Մամուլի հաղորդագրություն

ՀՀ առողջապահության նախարարությունը, ԱՀԿ-ն և միջազգային գործընկերները Հայաստանում ընդլայնում են աջակցությունն ու ջանքերը՝ ուղղված երկրում առաջնային առողջության պահպանման ոլորտի հզորացմանը

13 սեպտեմբերի 2024

Երևան, 13 սեպտեմբերի - Առողջապահության նախարարությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և միջազգային գործընկերներն այսօր նախաձեռնեցին ռազմավարական քաղաքականության երկխոսության հանդիպում։ Այն ուղղված էր առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի հզորացմանը՝ որպես Հայաստանում համապարփակ առողջապահական ծածկույթի (ՀԱԾ) ապահովման քայլ:

Նկարագրություն՝ ՀՀ առողջապահության նախարարությունը, ԱՀԿ-ն և միջազգային գործընկերները
Լուսանկարը՝ © WHO

Առողջության առաջնային պահպանման մեջ ներդրումներն ամենաարդյունավետ միջոցներից են՝ ապահովելու առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը, բարելավելու առողջապահական համակարգի արդյունավետությունը և զարգացնելու հաշվետվողականություն՝ առողջապահության ոլորտում նոր ձեռքբերումների համար։

Հանդիպումը համախմբեց տարբեր մասնակիցների, այդ թվում՝ պետական պաշտոնյաների, առողջապահական ծառայություններ տրամադրողների, միջազգային գործընկերների, մարզպետարանների ներկայացուցիչների, ազգային և միջազգային փորձագետների, որոնք քննարկեցին աշխատանքների և ներդրումների ներդաշնակեցումը հանուն Հայաստանում համապարփակ առողջապահական ծածկույթի (ՀԱԾ) առաջխաղացման՝ ԱԱՊ հասանելի և դիմակայուն ծառայությունների միջոցով։

Առողջապահության նախարարի տեղակալ դոկտոր Արտակ Ջումայանը նշեց. «Առողջության առաջնային պահպանման օղակի ճիշտ կազմակերպված աշխատանքից է բխում հիվանդանոցային և այլ օղակների բնականոն աշխատանքը։ Հասկանալով առկա բոլոր խնդիրները՝ մենք ընտրել ենք այս ոլորտի բարեփոխումների ուղին և մեր միջազգային գործընկերների հետ միասին պետք է հաղթահարենք խոչընդոտները և ունենանք մեր երազած լավ առաջնային օղակը»։

Քաղաքականության շուրջ երկխոսությունը Առողջապահության նախարարության, ԱՀԿ ԱԱՊ եվրոպական կենտրոնի և ԱՀԿ Հայաստանի ևս մեկ համատեղ նախաձեռնություն է 2021 թվականից ի վեր Հայաստանում ԱԱՊ բարեփոխումներն առաջ մղելու ռազմավարական աշխատանքների շարքում: Մինչ օրս գրանցված արդյունքները ներառում են Հայաստանին համապատասխան, արդյունավետ գործող ԱԱՊ մոդելների և ԱԱՊ օղակի բարելավման ազգային կարողությունների հզորացումը, երկրների միջև լավագույն փորձի փոխանակման խթանումը, ինչպես նաև Հայաստանի համար ԱԱՊ նոր մոդելի մշակմանն ուղղված աշխատանքները:

Նկարագրություն՝ Ռազմավարական քաղաքականության երկխոսության հանդիպում
Լուսանկարը՝ © WHO

Գնահատելով Առողջապահության նախարարության կողմից մինչ օրս Հայաստանում ԱԱՊ օղակի առաջխաղացմանն ուղղված ջանքերը՝ Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Սիդարթա Դատտան վերահաստատեց ԱԱՊ օղակի կարևորությունը՝ որպես արդյունավետ և արդար առողջապահական համակարգի հիմք և համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովման անկյունաքար։

«ԱԱՊ օղակի բարելավմանն ուղղված ներդրումներն ու ջանքերը խթանելու համար շահագրգիռ կողմերին համախմբելու նպատակն է ոչ միայն առողջապահական արդյունքների բարելավումը, այլ նաև արդար և արդյունավետ առողջապահական համակարգերի մշակումը, որոնք կարող են ծառայություններ տրամադրել բոլորին, հատկապես ամենախոցելիներին, որտեղ և երբ նրանք դրա կարիքն ունեն:

ԱՀԿ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի քայլերին ուղղված համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովմանը, և մենք պատրաստակամ ենք շարունակել աշխատել Առողջապահության նախարարության և մեր գործընկերների՝ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ՀԱԾ գործընկերության անդամների և Լիտվայի հետ, ի թիվս այլոց», - ասաց դոկտոր Դատտան՝ դիմելով մասնակիցներին:

ԱՀԿ ԱԱՊ եվրոպական կենտրոնի առաջատար փորձագետների թիմի աջակցությամբ՝ մասնակիցները քննարկեցին Հայաստանում քաղաքային և գյուղական բնակավայրերում բուժօգնության համապատասխան և հարմարեցված մոդելների նախագծման և ճանապարհային քարտեզի մշակումը:

Գործընկեր կազմակերպությունների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Եվրոպական միության, ՄԱԿ-ի հայաստանյան գործակալությունների և մասնակից այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները նշեցին իրենց տեսակետները առաջընթացի և խոչընդոտների վերաբերյալ։

Առողջապահության նախարարությունը, ԱՀԿ-ն և մյուս գործընկերները վերահաստատեցին իրենց հանձնառությունը բուժօգնության մոդելի ներդրման գործնական ճանապարհային քարտեզի ստեղծման հարցում շարունակական երկխոսություն և գործընկերություն ծավալելու վերաբերյալ՝ հաստատելով, որ ԱԱՊ լավ գործող համակարգը կարևոր է ոչ միայն բնակչության առողջապահական կարիքները բավարարելու համար, այլ նաև առանցքային ներդրում է Հայաստանի տնտեսության և հասարակության համար:

Քաղաքականության երկխոսությունն իրականացվում է ՀԱԾ - Գործընկերություն նախաձեռնության միջոցով, որը ԱՀԿ-ի միջազգային համագործակցության ամենամեծ հարթակներից է համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովումը խթանելու համար։

WHO Risk Communication and Community Engagement Consultant

Հռիփսիմե Օհանյան

ԱՀԿ
Ռիսկերի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ