ՅՈւՆԻՍԵՖ-ը միացել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին (ՁԻՀ), Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններին` ներկա գտնվելու «Gamechangers. Girls for girls» նախագծի փակման արարողությանը: Միջոցառումը համախմբել է շուրջ 70 աղջիկների երեք մարզերից, ովքեր ծրագրի շրջանակում զարգացրել են խաղերի ստեղծման ոլորտում իրենց ձիրքերը: Միջոցառմանը ներկա էր նաև ՅՈւՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան և «Մանկական Եվրատեսիլ» 2021-ի հաղթող Մալենան, ով խրախուսեց երիտասարդ աղջիկներին՝ շարունակելու ջանքերն իրենց երազանքի կարիերային հասնելու համար:
«Gamechangers. Girls for Girls» նախագծի նպատակն է՝ նպաստել 12-24 տարեկան աղջիկների՝ տեսախաղերի ստեղծման ոլորտում մասնակցությանը՝ աջակցելով նրանց դառնալ ոլորտի ապագայի կերտման ակտիվ մասնակիցներ և վերացնել սոցիալական կարծրատիպերն ու թերի պատկերացումները, որոնք խոչընդոտում են աղջիկների ներգրավվածությանը գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտում (STEM): Ծրագիրն իրականացվել է Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում: Հայցադիմումներ են ստացվել STEM-ով հետաքրքրված ավելի քան 300 աղջիկներից։ Ընտրվել է 120 մասնակից, որոնցից խաղերի ստեղծման նկատմամբ հատուկ հետաքրություն ունեցող 70-ը հասել են եզրափակիչ փուլ: Մասնակիցները բաժանվել են 12 թիմերի, որոնցից յուրաքանչյուրը ստեղծել է մեկ տեսախաղ:
Շնորհավորելով մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշեց.
«Հատկանշական է, որ Հայաստանում աղջիկների և կանանց ներգրավվածությունը ՏՏ ոլորտում գերազանցում է գլոբալ ցուցանիշը, որը կազմում է 26 տոկոս: Հայաստանում կանանց 40 տոկոսից ավելին ներդրում է ունենում ոլորտի զարգացման գործում: Սակայն պետք չէ բավարարվել գրանցած առաջընթացով և անհրաժեշտ է սահուն քայլերով առաջ շարժվել: Այսօր խաղային տեխնոլոգիաները ներդրվում են տարբեր ոլորտներում՝ կրթությունից մինչև բիզնես, և ես վստահ եմ, որ ծրագրի մասնակից աղջիկները չեն բավարարվի միայն ծրագրի շրջանակում ձեռք բերած գիտելիքներով և առաջիկայում կդառնան խաղի կանոնները փոխող նաև միջազգային շուկայում, իսկ մեր դերը, որպես նախարարություն, նրանց այդ գործում աջակցելն է»:
«Թեև կանայք և աղջիկները աշխարհի 2 միլիարդ խաղացողների գրեթե կեսն են կազմում, խաղերի արդյունաբերության մեջ նրանք աշխատուժի միայն մեկ քառորդն են: Ու չնայած ունեցած ներուժին՝ նրանք միշտ չէ, որ կարող ընտրել այս կարիերայի ուղին: Նման նախաձեռնությունը նպաստում է այս իրականության փոփոխությանը, ոլորտի բացերը լրացնելուն և աղջիկների ու երիտասարդ կանանց հնարավորությունների ընդլայնմանը», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին: «Աղջիկները պետք է հնարավորություն ունենան բացահայտել իրենց հետաքրքրություններն ու երազանքները և ինքնուրույն որոշել, թե ինչով են ուզում հետագայում զբաղվել»:
Կրթության, ռեսուրսների և մենթորության միջոցով «Gamechangers. Girls for Girls» նախագիծը երիտասարդ աղջիկներին զինել է անհրաժեշտ հմտություններով, գիտելիքներով և աջակցությամբ՝ խաղերի մշակման ոլորտում հաջող կարիերա սկսելու առաջին քայլերն անելու համար: Նախագիծը բաղկացած էր երեք հիմնական մասից, որոնցից յուրաքանչյուրը կենտրոնացած էր խաղի զարգացման տարբեր փուլերի վրա:
«Փափուկ հմտությունների և գաղափարի գեներացման» փուլի ընթացքում մասնակիցները զարգացրին այնպիսի հիմնական կարողություններ, ինչպիսիք են թիմային աշխատանքը, համագործակցությունը, նախագծերի կառավարումը, գեղարվեստական և քննադատական մտածողությունը, ստեղծագործականությունը և հրապարակային ելույթը:
«Թվային հմտությունների» փուլն ընդլայնեց հատուկ թվային կարողությունները՝ կապված խաղերի մշակման հետ, ինչպիսիք են պատմությունների, կոմիքսների պատրաստումը և Unreal Engine 5 գործիքակազմի յուրացումը, որի միջոցով աղջիկները կկարողանան ստեղծագործել 3D ձևաչափով՝ իրականությանը նման պատկերներ և փորձառություն ձևավորելու համար:
«Ծրագրի կառավարում և իրականացում» փուլը նվիրված էր ձեռքբերված հմտությունների և գիտելիքի պրակտիկ կիրառմանը: Այս փուլում մասնակիցներն աշխատել են փորձառու մասնագետների հետ՝ կատարելագործելու իրենց խաղային նախատիպերը:
«Ուրախ եմ տեսնել, որ այսքան շատ երիտասարդ աղջիկներ ձեռք են բերել STEM ոլորտում առաջադիմելու ճիշտ հմտություններ և հնարավորություններ», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Մալենան: «Վստահ եմ, որ այս նոր գիտելիքներով ու նմանատիպ ոգեշնչմամբ նրանք ավելի շատ հնարավորություններ կունենան լսելի դարձնելու իրենց ձայնը և մասնակցելու իրենց կյանքի վրա ազդեցություն ունեցող որոշումների կայացմանը»:
Միջոցառման երկու օրվա ընթացքում ներկայացվեցին ծրագրին մասնակցող աղջիկների կողմից մշակված խաղերի գաղափարները, տեղի ունեցան ինտերակտիվ և պանելային քննարկումներ: Միջոցառումն ավարտվեց լավագույն գաղափարների պարգևատրման արարողությամբ:
Ավելի վաղ՝ մայիսին, Հայաստանի «Gamechangers» նախաձեռնության պատվիրակությունը, որի կազմում էին ՁԻՀ-ի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և «Gamechangers. Girls for girls»-ի մասնակիցները, մեկնել էին Շվեդիա՝ Ստոկհոլմ՝ մասնակցելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Innovation’s Gamechangers Coalition» միջոցառմանը: