Ըստ ՄԱԿ-ի գործակալությունների և գործընկերների կողմից այսօր հրապարակած նոր զեկույցի՝ 2020 թվականին, համաձայն գնահատականների, 13,4 միլիոն երեխա վաղաժամ է ծնվել, որոնցից մոտ մեկ միլիոնը մահացել է ծննդաբերության ժամանակ առաջացած բարդությունների պատճառով: Սա նշանակում է, որ աշխարհում ամեն 10 երեխայից 1-ը վաղաժամ է ծնվում (հղիության 37 շաբաթը չլրացած):
«Ժամանակից շատ շուտ ծնված. վաղաժամ ծննդաբերության վերաբերյալ գործողությունների տասնամյակ» զեկույցը մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ PMNCH-ի (կանանց, երեխաների և դեռահասների համար աշխարհի ամենամեծ դաշինքն աշխարհում) հետ համատեղ: Այն ահազանգում է վաղաժամ ծննդաբերության «լուռ ճգնաժամի»-ի մասին, որը դեռևս չի արձանագրվել իր ողջ ծավալով և լրջությամբ և որը խոչընդոտում է երեխաների առողջության և կյանքի պահպանման բարելավման առաջընթացը:
Զեկույցի մեջ տեղ են գտել վաղաժամ ծնունդների տարածվածության՝ ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի թարմացված գնահատականները, որը պատրաստվել է Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի հետ համատեղ: Ընդհանուր առմամբ, բացահայտվում է, որ վերջին տասնամյակում աշխարհի ոչ մի տարածաշրջանում վաղաժամ ծնելիության մակարդակը չի փոխվել, այն է՝ 152 միլիոն խոցելի երեխա է ժամկետից շատ շուտ ծնվել 2010-ից 2020 թվականների ընթացքում:
Վաղաժամ ծննդաբերությունն այսօր մանկական մահերի հիմնական պատճառն է՝ կազմելով մինչև 5 տարեկան երեխաների մահացության յուրաքանչյուր 5 դեպքից ավելի քան 1-ը: Այն երեխաները, ում կյանքը հաջողվում է պահպանել, կարող են բախվել առողջության հետ կապված հետևանքների ամբողջ հետագա կյանքի ընթացքում, այդ թվում ՝ հաշմանդամության և զարգացման հապաղումների:
Կյանքի պահպանման բացեր ըստ տարածաշրջանի, եկամտի, ռասայի
Ի տարբերություն 2012թ.-ին հրապարակված ուղենշային զեկույցին՝ այս նոր զեկույցը նաև անդրադառնում է կանանց, ընտանիքների, հասարակությունների և տնտեսությունների վրա վաղաժամ ծննդաբերությունների ունեցած խոր ազդեցությանը:
Շատ հաճախ, ծննդավայրով է պայմանավորված նորածնի կյանքի պահպանումը:
Զեկույցում նշվում է, որ շատ վաղաժամ ծնված (<28 շաբաթական) 10 երեխաներից միայն 1-ի կյանքն է պահպանվում ցածր եկամուտ ունեցող երկրներում, ի համեմատ բարձր եկամուտ ունեցող երկրների, որտեղ 9-ից ավելին է ապրում: Նույնիսկ բարձր եկամուտ ունեցող երկրներում վաղաժամ ծննդաբերությունը, մահերը և հաշմանդամության հավանականությունը կախված են ռասայական, էթնիկ պատկանելության, եկամտի և որակյալ խնամքի հասանելիության հետ կապված անհավասարություններից:
Զեկույցը նաև ընդգծում է, որ հակամարտությունները, կլիմայի փոփոխությունը և շրջակա միջավայրի վնասները, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19-ն ու գնաճը մեծացնում են ռիսկերը կանանց և երեխաների համար ամենուր: Օրինակ, օդի աղտոտվածության պատճառով, ըստ հաշվարկների, տարեկան 6 միլիոն վաղաժամ ծնունդներ են գրանցվում: Համաձայն զեկույցում տեղ գտած նոր վերլուծության՝ վաղաժամ ծնված 10-ից գրեթե 1 երեխան ծնվում է հումանիտար ճգնաժամերից տուժած 10 ամենախոցելի երկրներում:
Մայրական առողջության հետ կապված ռիսկերը, ինչպիսիք են դեռահասների հղիությունը և նախաէկլամպսիան, սերտորեն կապված են վաղաժամ ծնունդների հետ: Սա ընդգծում է սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիության կարևորությունը, այդ թվում՝ ընտանիքի արդյունավետ պլանավորումը, հղիության ընթացքում և ծննդաբերության շրջանում բարձրորակ խնամքի անհրաժեշտությունը:
ԱՀԿ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և PMNCH-ը կոչ են անում իրականացնել հետևյալ գործողությունները՝ բարելավելու կանանց և նորածինների խնամքը և մեղմելու վաղաժամ ծնունդների հետևանքով առաջացող ռիսկերը.
- Ներդրումների ավելացում. միջազգային և ազգային ռեսուրսների մոբիլիզացում՝ ուղղված մայրական և նորածինների առողջապահության հզորացմանը, ապահովելով բարձրորակ խնամք, երբ և որտեղ անհրաժեշտություն կա:
- Արագացված տեմպերով իրականացում. մայրական և նորածնային խնամքի ազգային քաղաքականությամբ պայմանավորված թիրախների իրականացում:
- Միջոլորտային ինտեգրում. Ողջ կյանքի ընթացքում կրթվելու հնարավորությունների խթանում. խելացի տնտեսական ներդրումներ՝ միջոլորտային համաֆինանսավորմամբ. կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված հաստատուն արձագանք, ինչպես նաև արտակարգ իրավիճակների արձագանքի համակարգում և դիմակայունության ամրապնդում:
- Նորարարություն. ներդրումներ հօգուտ տեղական նորարարությունների և հետազոտությունների՝ աջակցելու խնամքի որակի բարելավմանը և ծառայությունների հասանելիության համահավասարությանը: