Մամուլի հաղորդագրություն

Եվրոպական միության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և գործընկերները համախմբում են ջանքերը՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանման շուրջ

17 հուլիսի 2024

17 հուլիսի, 2024 թ., Երևան – Այսօր Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ մեկնարկել է 3 տարի տևողությամբ, 2․5 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջեով «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից։

Ծրագիրը, ՄԱԶԾ-ի ընդհանուր համակարգման ներքո, կաջակցի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի, ՀՀ փաստաբանների պալատի և Հանրային պաշտպանի գրասենյակի ինստիտուցիոնալ կարողությունների և ռազմավարական հաղորդակցության հետագա զարգացմանը՝ մարդու իրավունքների պաշտպանության և խթանման, ժամանակակից հանրային քաղաքականության օրակարգն առաջ մղելու, ինչպես նաև այս հաստատությունների անձնակազմի համապատասխան կարողությունները զարգացնելու նպատակով:

Միջոցառմանը, որը վարում էր Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. պրն. Վասիլիս Մարագոսը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Միջոցառման մասնակիցներին, որոնց թվում էին պետական կառավարման առանցքային կառույցների, դոնոր համայնքի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչներ, ողջունեցին նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը։

«Եվրոպական միությունը և Հայաստանի Հանրապետությունը հանձնառու են մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության և խթանման գործին։ Մեր նախորդ ձեռքբերումների շարքին են դասվում ամբողջ երկրում գործարկված նոր պարեկային ծառայությունը՝ 2,300 վերապատրաստված ոստիկաններով հանդերձ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային նոր ստորաբաժանման հիմնումը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրին տրամադրված վերապատրաստման և կարողությունների զարգացման դասընթացները, ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի հիմնումն ու գործարկումը։ Մենք շարունակելու ենք աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության հետ՝ հաշվետու հաստատությունների կարողությունները զարգացնելու և քաղաքացիներին մատուցվող ծառայություններում մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Բարձր եմ գնահատում ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականցվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի նախաձեռնումը, որը առանցքային նշանակություն ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, խթանման և իրավունքի գերակայության ամրապնդման հարցերում: Հաշվի առնելով ԵՄ-ի և ՄԱԿ կառույցների կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում Արդարադատության նախարարության արդեն իսկ գրանցած հաջողությունները՝ լիահույս եմ, որ այս ծրագիրը նույնպես կնպաստի ինչպես մարդու իրավունքների պաշտպանության մեր հանձնառության ու Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2023-2025թթ. գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացմանը, այնպես էլ Արդարադատության նախարարության կարողությունների զարգացմանը»,- նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ՄԱԿ-ի գործակալությունների կողմից իրականացվող ծրագրային համագործակցությունը դիտարկում է որպես Եվրոպական միության ընձեռած հնարավորություն՝ առաջ մղելու մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված աշխատանքը ողջ երկրում, հատկապես մարդու իրավունքների միջազգային և եվրոպական չափանիշների կիրառման միջոցով: «Այս համագործակցությունը, որը խարսխված է մարդու բոլոր իրավունքների համընդհանուր և անբաժանելի բնույթի վրա, պետք է ծառայի որպես օրինակ, որին անհրաժեշտ է հետևել»։

Ծրագրի շրջանակներում ՔՀԿ-ների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչները պետական կառույցների հետ կանոնավոր և հիմնավոր երկխոսություն կունենան հանրային քաղաքականության հարցերի շուրջ՝ ընդլայնելով թեմատիկ ոլորտները՝ մարդու իրավունքների պաշտպանությունից, երեխաների իրավունքներից, փախստականների իրավունքներից, գենդերային հավասարությունից, գենդերով պայմանավորված և ընտանեկան բռնության դեմ պայքարից մինչև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ ոստիկանության, արդարադատության և սահմանադրական բարեփոխումները, կայուն զարգացումը:

Ավելի կոնկրետ, առաջիկա երեք տարիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատելու է ՄԻՊ-ի հետ՝ հզորացնելու երեխայի իրավունքների և երեխայի իրավունքների մշտադիտարկման կարողությունները, ինչպես նաև կաջակցի կառավարությանը՝ մշակելու գործողությունների ծրագիր՝ հիմնվելով ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի ամփոփիչ դիտարկումների վրա: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև կմիավորի կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության տարբեր գործընկերների՝ բռնության զոհ դարձած երեխաների համար Բարնահուսի միջազգային մոտեցման նմանությամբ երկու ապահով անկյուններ հիմնելու նպատակով: Բացի այդ, Արդարադատության նախարարության և Անչափահաների հարցերով արդարադատության խորհրդի հետ միասին ՅՈՒՆԻՍԵՖ-ը հետագայում կհզորացնի ինստիտուցիոնալ կարողությունները՝ համակարգելու երեխաների արդարադատության մատչելիությունը, ինչպես նաև կաջակցի կառավարությանը՝ օրենքի հետ խնդիր ունեցող կամ օրենքի հետ խնդիր ունենալու վտանգի տակ գտնվող երեխաների համար մասնագիտացված ծառայությունների ներդրման հարցում:

 

Hovhannes Sarajyan

Հովհաննես Սառաջյան

ՄԱԶԾ
Հասարակայնության հետ կապերի համակարգող

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՄԱԶԾ
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր
ՄԱԲՀ
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ
ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ