Մամուլի հաղորդագրություն

Դոկտոր Հանս Հենրի Պ. Կլյուգեն անդամ պետությունների կողմից առաջադրվել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում երկրորդ հնգամյա ժամկետով

30 հոկտեմբերի 2024

Առաջիկա հինգ տարիներին հանրային առողջապահության համար առաջնահերթությունները կներառեն առանցքային կարևորության ոլորտներ, այդ թվում նաև ազգային առողջապահական համակարգերի անվտանգությունը, հոգեկան առողջությունը, կլիմայական ճգնաժամը և գենդերային բռնությունը:

Կոպենհագեն, 30 հոկտեմբերի 2024թ․

ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանի (ԱՀԿ Եվրոպա) անդամ երկրները դոկտոր Հանս Հենրի Պ. Կլյուգեին առաջադրել են ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի պաշտոնում երկրորդ հնգամյա ժամկետով։ Նրա պաշտոնավարումը կմեկնարկի 2025 թվականի փետրվարին՝ ԱՀԿ Գործադիր խորհրդի կողմից պաշտոնապես ընտրվելուց հետո:

Դիմելով Կոպենհագենում ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի 74-րդ նստաշրջանի (RC74) պատվիրակներին՝ դոկտոր Կլյուգեն հայտնեց իր երախտագիտությունը․

«ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի պաշտոնում ծառայելն իմ կյանքի պատիվն է եղել, և ես իսկապես շատ շնորհակալ եմ և զգացված իմ առաջադրմանն ուղղված գերակշիռ աջակցության համար: Իմ երկրորդ ժամկետի առաջին խնդիրը կլինի մյուս տարի խորհրդակցել Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում բոլոր 53 անդամ պետությունների, ինչպես նաև մեր բոլոր առողջապահական գործընկերների հետ՝ միասին մշակելու մեր հաջորդ հնգամյա ծրագիրը, որը նաև հայտնի է որպես Աշխատանքի եվրոպական հայեցակարգ երկրորդ խմբագրությամբ», - ասաց դոկտոր Կլ յուգեն:

Նկարագրություն՝ Դոկտոր Հանս Կլյուգեն երկրորդ ժամկետով առաջադրվել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում:
Լուսանկարը՝ © ԱՀԿ/Ուկա Բորեգարդ

«Մենք կշարունակենք հիմնվել անցած հինգ տարիների բազմաթիվ հաջողությունների վրա՝ որոնք ներառում են համաճարակներին պատրաստվածության և առողջապահական համակարգերի ամրապնդման, հոգեկան առողջության, թվային առողջության և իմունիզացիայի ուղղություններով կատարած աշխատանքները: Բայց նաև կընդլայնենք մեր առաջնահերթությունները՝ ներառելով այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են ազգային առողջապահական համակարգերի անվտանգության ամրապնդումը, կլիմայական ճգնաժամի առողջապահական ազդեցությունների դեմ պայքարը, հակամանրէային կայունության դեմ հրատապ գործողություններ ձեռնարկելը և արագ փոփոխվող ժողովրդագրության պայմաններում առողջ ծերացման խթանումը: Այս ամենը կլրացվի կանանց, աղջիկների և երիտասարդների վրա նորովի ուշադրությամբ, այդ թվում՝ անդրադառնալով սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների ոլորտում գրանցված վնասակար նահանջներին, ինչպես նաև գենդերային բռնության մտահոգիչ աճին»:

RC74-ի անդամ երկրները նաև քննարկել են, թե ինչպես աշխատել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հետ և իրենց երկրներում՝ լուծելու հետևյալ 4 հրատապ խնդիրները՝ 

  • կայուն և դիմակայուն առողջապահական համակարգերի շրջանակի ընդունում՝ հենված վստահության բարձր մակարդակի, առաջնային առողջապահական խնամքի նկատմամբ վերանայված հանձնառության և առողջապահության աշխատուժի մեջ ներդրումների ավելացման վրա,
  • եվրոպական տարածաշրջանում առողջապահական արտակարգ իրավիճակների պատրաստվածության, արձագանքման և դիմակայունության ամրապնդում, որը նաև հայտնի է որպես Պատրաստվածության 2.0 (Preparedness 2.0),
  • մինչև 2030 թվականն արագ արձագանքման բժշկական թիմերի կարողությունների բարձրացում՝ ապահովելու դրանց արագ տեղակայումը առողջապահական ծանր արտակարգ իրավիճակներում, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան, և
  • տարածաշրջանում առողջապահական նորարարությունների և զարգացող տեխնոլոգիաների կիրառման ռազմավարության մշակում, որը կներկայացվի հաստատման 2025 թվականին:
     

Դիմակայուն և կայուն առողջապահական համակարգեր

Անդամ պետություններն ընդունում են իրենց առողջապահական համակարգերում ներդրումները շարունակելու և ամրապնդելու անհրաժեշտությունը՝ դասեր քաղելով COVID-19 համաճարակից: Ի վերջո, քաղաքացիների առողջության և բարեկեցության բարելավումը հիմնված է մի շարք կարևորագույն նախադրյալների վրա, ինչպիսիք են առողջության առաջնային պահպանման օղակի և ընտանեկան բժիշկների դերի ուժեղացումը, առողջապահական ապագա աշխատուժի
կերտման գործում համապատասխան ներդրումների իրականացումը՝ պատշաճ վերապատրաստման, կադրերի հավաքագրման և նրանց պահպանման միջոցով, առողջապահության ոլորտում թվային լուծումների և արհեստական բանականության օգտագործումը և կայուն ֆինանսավորման մոդելների մշակումը, որոնք առողջապահական համակարգերին անհրաժեշտ միջոցներ են ապահովում որակյալ բուժօգնություն մատուցելու համար:

«Ժամանակն է փոխել մեր մտածելակերպը և առողջապահությունն այսուհետ դիտարկել որպես առաջնային ներդրում, և ոչ պարզապես հարկատուի միջոցների ծախս», - շարունակեց դոկտոր Կլյուգեն: «Մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում գրանցված փաստերը ցույց են տալիս, որ առողջապահության ոլորտում ներդրումները տնտեսության համար միջոցների վատնում չեն, այլ՝ ընդհակառակը: Իրականում, առողջապահական ոլորտն ապահովում է բազմաթիվ առավելություններ՝ անհատական և համայնքային առողջությունից ու բարեկեցությունից անդին: Այն նպաստում է տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը, նպաստում է սոցիալական համախմբվածությանը և բարելավում է աշխատուժի արդյունավետությունը, եթե նշենք միայն 3գործոն»:

Նկարագրություն՝ ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս Կլյուգեն
Լուսանկարը՝ © ԱՀԿ/Ուկա Բորեգարդ

Պատրաստվածություն 2.0 (Preparedness 2.0)

Պատրաստվածություն 2.0-ը ԱՀԿ Եվրոպայի նոր տարածաշրջանային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրն է՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում (2024–2029) առողջապահական արտակարգ իրավիճակների պատրաստվածության, արձագանքման և դիմակայունության համար: Այն նախատեսված է տարածաշրջանում ջանքերն ընդլայնելու համար՝ առողջապահական արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու, արձագանքելու, դրանք կանխելու և դրանց հանդեպ ավելի դիմակայուն դառնալու նպատակով․ ապագային միտված այս պլանը պատրաստվածությունը տեղափոխում է հաջորդ մակարդակ, քանի որ այն հիմնվում է վերջին ճգնաժամերից քաղված դասերի վրա:

«Մենք COVID-19-ից և առողջապահական այլ արտակարգ իրավիճակներից դասեր քաղելու և դրանք ռազմավարական, հավակնոտ, բայց և գործնական մոտեցումներով կիրառելու հնարավորություն ունենք՝ ապահովելու, որ մենք ավելի լավ պատրաստված լինենք այն ամենին, ինչ կարող է պատահել», - ասաց դոկտոր Կլյուգեն: «Կարևոր է որդեգրել երկակի մոտեցում, որտեղ առողջապահական համակարգերը կկարողանան ապահովել հիմնական առողջապահական ծառայությունները՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով կարճ ժամանակում ընդլայնել դրանք և արձագանքել առողջապահական արտակարգ իրավիճակներին: Պատրաստվածություն 2.0-ը նաև լրացում է ԱՀԿ անդամ պետությունների՝
համավարակների վերաբերյալ միջազգային առաջին համաձայնագրի ստորագրմանը և Միջազգային առողջապահական կանոնների բարեփոխմանն ուղղված վերջին ջանքերին»:

Արագ արձագանքման բժշկական թիմեր

Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) 2024–2030թթ․ տարածաշրջանային գործողությունների ծրագիրը ճանապարհ է հարթում տարածաշրջանի երկրների համար՝ ստեղծելու և ամրապնդելու իրենց ԱԱԲԹ կարողությունները: Աջակցելով ազգային մակարդակում արվող ջանքերին՝ այս ծրագիրն երաշխավորում է, որ բարձրորակ, կյանք փրկող բժշկական ծառայություններն ավելի մոտ լինեն նրանց, ովքեր դրանց կարիքն ունեն ճգնաժամի ժամանակ: Եվրոպական տարածաշրջանում գործում է աշխարհի ամենագործուն ԱԱԲԹ ցանցերից մեկը, որը ներառում է ավելի քան 85 թիմեր՝ ավելի քան 75 000 բարձր պատրաստվածությամբ բժշկական մասնագետներով, որոնք ամուր հիմք են ստեղծում Տարածաշրջանային գործողությունների ծրագրի իրականացման համար:

«Լինեն բնական աղետներ, թե հակամարտություններ կամ հիվանդությունների բռնկում՝ նպատակն ավելի լավ պատրաստվածության ու արագ արձագանքման առկայությունն է՝ ապահովելով, որ բոլորը և ամենուր ստանան իրենց անհրաժեշտ բուժխնամքը, երբ դրա կարիքն ամենաշատն ունեն: Մենք ականատես ենք եղել, թե որքան կարևոր դեր ունեն ԱԱԲԹ-ները Ուկրաինայի պատերազմի, Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի և կլիմայի հետ կապված արտակարգ իրավիճակների ընթացքում առողջապահական արձագանքն ապահովելու համար: Համատեղ ջանքերով մենք նպաստում ենք, որ մեր տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր կարողանա ապահովել ուժեղ, հագեցած և պատրաստ ԱԱԲԹ աջակցությամբ արձագանք՝ մի շարք առողջապահական մարտահրավերներին դիմագրավելու համար», - ասաց դոկտոր Կլյուգեն:

Առողջապահական նորարարությունների և զարգացող տեխնոլոգիաների օգտագործում

Բազմաթիվ ճգնաժամերի, ոչ վարակիչ հիվանդությունների և հոգեկան առողջության ոլորտներում անավարտ նախաձեռնությունների, բնակչության ծերացման և բուժաշխատողների պակասի պայմաններում, աշխատանքի ավանդական մոդելը պարզապես արդիական չէ տարածաշրջանի առողջապահական համակարգերի համար: Առողջապահության ոլորտը պետք է որդեգրի նորարարությունը՝ որպես առողջապահության խթանման հիմնական շարժիչ ուժ: Տարածաշրջանում գործում են բազմաթիվ նորարարական կենտրոններ առողջապահության ոլորտում, բայց դրանք հաճախ կարող են գործել առանց միմյանց հետ փոխազդելու և գիտելիքներն ու գաղափարներն այլ ոլորտների, այդ թվում՝ հանրային առողջության ոլորտի հետ չփոխանակելու պայմաններում: Ամեն օր առաջանում են նոր լուծումներ՝ հաճախ չափազանց սրընթաց կառավարությունների շրջանում գնահատելու, հարմարվելու և ընդունելու համար: Ահա թե ինչու անդամ երկրները միասին աշխատում են առողջապահական նորարարությունները և նորարար տեխնոլոգիաներն օգտագործելու ռազմավարություն մշակելու համար՝ նպատակ ունենալով հաստատել ռազմավարությունը հաջորդ տարվա Տարածաշրջանային կոմիտեի նիստում:

«Եվրոպական տարածաշրջանում մենք տեխնոլոգիական, սոցիալական և ֆինանսական նորարարություններն օգտագործելու անսահման հնարավորություններ ունենք», - նշեց դոկտոր Կլյուգեն: «Այս նոր տեխնոլոգիաները կարող են հեղափոխիչ ազդեցություն ունենալ բուժառուների փորձառության վրա, օգնել կառավարելու քրոնիկ իրավիճակները, նպաստել առողջության և բարեկեցության լավացմանը և աջակցել մեր առողջապահական և խնամքի տրամադրման ոլորտների աշխատողներին: Բայց չնայած դրանց խոստումնալից լինելուն՝ մենք դեռ պետք է բացահայտենք նրանց ողջ ներուժը: Կան երկրներ, որ դեռևս դժվարությունների են հանդիպում ստարտ-ափերի և նորարարական կենտրոնների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու, դրանք ֆինանսավորելու ու զարգացնելու, ինչպես նաև նորարարության առավելությունները էթիկորեն և արդարացիորեն կիսելու հարցերում: Միասին, հիմնվելով նորարարությունների կայացած օրինակների վրա, որոնց վերջին տարիներին մենք արդեն ականատես ենք եղել թվային առողջության և նոր դեղամիջոցների ոլորտում, մենք հույս ունենք փոխել այդ իրավիճակը»:

Նկարագրություն՝ Դոկտոր Հանս Կլյուգեն՝ Կոպենհագենում ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի 74-րդ նստաշրջանում
Լուսանկարը՝ © ԱՀԿ/Ուկա Բորեգարդ

Մշտական ճգնաժամը՝ որպես նոր իրողություն

Դոկտոր Կլյուգեն մեկնարկեց իր պաշտոնավարման առաջին ժամկետը՝ որպես տարածաշրջանային տնօրեն, հենց այն ժամանակ, երբ բռնկվել էր COVID-19 համավարակը՝ ամենուրեք կործանիչ ազդեցություն թողնելով մարդկանց կյանքերի և ապրուստի միջոցների վրա և աննախադեպ ճնշում գործադրելով առողջապահական համակարգերի վրա: Երբ վերջապես
COVID-19-ն սկսեց վերահսկելի դառնալ, Եվրոպական տարածաշրջանում՝ նախքան աշխարհում տարածվելը, ի հայտ եկավ մեկ այլ առողջապահական արտակարգ իրավիճակ՝ ԷՄփոքսը: Դրան գումարվեցին եղանակային ծայրահեղ իրադարձությունները՝ ներառյալ շոգերը և ջրհեղեղները, երկրաշարժերը Թուրքիայում և հյուսիս-արևմտյան Սիրիայում, ինչպես նաև սուր, երկարատև հումանիտար ճգնաժամերն Ուկրաինայում և Գազայում, Իսրայելում և Լիբանանում: Ամփոփելով հարկ է նշել, որ անցած հինգ տարիները նշանավորվել են մշտական ճգնաժամային վիճակով, որը բազմաթիվ ճակատներում մարտահրավեր է նետում առողջապահական համակարգերին և բուժաշխատողներին:

«Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գրեթե 1 միլիարդ մարդու համար կարևոր առաջնահերթություններ սահմանելով և գործելով՝ անդամ պետությունները դրսևորեցին ողջունելի համերաշխություն և դաշնակցություն՝ խորացող անվստահության և պառակտման պահին», - եզրափակեց դոկտոր Կլ յուգեն: «Առողջությունը կարող է և միավորում է երկրներին և համայնքներին: Մենք ԱՀԿ Եվրոպայում երախտապարտ ենք մեր անդամ պետությունների և գործընկերների հետ աշխատելու հնարավորության համար՝ օգնելու կերտել առողջության ապագան՝ ի շահ բոլորի»

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ