Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագիր
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, Մշտական համակարգող Շոմբի Շարփի և ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ղեկավարությամբ, գործընկեր ՀԿ-ների հետ միասին, հրապարակել է Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագիրը: Ծրագիրը նախապես ներկայացվել է Կառավարությանը և դոնոր համայնքին:
Արձագանքման ծրագիրը, որը լրացնում է Կառավարության աջակցության նախաձեռնությունները, գործելու է մինչև 2021 թ. հունիսը, և ծառայում է որպես համակարգման և պաշտպանության գործիք: Այն նախանշում է մարդասիրական աջակցության առաջնահերթությունները, մինչ օրս իրականացված ծրագրերը, ինչպես նաև՝ նոր միջոցների հավաքագրման կոչ է անում, որոնք անհրաժեշտ են Հայաստանում ապաստանած շուրջ 90,000 մարդկանց և նրանց հյուրընկալած համայնքների կարիքները հոգալու համար: Արձագանքման պլանը ներառում է 36 մարդասիրական գործընկեր և 62,6 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր ֆինանսական պահանջներով 188 նախագիծ` վեց հիմնական ոլորտներում անհրաժեշտ օգնությունն ապահովելու համար (պաշտպանություն, այդ թվում՝ երեխաների պաշտպանություն; կրթություն; ապաստան և ոչ պարենային ապրանքներ; սննդի անվտանգություն և սնուցում; առողջապահություն և վաղ վերականգնում):