Ինչպե՞ս կարող ենք պատվաստել աշխարհը: Հինգ մարտահրավեր, որ ծառացած են ՄԱԿ-ի կողմից աջակցվող COVAX ծրագրի առջև
ՄԱԿ-ի կողմից աջակցվող COVAX ծրագրի նպատակն է մինչև 2021 թ. ավարտը ձեռք բերել պատվաստանյութերի երկու միլիարդ չափաբաժին:
ՄԱԿ-ի կողմից աջակցվող COVAX ծրագրի նպատակն է մինչև 2021 թ. ավարտը ձեռք բերել պատվաստանյութերի երկու միլիարդ չափաբաժին` առավել աղքատ երկրների բնակչության մոտ մեկ քառորդին տրամադրելու համար: Որո՞նք են այն հիմնական մարտահրավերները, որ պետք է հաղթահարվեն, որպեսզի այս համաշխարհային ջանքերը հաջողեն:
Պատվաստանյութերը ՔՈՎԻԴ-19-ը համավարակը դադարեցնելու կարևորագույն բաղադրիչներից են, և, ճգնաժամի սկզբնական փուլից ի վեր, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պնդում է, որ անհրաժեշտ է համակարգված մոտեցում ցուցաբերել, որպեսզի ոչ միայն զարգացած երկրներում ապրող մարդիկ, այլև՝ բոլորը, պատշաճ պաշտպանություն ստանան վիրուսից, քանի որ այն արագորեն տարածվում է ողջ աշխարհում:
Այս մտահոգությունից ելնելով էլ՝ ստեղծվեց «Համաշխարհային COVAX Facility»-ն, միակ համաշխարհային նախաձեռնությունը, որն աշխատում է կառավարությունների և արտադրողների հետ՝ ապահովելու, որ ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերը հասանելի լինեն ինչպես բարձր, այնպես էլ՝ ցածր եկամուտ ունեցող երկրներին:
Ահա հինգ բան, որ անհրաժեշտ է իմանալ COVAX-ի առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման մասին:
1. Արտահանման վերահսկում. ամենաթու՞յլ օղակ
Համավարակի հենց սկզբում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներարկիչների կես միլիարդ պաշար հավաքեց դրանք արտադրող երկրներից դուրս գտնվող պահեստներում: Գործակալության հեռատեսությունն արդյունավետ էր. երկրները արտահանման վերահսկողություն սահմանեցին ներարկիչների վրա, գները կտրուկ բարձրացան, իսկ մատակարարումները սահմանափակվեցին:
Մի շարք երկրներ արտահանման վերահսկողություն սահմանեցին նաև պատվաստանյութերի նկատմամբ՝ ԱՀԿ-ին դրդելով նախազգուշացնել «պատվաստանյութերի ազգայնականության» վտանգի մասին, որը հանգեցնում է պահեստավորման ու գների բարձրացման, ինչի արդյունքում էլ երկարացնում է համավարակն ու այն սահմանափակումները, որոնք անհրաժեշտ են դրա զսպման համար, ինչպես նաև՝ մարդկային ու տնտեսական տառապանքները:
Պատվաստանյութերի չափաբաժինները մարդկանց տրամադրելու գործընթացը ենթադրում է բարդ, համաշխարհային մատակարարման շղթա: Պատվաստանյութի արտադրման համար անհրաժեշտ բաղադրիչներից մինչև ապակե տարրաներն ու պլաստիկ խցանները, սրվակներն ու ներարկիչները: Այդ իսկ պատճառով, այս արտադրանքներից որևէ մեկի արտահանման արգելքը կամ վերահսկողությունը կարող է մեծ խափանումներ առաջացնել պատվաստանյութերի բաշխման հարցում:
Արտահանման վերահսկողության բազմաթիվ միջոցների հետևանքով, որոնք կարող են սահմանափակել մատակարարումը, ավելի աղքատ երկրները շատ ավելի մեծ հնարավորություն կունենան պաշտպանելու իրենց քաղաքացիներին, եթե կարողանան պատվաստանյութեր արտադրել:
«ԱՀԿ-ն աջակցում է երկրներին՝ պատվաստանյութերի արտադրության համար տեխնոլոգիա և կարողություններ ձեռք բերելու ու պահպանելու գործում այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսիք են՝ Զարգացող երկրների պատվաստանյութեր արտադրողների ցանցը», - ասում է Դիանա Աբադ-Վերգարան՝ COVAX նախաձեռնության հարցերով ԱՀԿ-ի հաղորդակցության ղեկավարը, - «և օգնում է նրանց լրացուցիչ արտադրական գործարաններ կառուցել, հատկապես՝ Աֆրիկայում, Ասիայում ու Լատինական Ամերիկայում, ինչը կարևոր նշանակություն կունենա ՔՈՎԻԴ-19-ի հավելյալ դեղաչափերի և ապագա պատվաստանյութերի շարունակական պահանջարկի բավարարման համար:
«Ընդհանուր առմամբ արտադրության ընդլայնումը թույլ կտա աղքատ երկրներին ավելի քիչ կախված լինել հարուստ երկրների նվիրատվություններից»:
2. Պատվաստանյութեր տրամադրելը նրանց, ով դրանց կարիքն ունի, հեշտ չէ
Չնայած, որ COVAX-ին անդամակցող բոլոր երկրներն ունեն ենթակառուցվածքներ, որոնք անհրաժեշտ են պատվաստանյութերի չափաբաժինները բեռնատար ինքնաթիռներից հանելու և սառնարանային պահեստներում տեղադրելու համար, այնուամենայնիվ, հետագա քայլերը կարող են ավելի բարդ լինել:
«Գանան՝ առաջին երկիրը, որը ստացել է պատվաստանյութը COVAX-ի միջոցով, լավ արդյունքներ է գրանցել պատվաստանյութի չափաբաժինների բաշխման հարցում», - ասում է Ջիան Գանդին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի COVAX համակարգողը, - «բայց այլ երկրներ, ինչպիսիք են օրինակ արևմտյան Աֆրիկայի ֆրանսախոս երկրները, դժվարացել են հավաքագրել համապատասխան ռեսուրսներ՝ անհրաժեշտ պատվաստանյութերի չափաբաժինները բաշխելու ու դրանք իրենց տարածքում՝ քաղաքներում ու գյուղերում, մատակարարելու համար: Սա նշանակում է, որ բազմաթիվ աղքատ երկրներում ամենաշատ չափաբաժինները բաշխվում են խոշոր քաղաքային կենտրոններում»:
«Մենք ուզում ենք համոզվել, որ ոչ ոք չի տուժի», - ասում է պարոն Գանդին, - «բայց կարճաժամկետ հեռանկարում, քաղաքներում պատվաստանյութի չափաբաժինների կենտրոնացումն առնվազն նշանակում է, որ առաջնահերթություն է տրվում առողջապահական ոլորտում և առաջնագծում գտնվող աշխատողների պատվաստմանը քաղաքներում, որտեղ բնակչության ավելի մեծ խտությունը նրանց ավելի մեծ վտանգի է ենթարկում»:
3. Ավելի շատ ֆինանսավորում է անհրաժեշտ առավել աղքատ երկրներում պատվաստանյութերի տարածման համար
Պատվաստանյութերի տարածումը արագացնելու և քաղաքային պահեստներից հեռավոր շրջաններ մատակարարելու միջոցներից մեկը, պարզապես, կանխիկ գումարն է: «Ֆինանսավորումը մշտական խնդիր է, նույնիսկ՝ համավարակին արձագանքելու դեպքում», - ասում է տիկին Աբադ-Վերգարան: «Իր 190 անդամներին պատվաստանյութերի տրամադրման գործընթացը շարունակելու համար COVAX-ին անհրաժեշտ է առնվազն 3,2 միլիարդ դոլար 2021 թվականին: Որքան արագ իրականացվի ֆինանսավորման այս նպատակը, այնքան արագ պատվաստանյութերը կարող են հասանելի դառնալ մարդկանց համար:
Մի շարք երկրների, մասնավորապես՝ ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներդրումները լրացրել են պատվաստանյութերի ֆինանսավորման բացը: Այնուամենայնիվ, այդ պատվաստանյութերի մատակարարման ֆինանսավորումն ավելի խնդրահարույց է:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատմամբ՝ լրացուցիչ 2 միլիարդ ԱՄՆ դոլար է անհրաժեշտ, որպեսզի 92 ամենաաղքատ երկրները վճարեն առաջնային անհրաժեշտության այնպիսի իրերի համար, ինչպիսիք են սառնարանները, բուժաշխատողների վերապատրաստումը, պատվաստողների ծախսերը և սառնարանային բեռնատարների վառելիքը, և, որպես մարդասիրական կոչի մաս, կոչ է անում դոնորներին անհապաղ 510 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել՝ հրատապ կարիքները հոգալու համար:
4. Ավելի հարուստ երկրները պետք է բաշխեն պատվաստանյութերի ավելացած չափաբաժինները
COVAX-ը մրցակցում է առանձին երկրների հետ, որոնք անմիջական գործարքներ են կնքում դեղագործական ընկերությունների հետ, ինչը լրացուցիչ ճնշում է գործադրում ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերի հասանելիության վրա: Միևնույն ժամանակ, ավելի հարուստ երկրները կարող են ունենալ պատվաստանյութերի ավելացած չափաբաժիններ:
«Մենք այս երկրներին կոչ ենք անում բաշխել իրենց ավելացած պատվաստանյութերի չափաբաժինները և հնարավորինս արագ համագործակցել COVAX-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ»,- ասում է պրն. Գանդին, - «քանի որ անհրաժեշտ կլինեն որոշ իրավական, վարչական և գործնական քայլեր, որպեսզի դրանք հասցվեն այնտեղ, որտեղ դրանց կարիքը կա»: Ցավոք, ներկայում չկան բարձր եկամուտ ունեցող բազմաթիվ երկրներ, որոնք ցանկանում են ունեցածը բաշխել»:
«Ներկայիս «առաջնահերթ ինձ» մոտեցումը նախապատվությունը տալիս է նրանց, ովքեր կարող են ամենաշատը վճարել, և, ի վերջո, այն ավելի թանկ կարժենան թե ֆինանսական, թե մարդկային կյանքերի տեսանկյուններից», - զգուշացնում է տիկին Աբադ-Վերգարան: «Բայց կարևոր է նշել, որ երկկողմ գործարքները չեն խանգարում որևէ երկրի COVAX-ի միջոցով ստանալ կամ հատկացնել պատվաստանյութեր, հատկապես՝ չափաբաժինների բաշխման միջոցով»:
5. Երկմտանք պատվաստանյութերի նկատմամբ. մտահոգության շարունակական պատճառ
Չնայած անհերքելի ապացույցներին, որ պատվաստումը կյանքեր է փրկում, պատվաստանյութերի նկատմամբ երկմտանքը, որը գոյություն ունի յուրաքանչյուր երկրում, դեռևս մնում է մշտական լուծում պահանջող խնդիր:
Այս երևույթը մասամբ պայմանավորված է ՔՈՎԻԴ-19-ի շուրջ առկա ապատեղեկատվությամբ, ինչը մտահոգիչ էր նույնիսկ նախքան համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակի հայտարարումը, և մայիսին ՄԱԿ-ը նախաձեռնեց «Հավաստի» արշավը, որը պայքարում է ստերի և խեղաթյուրված տեղեկատվության դեմ՝ տրամադրելով ճգնաժամի մասին վստահելի, ճշգրիտ տեղեկատվություն:
«Համավարակի ընթացքում հսկայական քանակությամբ ապատեղեկատվություն է շրջանառվում», - ասում է տիկին Աբադ-Վերգարան: «ԱՀԿ-ն քրտնաջան աշխատում է՝ դրա դեմ պայքարելու, ինչպես նաև՝ պատվաստանյութերի նկատմամբ վստահության ամրապնդման և տարբեր համայնքների ներգրավման ուղղությամբ»: