանցել: «Տնտեսական աճը հանդիսանում է զբաղվածության ոչ ֆորմալացումը նվազեցնելու նախապայման, սակայն այդ գործընթացն ավտոմատ բնույթ չի կրում»,- նշել է Լապեյրը՝ շեշտելով լավ մշակված և համակարգված քաղաքականության միջամտությունների կարևորությունը:
Հայաստանի համար բաց է ոչ ֆորմալ զբաղվածության հետ կապված մշտական մարտահրավերների հաղթահարման հնարավորությունների պատուհանը: ԱՄԿ-ի նոր նախաձեռնության նպատակն է տնտեսական աճի նոր թափը վերածել արժանապատիվ աշխատանքի ստեղծմանը և խորը արմատավորված ոչ ֆորմալ զբաղվածության ֆորմալացմանը՝ ուշադրության կենտրոնում պահելով փախստականներին։