ԺՆԵՎ (27 սեպտեմբերի, 2023թ.) – Ադրբեջանը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներ պաշտպանությունը և ապահովի խաղաղ բնակչության, ձերբակալվածների կամ վերջին ռազմական գործողությունների ընթացքում «մարտունակությունը կորցրած» (“hors de combat”) դարձած անձանց կյանքի նկատմամբ հարգանքն ու պաշտպանությունը՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների։
«Ադրբեջանը պետք է նաև անհապաղ և անաչառ կերպով հետաքննի կյանքի իրավունքի ենթադրյալ կամ կասկածելի խախտումները, որոնց մասին հաղորդվել է Լեռնային Ղարաբաղում՝ վերջին ռազմական հարձակման համատեքստում, և որի ընթացքում մի քանի տասնյակ մարդիկ, այդ թվում՝ խաղաղապահներ, սպանվել են», - ասել է Հատուկ զեկուցողը։
Թիդբոլ-Բինզը նշել է, որ հետաքննությունները պետք է անցկացվեն միջազգային չափանիշներին համապատասխան, մասնավորապես՝ Արտադատական, կամայական և ամփոփ մահապատիժների արդյունավետ կանխարգելման և հետաքննության ՄԱԿ-ի վերանայված ուղեցույցի, որը նաև հայտնի է որպես «Ապօրինի մահվան հավանական դեպքերի քննության մասին Մինեսոտայի արձանագրություն» (2016թ.)։ Այն պահանջում է, որ հետաքննությունն իրականացվի շուտափույթ կերպով և լինի մանրակրկիտ, ամբողջական, անկախ, անաչառ և թափանցիկ, ասել է նա։
«Ես վերահաստատում եմ իշխանություններին տեխնիկական աջակցություն տրամադրելու իմ պատրաստակամությունը՝ ապահովելու միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների վերաբերյալ իրենց պարտավորությունների կատարումը՝ յուրաքանչյուր հավանական անօրինական մահը պատշաճ կերպով հետաքննելու համար՝ դատաբժշկական լավագույն փորձի կիրառելի չափանիշներին համապատասխան», - նշել է Հատուկ զեկուցողը:
ԱՎԱՐՏ
Պարոն Մորիս Թիդբոլ-Բինզը ՄԱԿ-ի Արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատիժների հարցերով Հատուկ զեկուցողն է, որ նշանակվել է 2021-ին: Նա բժիշկ է՝ մասնագիտացած դատաբժշկական գիտության, մարդու իրավունքների և մարդասիրական գործունեության մեջ և նպաստել է դատաբժշկական գիտության զարգացմանն ու կիրառմանը ամբողջ աշխարհում՝ հետաքննելու և արձանագրելու արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատիժները, հարկադիր անհետացումները, խոշտանգումները և կալանավորման պայմանները, ինչպես նաև մարդասիրական գործունեության զինված հակամարտությունների և բնական աղետների ժամանակ։
Հատուկ զեկուցողները Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի մաս են կազմում։ Հատուկ ընթացակարգերը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համակարգում անկախ փորձագետների ամենամեծ մարմինը, Խորհրդի անկախ փաստահավաք և մշտադիտարկման մեխանիզմների ընդհանուր անվանումն է, որն անդրադառնում է կամ երկրի առաջացած առանձին իրավիճակներին, կամ ամբողջ աշխարհում թեմատիկ խնդիրներին: Հատուկ ընթացակարգերի փորձագետները գործում են կամավորականության սկզբունքով, չեն հանդիսանում ՄԱԿ-ի աշխատակիցներ և չեն վարձատրվում արված աշխատանքի դիմաց։ Նրանք անկախ են ցանկացած պետությունից կամ կազմակերպությունից և գործում են սեփական միջոցներով։