Հայաստանում կայացած տարածաշրջանային համաժողովի ընթացքում քննարկվեց «կանաչ քաղաքականության» դերը ագրոպարենային համակարգերի փոխակերպման համատեքստում
Մայիսի 29-31-ը Երևանում տեղի ունեցավ «կանաչ քաղաքականության»-ը վերաբերող տարածաշրջանային համաժողով։
Երևան, Հայաստան – 11 հունիսի, 2024 – COVID-19-ի ազդեցությունը, Ուկրաինայում պատերազմը և կլիմայի փոփոխությունը շարունակում են մարտահրավերներ նետել ագրոպարենային համակարգերի ճկունությանը ու կայունությանը Հայաստանում և ողջ տարածաշրջանում:
Այս մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է բարելավել շրջակա միջավայրի կայունությունը և, հաշվի առնելով տնտեսական առանձնահատկությունները, կիրառել գյուղատնտեսության վարման էկոլոգիապես մաքուր և սոցիալապես պատասխանատու մոտեցումներ:
Մայիսի 29-31-ը Երևանում (Հայաստան) տեղի ունեցավ «կանաչ քաղաքականության»-ը վերաբերող տարածաշրջանային համաժողով, որին ներկա գտնվեցին 50-ից ավելի մասնակիցներ, իսկ առցանց՝ շատ ավելին:
Միջոցառումը մեկնարկեց ՄԱԿ-ի մշտական համակարգող տկն Ֆղանսուազ Ժակոբի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի ելույթներով։
ՊԳԿ-ի միջոցառմանը մասնակցում էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ ներառյալ կառավարությունից, ակադեմիայից, քաղաքացիական հասարակությանից և մասնավոր հատվածից, որոնք ներկայացնում էին Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովայի Հանրապետությանը և Ուզբեկստանը:
Համաժողովի նպատակը փորձի փոխանակման ապահովումն էր, ինչպես նաև քննարկում նախաձեռնելը՝ «կանաչ գյուղատնտեսության» կարգավիճակի և «կանաչ քաղաքականության» վերաբերյալ՝ կենտրոնանալով նորարարության ու տեխնոլոգիաների կիրառման վրա՝ ագրոպարենային համակարգերում «կանաչ» փոխակերպումն առաջ մղելու համար, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակներում:
Ֆղանսուազ Ժակոբն ընդգծեց ագրոպարենային համակարգերի փոխակերպման բարդությունն ըմբռնելու կարևորությունը՝ ընդգծելով կանաչ գյուղատնտեսության, նորարարության և երիտասարդության առանցքային դերը այս մարտահրավերներին դիմակայելու հարցում:
Ռայմունդ Յելեն իր հերթին, ընդգծեց Հայաստանում ագրոպարենային համակարգերի փոխակերպման ազգային ուղու ներդրման ու առաջընթացի շարունակական մոնիթորինգի ուղղությամբ Հայաստանի կողմից արված նշանակալի ջանքերն ու ձեռքբերումները։
«Հայաստանը ագրոպարենային համակարգերի փոխակերպման առաջատարն է», - ասաց Յելեն:
Համաժողովի ընթացքում ներկայացվեցին աշխարհի տարբեր երկրներում «կանաչ գյուղատնտեսության» ներդրման հաջողված օրինակներ: Ասիայի ձեռքբերումները ներառում էին MIDORI ռազմավարությունը Ճապոնիայում սննդի կայուն համակարգերի վերաբերյալ և Ֆիլիպիններում օրգանական գյուղատնտեսության օրենքների սահմանադրական ճանաչումը:
Կարևորվեցին նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ջրի սակավության վերաբերյալ միջտարածաշրջանային հարթակը և Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ագրո-բնապահպանական քաղաքականության կամավոր ուղեցույցները:
«Այս օրինակները ցույց են տալիս իրազեկության բարձրացման և գիտելիքի փոխանակման կարևորությունը տարածաշրջաններում և տարածաշրջանների միջև «կանաչ» գյուղատնտեսությունը խթանող քաղաքականության դերը», - ասաց ՊԳԿ-ի բնական ռեսուրսների կառավարման, կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության գծով տարածաշրջանային համակարգող Տանյա Սանտիվանեզը։
Տարածաշրջանում ապացույցների վրա հիմնված տեղեկատվության և «կանաչ» քաղաքականության զարգացման միջև կապն ամրապնդելու նպատակով գիտաժողովի վերջին օրը անցկացվեց կարողությունների զարգացման սեմինար՝ ողղված գիտության և քաղաքականության միջև փոխգործակցության բարձրացմանը:
Մասնակիցները քննարկեցին երկրների մակարդակով գիտության և քաղաքականության միջև փոխգործակցության ճանապարհային քարտեզի մշակումը` կենտրոնանալով Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուզբեկստանի վրա:
Համաժողովի հիմնական արդյունքներից էր «կանաչ» գյուղատնտեսության մաստեր պլանի քննարկումը։ Գործողությունների այս համապարփակ ծրագիրը ծառայում է որպես կողմնացույց՝ երկրի մակարդակով հետագա ռազմավարական գործողություններն ուրվագծելու համար՝ նպատակ ունենալով մշակել ազգային ճանապարհային քարտեզներ երեք պիլոտային երկրների՝ Հայաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի համար՝ ՊԳԿ-ի ռազմավարական շրջանակին և ՊԳԿ-ի «Չորս ավելի լավ սկզբունքներին» համապատասխան:
Առաջընթաց «կանաչ» գյուղատնտեսության ոլորտում
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը, որն ապահովում է երկրի համախառն ներքին արդյունքի 12 տոկոսը և 25 տոկոս աշխատուժի ներգրավվածությունը, զգալի առաջընթաց է գրանցում «կանաչ» մոտեցումների կիրառման հարցում՝ պարենային անվտանգության և կայունության ապահովման գլոբալ բնապահպանական նպատակներին հասնելու համար:
Կարևորների շարքում են այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման» և Եվրոպական Միության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրերի աջակցությամբ:
Չնայած այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են ռեսուրսների սակավությունը ու կլիմայի փոփոխությունը, Հայաստանը առաջընթաց է գրանցում «կանաչ» պրակտիկաների կիրառման հարցում, ինչն էլ նպաստում է ազգային ճանապարհային քարտեզի մշակմանն ու տարածաշրջանային «կանաչ» գյուղատնտեսական ցանցի ստեղծմանը՝ ուղղված ագրոպարենային համակարգերի ճկունության բարելավմանը: