ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ, ԷԿՐԱՆՆԵՐԸ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
16 հոկտեմբերի 2024
Երևան, 16 հոկտեմբերի 2024թ. - 10 դեռահասից 1-ը պայքարում է սոցցանցերի օգտագործումը վերահսկողության ներքո պահելու համար, և այդ միտումը Հայաստանում աճում է։
ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նոր տվյալները փաստում են դեռահասների շրջանում սոցիալական մեդիայի խնդրահարույց օգտագործման կտրուկ աճի մասին, ընդ որում Եվրոպական տարածաշրջանում միջին ցուցանիշները 7%-ից (2018 թ․) հասել են 11%-ի (2022 թ․):
Հայաստանյան տվյալներն արտացոլում են միևնույն միտումը․ ամենաբարձր աճը գրանցվել է աղջիկների շրջանում, որոնք եռապատկել են սոցիալական ցանցերի խնդրահարույց օգտագործումը՝ հասնելով 13%-ի՝ նախկինում գրանցված 4%-ի համեմատ։ Տղաների շրջանում արձանագրված ցուցանիշը 12% է՝ նախկին 6%-ի համեմատ։
Այս ցուցանիշները մտահոգություններ են առաջացնում այն մասին, թե ինչպես են Հայաստանում և ընդհանրապես Եվրոպայում թվային տեխնոլոգիաներն ազդում երիտասարդության հոգեկան առողջության և բարեկեցության վրա: Այս տվյալները վերցված են Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտությունից (HBSC), որը 2022 թ․ անցկացվել է 11, 13 և 15 տարեկան գրեթե 280,000 երիտասարդների շրջանում, որոնք ապրում են 44 երկրներում և տարածաշրջաններում՝ ընդգրկելով Եվրոպան, Կենտրոնական Ասիան և Կանադան:
Հայաստանին վերաբերող առանցքային տվյալներից են.
- Տղաների 10%-ը և աղջիկների 13%-ը նշել են, որ պայքարում են սոցիալական մեդիայի օգտագործումը վերահսկելու համար, և այն արդեն իսկ հանգեցրել է բացասական հետևանքների:
- Դեռահասների 44%-ը (ամենաբարձր ցուցանիշը 15-ամյա աղջիկների շրջանում է՝ 49%) ընկերների հետ մշտական կապի մեջ է առցանց:
Եվրոպական տարածաշրջանին վերաբերող առանցքային տվյալներից են.
- 10 դեռահասից ավելի քան մեկը (11%) դրսևորել է սոցցանցային խնդրահարույց վարքագծի նշաններ, և հայտնել է, որ պայքարում է սոցցանցերի օգտագործումը վերահսկելու համար ու զգում է դրանց բացասական հետևանքները: Աղջիկների շրջանում գրանցվել է սոցիալական ցանցերի խնդրահարույց օգտագործման ավելի բարձր ցուցանիշ, քան՝ տղաների (13%՝ 9%-ի համեմատ):
- Երիտասարդների ավելի քան մեկ երրորդը (36%) հայտնել է ընկերների հետ առցանց մշտական կապի մեջ լինելու մասին (ամենաբարձր ցուցանիշը 15-ամյա աղջիկների շրջանում է՝ 44%):
Զեկույցը սահմանում է սոցիալական մեդիայի խնդրահարույց օգտագործումը որպես կախվածության ռիսկ պարունակող հետևյալ նշանները դրսևորող վարքագիծ՝
- սոցցանցերի օգտագործումը վերահսկելու անկարողություն
- սոցցանցերի չօգտագործման հետևանքով առաջացող «զրկանքի համախտանիշ»
- գործունեության այլ տեսակների անտեսում՝ հօգուտ սոցիալական ցանցերի
- առօրյա կյանքում բացասական հետևանքների հետ առերեսում՝ սոցցանցերի չափից ավելի օգտագործման պատճառով։
Սոցցանցերի խնդրահարույց օգտագործման աճի հետևանքները
Դեռահասների շրջանում սոցցանցերի խնդրահարույց օգտագործման աճը էական մտահոգություններ է առաջացնում՝ երիտասարդների շրջանում դրանց հնարավոր ազդեցությունների վերաբերյալ: Նախորդ հետազոտության համաձայն՝ սոցցանցային խնդրահարույց վարքագիծ դրսևորող օգտատերերը նաև հայտնել են իրենց հոգեկան և սոցիալական բարեկեցության մակարդակի նվազման և կախվածություն առաջացնող նյութերի օգտագործման ավելի բարձր մակարդակի մասին՝ ի համեմատ նման վարք չդրսևորողների և ոչ օգտատերերի հետ: Այս միտումը, եթե շարունակվի, կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ դեռահասների զարգացման և երկարաժամկետ առողջության վրա: Ավելին, սոցիալական ցանցերի խնդրահարույց օգտագործումը կապված է քնի պակասի և ուշ քնելու հետ, ինչը կարող է ազդել դեռահասների ընդհանուր առողջության և ուսումնական առաջադիմության վրա:
«Սոցիալական ցանցերը կարող են ունենալ և՛ դրական, և՛ բացասական հետևանքներ դեռահասների առողջության և բարեկեցության վրա»,- նշել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Սիդարթա Դատտան: Ծնողների, ուսուցիչների և Առողջապահության նախարարության հետ համատեղ, մենք պետք է օգնենք երիտասարդներին ապահով կերպով կողմնորոշվել թվային ոլորտում և օգնենք նրանց իրազեկված ընտրություն կատարել իրենց առցանց գործունեության վերաբերյալ՝ առավելագույնի հասցնելով օգուտները և նվազագույնի հասցնելով իրենց հոգեկան և սոցիալական բարեկեցությանը սպառնացող ռիսկերը»:
Սոցիալական մեդիայի օգտագործման դրական կողմերը
Թեև զեկույցը շեշտադրում է ռիսկերը, այն նաև ընդգծում է սոցցանցերի պատասխանատու օգտագործման առավելությունները: Սոցցանցերում լայնորեն ներգրավված, սակայն խնդրահարույց վարքագիծ չդրսևորող դեռահասները նշել են՝ ավելի ամուր աջակցություն և սոցիալական կապեր են ձեռքբերել իրենց հասակակիցների շրջանում:
Հասցեական գործողություններ
Սոցիալական մեդիայի խնդրահարույց օգտագործման դեմ ուղղված գործողությունները պետք է օգնեն երիտասարդներին զարգացնել թվային գրագիտության հմտությունները, խթանել առցանց պատշաճ վարքագիծը և աջակցել սոցցանցերի խնդրահարույց օգտագործման վտանգին առերեսված օգտատերերին:
Գործողությունների ճանապարհային քարտեզ
Թեև հետազոտության արդյունքները մտահոգիչ են, դրանք կարելի է նաև կիրառել հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ ուրվագծելու համար: ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը, որը ներառում է Եվրոպան և Կենտրոնական Ասիան, քաջալերում է քաղաքականություն մշակողներին, մանկավարժներին և առողջապահական ծառայություններ մատուցողներին առաջնահերթություն տալ դեռահասների թվային բարեկեցությանը, կոչ անելով՝
- ներդրումներ կատարել առողջությունը խրախուսող դպրոցական միջավայրում՝ հիմնված թվային գրագիտության ուսուցանման վրա․ դպրոցներում պետք է իրականացնել ապացուցահենք ծրագրեր, որոնք անդրադառնում են սոցցանցերի պատասխանատու օգտագործմանը, առցանց անվտանգությանը, քննադատական մտածողության հմտություններին և խաղային առողջ սովորություններին:
- Բարելավել հոգեկան առողջության ծառայությունները․ պետք է ապահովել գաղտնի, չդատապարտող և մատչելի հոգեկան առողջության ծառայությունների հասանելիությունը, որոնք կարող են լուծել թվային տեխնոլոգիաների խնդրահարույց օգտագործման հետևանքով առաջացած խնդիրները:
- Խթանել բաց երկխոսությունը. Պետք է խրախուսել թվային բարեկեցության մասին զրույցներն ընտանիքներում, դպրոցներում և համայնքներում՝ խարանը նվազեցնելու ու իրազեկվածությունը բարձրացնելու համար:
- Վերապատրաստել մանկավարժներին և առողջապահական ծառայություններ մատուցողներին․ անհրաժեշտ է ապահովել մասնագիտացված ուսուցում՝ թվային գրագիտության ոլորտում արդյունավետ և ներառական կրթություն և աջակցություն տրամադրելու համար:
- Հարթակներին պարտադրել հաշվետվողականություն․ պետք է ապահովել, որ սոցցանցային հարթակներում կիրառեն տարիքային սահմանափակումներ և ստեղծել կանոնակարգ, որը կխրախուսի երիտասարդ օգտատերերի համար թվային գործիքների պատասխանատու մշակումը:
Ամբողջական զեկույցը կարելի է ներբեռնել այստեղից: