ՆՅՈՒ ՅՈՐՔ, 8 մարտի, 2022 թ. «Կանանց միջազգային օրը մենք վերհիշում ենք հանուն աշխարհի կանանց և աղջիկների՝ միջազգային հանրությանը դժվարությամբ տրված ձեռքբերումները: Մենք տոնում ենք մեր հասարակություններում կանանց և աղջիկների նշանակալի ձեռքբերումները։ Եվ մենք քառապատկում ենք մեր հանձնառությունը՝ այդ ձեռքբերումները ամենուր, յուրաքանչյուր աղջկա համար հասանելի դարձնելու համար։
Այնուամենայնիվ, գենդերային հավասարության համար պայքարը դեռ ավարտված չէ: Եվ իսկապես, նույնիսկ մինչև կորոնավիրուսային համավարակը, գենդերային անհավասարությունը շարունակում էր լինել մեր ժամանակների ամենատարածված և ամենամեծ անարդարություններից մեկը։ Բայց այս անարդարությունը բազմապատկվել է՝ համավարակի ազդեցությամբ պայմանավորված։
Թևակոխելով կորոնավիրուսային համավարակի երրորդ տարին և սկսելով հետհամավարակային դարաշրջանի մեր գործունեությունը՝ պետք է անենք հնարավորը, որպեսզի վաղն ավելի արդար աշխարհում ապրենք:
ՔՈՎԻԴ-19-ը կործանում է աղջիկների կյանքը: Դպրոցների շարունակական փակումը, տնտեսական վիճակը և ծառայությունների խափանումները վտանգի տակ են դնում ամենախոցելի աղջիկների առողջությունը, բարեկեցությունը և ապագան: Համավարակից հետո աշխարհում ավելի քան 11 միլիոն աղջիկ կարող է դպրոց այլևս չվերադառնալ: Հաջորդ տասնամյակի ընթացքում լրացուցիչ 10 միլիոն անչափահաս աղջիկ պարտադրված ամուսնության վտանգի տակ է լինելու:
Քանի որ արգելափակումների պատճառով երեխաները ստիպված են ավելի շատ ժամանակ անցկացնել իրենց տներում, աղջիկներին է բաժին ընկնում տնային հոգսերի մեծ մասը: Շատերը հնարավորություն չեն ունենում հեռու լինել իրենց բռնության ենթարկողից՝ կտրված լինելով այն ծառայություններից և անձանցից, որոնք կարող են պաշտպանել նրանց: Գենդերային, այդ թվում սեռական բռնության ցուցանիշներն աճում են:
Մենք չենք կարող թույլ տալ, որ աղջիկների մի ողջ սերունդ իր ամբողջ կյանքում վճարի այս համավարակի գինը: Հետհամավարակային դարաշրջանում իրականացվող մեր աշխատանքների ճանապարհին աղջիկները պետք է լինեն համավարակի արձագանքման և համավարակի հետևանքներից վերականգնման գլոբալ, ազգային և տեղական ծրագրերի կենտրոնում:
Իսկ դա նշանակում է չփակել դպրոցները, որպեսզի աղջիկները վերսկսեն կրթություն ստանալ, ինչպես նաև համապատասխան ներդրումներ անել, որպեսզի կրթությունից դուրս մնացած աղջիկները լրացնեն բաց թողածը:
Դա նաև նշանակում է ներդնել հօգուտ աղջիկների առողջության և կրթության, այդ թվում՝ վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների:
Դա նշանակում է պաշտպանել աղջիկներին բռնության բոլոր ձևերից, այդ թվում՝ վնասակար այնպիսի գործելակերպերից, ինչպիսիք են անչափահաս աղջիկների ամուսնություններն ու կանանց սեռական օրգանների խեղումը:
Զորեղացած աղջիկները զորացնում են առաջխաղացումը: Աշխարհում բոլոր աղջիկները տեր են կանգնում իրենց իրավունքներին և կոչ են անում հենց այսպիսի քայլեր ձեռնարկել: Մենք պետք է ականջալուր լինենք նրանց: Համաշխարհային կայունությունը, խաղաղությունը և բարեկեցությունը կախված են դրանից:
Կանանց միջազգային օրը եկեք կորոնավիրուսային համավարակի վերականգնման աշխատանքներում աղջիկներին ուղղած մոտեցում ցուցաբերելու հանձնառություն ստանձնենք, ինչը կօգնի ստեղծել ավելի արդար և հավասար հետհամավարակային աշխարհ աղջիկների համար և ավելի պայծառ, ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագա բոլորիս համար»: