ՄԱԿ-ի փորձագետներն Ադրբեջանին կոչ են անում վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և դադարեցնել հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում
Հատուկ զեկուցողները Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի մաս են կազմում։
ԺՆԵՎ (7 օգոստոսի 2023 թ.) – Այսօր ՄԱԿ-ի մի խումբ փորձագետներ* ահազանգել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման առնչությամբ, որը Լեռնային Ղարաբաղի շրջանում հանգեցրել է սարսափելի հումանիտար ճգնաժամի։
Շրջափակման արդյունքում վերջին յոթ ամիսների ընթացքում արգելափակված է մնում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որի հետևանքով բնակչությունը բախվել է սննդամթերքի, բժշկական և հիգիենայի պարագաների կտրուկ պակասի հետ: Շրջափակումը խափանել է նաև բժշկական և կրթական հաստատությունների գործունեությունը և բնակիչների, հատկապես երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, ծերերի, հղի կանանց և հիվանդների կյանքը մեծագույն ռիսկի է ենթարկել:
«Լաչինի միջանցքի շրջափակումը հումանիտար ճգնաժամ է, որը հանգեցրել է սննդամթերքի պաշարների, այդ թվում՝ ձեթի, ձկնամթերքի, թռչնամսի, կաթնամթերքի, հացահատիկի, շաքարի և մանկական սննդի կտրուկ նվազմանը», - նշում են փորձագետները:
Նրանք ահազանգում են, որ արագ սպառվում են դեղորայքային պաշարները, իսկ հիվանդանոցները դժվարությամբ են կարողանում բժշկական օգնություն ցուցաբերել, քանի որ շտապ օգնության մեքենաների աշխատանքը խափանվել է վառելիքի պակասի հետևանքով:
Փորձագետները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով ազատ և անվտանգ տեղաշարժը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի զինադադարի մասին համաձայնագրի։
Նրանք նաև կոչ են անում շրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերին պաշտպանել միջանցքը՝ զինադադարի մասին պայմանագրի դրույթներին համապատասխան:
«Վերացնելով շրջափակումը՝ իշխանությունները կարող են մեղմել Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդկանց տառապանքը և թույլ տալ մարդասիրական օգնության անարգել առաքումը քաղաքացիական բնակչությանը», - նշում են փորձագետները:
«Այս օրհասական պահին կարևոր է ապահովել բոլորի անվտանգությունը, արժանապատվությունը և բարեկեցությունը», - նշում են փորձագետները: «Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հավատարիմ լինել իր միջազգային պարտավորություններին, հարգել և պաշտպանել մարդու իրավունքները, ներառյալ՝ սննդի, առողջության, կրթության և կյանքի իրավունքները: Մենք նաև ընդգծում ենք համագործակցության և երկխոսության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորման գործընթացում ներգրավված կողմերի միջև», - նշում են փորձագետները:
ՎԵՐՋ
**Փորձագետներն նմանատիպ մտահոգություններ արդեն հայտնել են Ադրբեջանի և Ռուսաստանի կառավարություններին 2023 թ. փետրվարին (JUA AZE 1/2023 և JUA RUS 1/2023), իսկ Ադրբեջանի կառավարությունն արձագանքել է բարձրացված մտահոգություններին (AZE 1/2023)։
*Փորձագետներ՝ ՄԱԿ-ի Պարենի իրավունքի հարցով հատուկ զեկուցող Մայքլ Ֆախրի, Կրթության իրավունքի հարցով հատուկ զեկուցող Ֆարիդա Շահիդ, Տարեցների իրավունքների հարցերով անկախ փորձագետ Կլաուդիա Մալեր, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ջերարդ Քուին։
Հատուկ զեկուցողները Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի մաս են կազմում։ Հատուկ ընթացակարգերը, որոնք ներառում են ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգում անկախ փորձագետների ամենամեծ ցանցը, Խորհրդի անկախ փաստահավաք և մշտադիտարկման մեխանիզմների ընդհանուր անվանումն է, որ զբաղվում է կամ երկրում առաջացած առանձին իրավիճակներով, կամ ամբողջ աշխարհում թեմատիկ հարցերով:
Հատուկ ընթացակարգերի փորձագետները գործում են կամավորականության սկզբունքով, չեն հանդիսանում ՄԱԿ-ի աշխատողներ և չեն վարձատրվում արված աշխատանքի դիմաց։ Նրանք անկախ են ցանկացած պետությունից կամ կազմակերպությունից և գործում են սեփական միջոցներով։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մարիա Գարսիա Տորենտեին (maria.garciatorrente@un.org)։
ՄԱԿ-ի այլ անկախ փորձագետների վերաբերյալ հարցումները կարող եք ուղղել Մայա Դեռուազին (maya.derouaz@un.org) կամ Դհարիշա Ինդրագուպտային (dharisha.indraguptha@un.org)։
ՄԱԿ-ի անկախ փորձագետների գործունեությանը կարող եք հետևել հետևյալ աղբյուրից՝ @UN_SPExperts
Մտահոգվա՞ծ եք այսօրվա աշխարհով։
ՊԱՇՏՊԱՆԵ՛Ք մարդու իրավունքները
#Standup4humanrights
կամ այցելեք՝ http://www.standup4humanrights.org