Մամուլի հաղորդագրություն

Ռասիզմն ու խտրականությունը երեխաների նկատմամբ տարածված են աշխարհի բոլոր երկրներում

18 նոյեմբերի 2022

  • 22 երկրների շրջանում արված վերլուծությունը ցույց է տալիս, թե ինչպես է երեխաների նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորվում առողջապահության, պետական ռեսուրսների հասանելիության և կրթության բնագավառներում:

Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ հրապարակված ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցում նշվում է, որ ռասիզմը և խտրականությունը երեխաների նկատմամբ՝ հիմնված նրանց ազգային պատկանելության, լեզվի և կրոնի վրա, տարածված են աշխարհի տարբեր երկրներում:

 

Չիրացված իրավունքներ. խտրականության ազդեցությունը երեխաների վրա զեկույցի մեջ նշվում է, թե որքանով է ռասիզմը և խտրականությունը ազդում երեխաների կրթության, առողջապահության, ծնունդների գրանցման և արդարադատության մատչելիության համակարգերի վրա և շեշտադրում փոքրամասնությունների և էթնիկ խմբերի միջև առկա համատարած անհավասարությունները:

«Շարունակական ռասիզմը և խտրականությունը երեխաներին զրկանքների և մեկուսացման վտանգի են ենթարկում, ինչը կարող է հարատև լինել», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը: «Սա բոլորիս է ցավ պատճառում: Յուրաքանչյուր երեխայի իրավունքների պաշտպանությունը՝ ով էլ լինի, որտեղից էլ լինի, բոլորի համար ավելի խաղաղ, բարեկեցիկ և արդար աշխարհ կառուցելու գործում ամենահուսալի ճանապարհն է»:

Զեկույցում տեղ գտած նոր տվյալները նաև փաստում են, որ 22 երկրների վերլուծության մեջ ներառված էթնիկ, լեզվական և կրոնական մարգինալացված խմբերի պատկանող երեխաները շատ են հետ մնում իրենց հասակակիցներից ընթերցանության հմտությունների առումով: Միջին հաշվով, սոցիալապես ապահով խմբի 7-14 տարեկան աշակերտները ավելի քան երկու անգամ ավելի հավանական է, որ ունենան հիմնարար ընթերցանության հմտություններ, քան դժվարակենցաղ խմբինը:

 

Ծնունդը գրանցած երեխաների թվի վերաբերյալ տվյալների վերլուծությունը, որը նախապայման է հիմնական իրավունքների հասանելիության առումով, ցույց է տալիս, որ զգալի տարբերություններ կան կրոնական և էթնիկ խմբերի երեխաների միջև:

 

Խտրականությունն ու մեկուսացումը խորացնում են միջսերնդային զրկանքներն ու աղքատությունը և հանգեցնում երեխաների առողջության, սնուցման և ուսման հետ կապված ավելի վատ արդյունքների, օրենքի հետ խնդիրներ ունենալու ավելի բարձր հավանականության, դեռահաս աղջիկների շրջանում հղիության բարձր ցուցանիշների և չափահաս տարիքում զբաղվածության և վաստակի ցածր մակարդակի:

 

ՔՈՎԻԴ-19-ը ամբողջ աշխարհում ջրի երես բերեց խորը անարդարություններն ու խտրականությունը, իսկ կլիմայի փոփոխության և հակամարտությունների ազդեցությունն իրենց հերթին են շատ երկրներում գոյություն ունեցող նոր բացահայտումներ անում անհավասարությունների առումով: Զեկույցը ընդգծում է, թե ինչպես են խտրականությունն ու մեկուսացումը երկար ժամանակ պահպանվել էթնիկ և փոքրամասնություններ կազմող խմբերի միլիոնավոր երեխաների համար, այդ թվում՝ իմունականխարգելման, ջրի և սանիտարական ծառայությունների հասանելիության և արդարադատության մատչելիության առումներով:

 

Օրինակ՝ Միացյալ Նահանգներում կարգապահության հետ կապված սևամորթ երեխաները գրեթե չորս անգամ ավելի հավանական է, որ դպրոցից հեռացվեն, քան սպիտակամորթները, և ավելի քան երկու անգամ ավելի հավանական է, որ ձերբակալվեն դպրոցի հետ առնչություն ունեցող խնդիրների համար:

 

Զեկույցը նաև մատնանշում է, թե ինչպես է առօրյա կյանքում խտրականությունն ազդում երեխաների և երիտասարդների վրա: U-Report-ի նոր հարցումը՝  ավելի քան 407,000 պատասխաններով, ցույց է տվել, որ վերջիններիս գրեթե երկու երրորդը կարծում է, որ իրենց շրջապատում առկա է խտրականություն, իսկ գրեթե կեսը կարծում է, որ խտրականությունը էականորեն ազդել է իրենց կամ իրենց ծանոթ մարդկանց կյանքի վրա:

«Երեխաների համաշխարհային օրն ու ամեն օր, յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ներառված ու պաշտպանված լինելու և իր ողջ ներուժն օգտագործելու համար հավասար հնարավորություններ ունենալու», - ավելացրել է Ռասըլը: «Մենք բոլորս հնարավորություն ունենք պայքարելու ընդդեմ երեխաների հանդեպ խտրականության մեր երկրներում, մեր համայնքներում, մեր դպրոցներում, մեր տներում և մեր սրտերում: Մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունը»:

Zara Sargsyan

Զառա Սարգսյան

ՅՈՒՆԻՍԵՖ
Հաղորդակցության բաժնի ղեկավար

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ