Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 20-ին մենք նշում ենք Երեխաների համաշխարհային օրը՝ տոնելու պատմության մեջ ամենալայնորեն վավերացված մարդու իրավունքների մասին փաստաթղթի՝ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի (ԵԻԿ) ընդունումը: Վավերացնելով իրավական կարգավորման այս միջազգային գործիքակազմը՝ համաշխարհային առաջնորդներն ընդունեցին, որ բոլոր երեխաներն ունեն անօտարելի իրավունքներ: Եվ նրանք խոստացան, որ կառավարությունները կանեն հնարավորը` իրացնելու և պաշտպանելու այդ իրավունքները:
Դժբախտաբար, երեխաներն այսօր ապրում են մի աշխարհում, որն ավելի ու ավելի հաճախ է անտեսում նրանց իրավունքները:
Հատկապես հակամարտություններից տուժած երեխաների պատմություններն են փաստում դա:
Մեր գնահատականներով՝ այսօր 400 միլիոն երեխա, կամ գրեթե 1-ը յուրաքանչյուր 5-ից, ապրում կամ փախչում է հակամարտության գոտիներից: Շատերը վիրավորվում են, սպանվում կամ սեռական բռնության ենթարկվում: Նրանք կորցնում են ընտանիքի անդամներին և ընկերներին։ Իսկ ոմանք հավաքագրվում և օգտագործվում են զինված ուժերի կամ խմբավորումների կողմից: Նրանցից շատերը բազմիցս տեղահանվել են՝ ենթարկվելով իրենց ընտանիքներից բաժանվելու վտանգին, կորցնելով կրթություն ստանալու հույժ կարևոր տարիները, կտրվելով իրենց հարազատ համայնքներից:
Միավորված ազգերի կազմակերպությունը 2005-ից 2022 թվականներին հակամարտող տարածքներում հաստատել է երեխայի իրավունքների ավելի քան 315,000 կոպիտ խախտում: Եվ սրանք միայն այն դեպքերն են, որոնք ստուգվել են, ինչը նշանակում է, որ խախտումների իրական թիվը, անկասկած, շատ ավելի մեծ է:
Հակամարտության գոտիներից անդին էլ երեխաների իրավունքները վտանգի տակ են։
Այն, որ այս իրավիճակը համընկնում է երեխաների իրավուքները ոտնահարող այլ ճգնաժամերի հետ, խորապես մտահոգիչ է։ Խոսքը վերաբերում է աղքատության և անհավասարության աճին, առողջապահական արտակարգ իրավիճակներին և, իհարկե, կլիմայի գլոբալ ճգնաժամին:
«Կլիմայի փոփոխությունը, մասնավորապես, սպառնում է այս և ապագա սերունդների առողջությանն ու բարեկեցությանը: Աշխարհում ավելի քան 1 միլիարդ երեխա այսօր ապրում է կլիմայի փոփոխության ազդեցության առումով «չափազանց բարձր ռիսկային» երկրներում։ Սա նշանակում է, որ աշխարհի երեխաների կեսը կարող է անդառնալի վնաս կրել մեր մոլորակի շարունակական տաքացման պատճառով: Նրանք կարող են կորցնել իրենց տները կամ դպրոցները ավելի ու ավելի հուժկու դարձող փոթորիկների հետևանով… նրանք կարող են ծայրահեղ հյուծվել, քանի որ տեղական բերքը չորանում է երաշտից… կամ նրանք կարող են կորցնել իրենց կյանքը օդի աղտոտվածության հետևանքով առաջացած ջերմային ալիքների կամ թոքաբորբի պատճառով:
34 տարի առաջ՝ ԵԻԿ-ի ընդունումից ի վեր, երեխաների իրավունքները երբե՛ք այսքան անտեսված չեն եղել:
Եվ դա՛ է պատճառը, որ պետք է անհապաղ գործենք։ Ես կոչ եմ անում բոլորիս՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ից և երեխայի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մեր գործընկերներից մինչև կառավարություններ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և մասնավոր հատված, ավելի ուժեղ պաշտպաններ լինելու երեխայի իրավունքների իրացման և պաշտպանության գործում: Սա նշանակում է՝ աջակցել ազգային օրենսդրական դաշտերի համապատասխանեցմանը ԵԻԿ-ի և այլ միջազգային չափանիշների հետ և կիրառել դրանք:
Դա նաև նշանակում է վերահաստատել երեխաների կարգավիճակը որպես իրավունքների առանձին, անկախ կրողներ և պատասխանատվություն սահմանել երեխաների իրավունքների խախտումների համար, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան:
Այս տոնը պետք է լինի մի օր, երբ մենք նշում ենք երեխաների իրավունքների իրականցման առաջընթացը ողջ աշխարհում, սակայն այդ իրավունքները հարվածի տակ են: Մենք չպետք է հուսահատվենք, այլ պետք է ավելի վճռական լինենք՝ ապահովելու, որ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի խոստումը պահպանվի յուրաքանչյուր երեխայի համար: