ADAMS-ի վերաբերյալ ամփոփիչ խորհրդակցություններ
14 նոյեմբերի 2024
14 նոյեմբերի 2024թ., Երևան - ՄԱԶԾ-ի կողմից և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող LEAD հանուն Լոռու ու Տավուշի ծրագրի մաս հանդիսացող Հայաստանի Զարգացման աջակցության և ֆինանսների կառավարման համակարգի (ADAMS) շուրջ ամփոփիչ խորհրդակցությունները տեղի ունեցան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում:
ADAMS-ը առցանց տեղեկատվական կառավարման համապարփակ համակարգ է, որը պատկանում և շահագործվում է ՀՀ կառավարության կողմից: Այս կենտրոնացված համակարգը ծառայում է որպես ընդհանուր զարգացման աջակցության և օգնության ծրագրերի վերաբերյալ կարևոր տվյալների պահոց։ Համակարգը մշակվել է Synergy International Systems-ի կողմից։
«ADAMS-ը նորարարական նախաձեռնություն է Հայաստանում, որն ուղղված է երկրում թափանցիկության, հաշվետվողականության և զարգացման աջակցության համակարգման բարելավմանը` համահունչ կառավարության առաջնահերթություններին և ազգային զարգացման ռազմավարություններին: Սա կարևոր է զարգացման աջակցության կազմակերպված և արդյունավետ մոտեցման համար, հատկապես հաշվի առնելով Կայուն զարգացման նպատակներին հասնելու երկրի պարտավորությունները», - բացման խոսքում նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը։
«Ես կցանկանայի ընդգծել, որ ADAMS-ը զգալի առաջընթաց է Հայաստանի համար՝ զարգացման ծրագրերը թափանցիկ և արդյունավետ կերպով կառավարելու և զեկուցելու առումով: Մենք երախտապարտ ենք մեր գործընկերներին և շահագրգիռ կողմերին իրենց շարունակական աջակցության համար և ակնկալում ենք երկարատև համագործակցություն՝ այս կարևոր համակարգի լիարժեք իրականացման գործում», - ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին:
Փոխվարչապետ պարոն Գրիգորյանի խորհրդական Անի Բաբայանը կարևորեց հարթակի գործնական ասպեկտները․ «ADAMS-ը կուժեղացնի զարգացման աջակցության և ֆինանսների համակարգումը կենտրոնացված տեղեկատվական կառավարման միջոցով, ներառելով տեղեկատվություն ծրագրի գործողությունների վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը հանձնառու է ապահովել հարթակի լիարժեք գործունեությունը»։
ADAMS-ի վերջնական տարբերակը ներկայացրեց Անի Բաբայանը և Synergy International Systems-ի ծրագրի ղեկավար Հովհաննես Աղաջանյանը, որին հաջորդեցին միջոցառման մասնակիցների հարցերն ու պատասխանները:
Միջոցառմանը ներկա էին կառավարության, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների աշխատակիցներ և այլ շահագրգիռ կողմեր: