Աշխարհում 4 երեխայից 1-ը ապրում է մանկական պարենային ծայրահեղ աղքատության մեջ՝ անհավասարության, հակամարտությունների և կլիմայական ճգնաժամերի պատճառով – ՅՈՒՆԻՍԵՖ
12 հունիսի 2024
Վերլուծությունը ցույց է տալիս, որ այս մակարդակի պարենային աղքատության մեջ գտնվող երեխաները 50 տոկոսով ավելի շատ են ունենում կյանքին վտանգ սպառնացող թերսնուցում
ՆՅՈՒ ՅՈՐՔ, հունիսի 12, 2024 թ. – Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի` աշխարհում մինչև 5 տարեկան գրեթե 181 միլիոն երեխա կամ 4 երեխայից 1-ն ապրում է մանկական պարենային ծայրահեղ աղքատության մեջ, ինչի հետևանքով նրանց մոտ մինչև 50 տոկոսով ավելի է մեծանում սուր թերսնուցում ունենալու հավանականությունը. սա կյանքին սպառնացող թերսնման ձև է:
Առաջին անգամ «Մանկական պարենային աղքատություն. սնուցման զրկանքները վաղ մանկական տարիքում» զեկույցը վերլուծում է պարենային զրկվածության ազդեցությունն ու պատճառները գրեթե 100 երկրների և տարբեր եկամտային խմբերի աշխարհի ամենափոքր բնակիչների շրջանում: Զեկույցը նախազգուշացնում է, որ մինչև հինգ տարեկան միլիոնավոր երեխաներ չեն կարողանում օգտվել և չունեն սննդարար և բազմազան սննդակարգ, որն անհրաժեշտ է վաղ մանկության շրջանում և դրանից հետո օպտիմալ աճ ու զարգացում ապահովելու համար:
Այն երեխաները, ովքեր օգտագործում են ութ սննդային խմբերից առավելագույնը երկուսը, համարվում է, որ գտնվում են մանկական պարենային ծայրահեղ աղքատության մեջ: Այս իրավիճակում գտնվող 5 երեխաներից 4-ը սնվում են միայն կրծքի կաթով/կաթով և/կամ օսլա պարունակող մթերքներով, ինչպիսիք են բրինձը, եգիպտացորենը կամ ցորենը: Այս երեխաների 10 տոկոսից պակասը սնվում է մրգով և բանջարեղենով: Եվ միայն 5 տոկոսից պակասն է սնվում սննդանյութերով հարուստ մթերքներով, ինչպիսիք են ձուն, ձուկը, թռչնամիսը կամ միսը:
«Պարենային ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաները վտանգի եզրին ապրող երեխաներ են: Այսօր՝ հենց այս պահին, միլիոնավոր փոքր երեխաների համար սա իրականություն է, ինչը կարող է անդառնալի բացասական ազդեցություն ունենալ նրանց կյանքի պահպանման, աճի և ուղեղի զարգացման վրա», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը: «Երեխաները, ովքեր օրական օգտագործում են ընդամենը երկու սննդային խումբ, օրինակ՝ բրինձ և մի քիչ կաթ, մինչև 50 տոկոսով ավելի հավանական է, որ առերեսվեն թերսնուցման ծայրահեղ ձևերի հետ»:
Զեկույցը նախազգուշացնում է, որ մինչ պետությունները վերականգնվում են ՔՈՎԻԴ-19 համավարակի սոցիալ-տնտեսական ազդեցությունից, աճող անհավասարության, հակամարտությունների և կլիմայական ճգնաժամի հետևանքները սննդամթերքի ու ապրուստի գները բարձրացրել են ռեկորդային բարձր մակարդակի:
Պարենային ծայրահեղ աղքատության մեջ ապրող 181 միլիոն երեխաների 65 տոկոսն ապրում է մոլորակի 20 երկրում միայն: Շուրջ 64 միլիոն տուժած երեխաներ գտնվում են Հարավային Ասիայում, իսկ 59 միլիոնը՝ Ենթասահարյան Աֆրիկայում:
Գազայի հատվածում ամիսներ շարունակվող ռազմական գործողությունները և մարդասիրական օգնության սահմանափակումները փլուզել են պարենային և առողջապահական համակարգերը, ինչը աղետալի հետևանքներ է թողնում երեխաների և նրանց ընտանիքների վրա: 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի ապրիլը հինգ փուլով հավաքագրված տվյալները ցույց են տալիս, որ Գազայի հատվածում բնակվող 10 երեխաներից 9-ը պարենային ծայրահեղ աղքատություն մեջ է ապրում՝ գոյատևելով օրական երկու կամ ավելի քիչ սննդային խմբերով: Սա վկայում է այն սարսափելի ազդեցության մասին, որ հակամարտությունն ու սահմանափակումները թողնում են ընտանիքների՝ երեխաների սննդային կարիքները բավարարելու կարողության վրա, և մատնանշում, թե ինչ արագությամբ են երեխաները ենթարկվում կյանքին սպառնացող թերսնուցման:
Զեկույցը ցույց է տալիս, որ մանկական պարենային ծայրահեղ աղքատության բոլոր դեպքերի գրեթե կեսը (46 տոկոսը) ընկնում է աղքատ տնային տնտեսությունների վրա, որտեղ եկամտային աղքատությունը, հավանաբար, հիմնական պատճառն է, մինչդեռ 54 տոկոսը կամ 97 միլիոն երեխա ապրում է համեմատաբար ավելի հարուստ տնային տնտեսություններում, որտեղ վատ պարենային միջավայրը և սննդային սովորությունները վաղ մանկության պարենային աղքատության հիմնական պատճառն են:
Մանկական պարենային աղքատության ճգնաժամը պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում՝ պարենային համակարգերով, որոնք երեխաների համար չեն ապահովում սննդարար, անվտանգ և մատչելի տարբերակներ, ընտանիքների՝ սննդարար պարեն գնելու անկարողությունը և ծնողների՝ երեխաներին սնելու դրական սովորույթներ որդեգրելու և պահպանելու անկարողությունը: Շատ համատեքստերում էժանագին, սննդանյութերով աղքատ և անառողջ վերամշակված սննդամթերքն և շաքարով քաղցրացված ըմպելիքները ագրեսիվ կերպով շուկա են դուրս բերվում՝ թիրախելով ծնողներին և ընտանիքներին և դառնում երեխաներին սնելու սովորական միջոց: Այս անառողջ սնունդն ու ըմպելիքները սպառվում են փոքր երեխաների տագնապալի թվաքանակի կողմից, որոնք արդեն իսկ պարենային աղքատության մեջ են՝ իրենց ամենօրյա սննդակարգից հեռացնելով ավելի սննդարար և առողջարար սննդամթերքը:
Մանկական պարենային աղքատությանը վերջ տալու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին, զարգացման և հումանիտար կազմակերպություններին, դոնորներին, քաղաքացիական հասարակությանը և սննդամթերքի ու ըմպելիքների արդյունաբերությանը՝ շտապ
Փոխակերպել պարենային համակարգերն այնպես, որ սննդարար, բազմազան և առողջարար սննդամթերքը դառնա խնամակալների համար փոքր երեխաներին կերակրելու ամենահասանելի, մատչելի և ցանկալի տարբերակը:
Օգտագործել առողջապահական համակարգերը` տրամադրելու հիմնարար սնուցման ծառայություններ` վաղ մանկական թերսնուցումը կանխելու և բուժելու նպատակով, այդ թվում՝ աջակցություն տրամադրել համայնքի առողջապահական և սննդային ոլորտի աշխատողներին` ծնողներին և ընտանիքներին երեխաների սնուցման և խնամքի պրակտիկաների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու համար:
Սոցիալական փոխանցումների միջոցով (կանխիկ, պարեն և վաուչերներ) ակտիվացնել սոցիալական պաշտպանության համակարգերը՝ արձագանքելու խոցելի երեխաների և
նրանց ընտանիքների սննդի և սնուցման կարիքներին համապատասխան եկամտային աղքատության հարցերին:
###
Մանկական պարենային աղքատության տեսակները
Եթե երեխաները սնվում են օրական
0-2 պարենային խմբերով, ապա նրանք ապրում են մանկական պարենային ծայրահեղ աղքատության մեջ,
3-4 պարենային խմբերով, ապա նրանք ապրում են չափավոր մանկական պարենային աղքատության մեջ,
5 կամ ավելի պարենային խմբերով, ապա նրանք մանկական պարենային աղքատության մեջ չեն ապրում: