2023 թվականի մարտի 24-ին Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված համաժողովում ոլորտի փորձագետները և առաջատար մասնագետները քննարկեցին տարածաշրջանային փորձն ու ոլորտային համագործակցության արդյունքները։ Միջոցառումը կրում էր ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԸ ՈՐՊԵՍ ԱՐԴԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԽՆԴԻՐ խորագիրը, որտեղ ներկայացվեց Հայաստանում առկա համաճարակաբանական իրավիճակը, տուբերկուլոզի ախտորոշման և հայտնաբերման, դեղազգոնության վերաբերյալ թարմացումները, ոլորտում իրականացված վերջին գիտական հետազոտությունները։ Այն նաև հարթակ դարձավ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 2023-2030 թվականների տուբերկուլոզի դեմ պայքարի գործողությունների նոր ծրագրի մեկնարկի համար:
Հայաստանը ԱՀԿ-ի աջակցությամբ մշակում է տուբերկուլոզի համակարգված սքրինինգի և կանխարգելիչ բուժման վերաբերյալ ազգային ուղեցույցներ՝ բարելավելու տուբերկուլոզի և բազմադեղակայուն տուբերկուլոզի նոր դեպքերի կանխարգելումն ու ժամանակին հայտնաբերումը` ԱՀԿ-ի «Վերջ դնել տուբերկուլոզին» ռազմավարությանը համապատասխան:
«Մենք վստահաբար կարող ենք ասել, որ կհաղթահարենք տուբերկուլոզը և դա կանենք՝ Ձեզ հետ սերտ համագործակցությամբ, ներառելով նաև հարակից ոլորտներն ու հասարակական կազմակերպությունները», - նշեց ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի Վարակիչ հիվանդությունների ծրագրերի բաժնի ղեկավար Ստելա Բիվոլն իր ելույթում համաժողովի բացմանը։
Այնուամենայնիվ, Հայաստանում բազմադեղակայուն տուբերկուլոզի ժամանակին ախտորոշման և արդյունավետ բուժման հասանելիությունը մարդկանց համար դեռևս խոչընդոտ է։
Արդյունավետ բուժում
Տուբերկուլոզի դեմ ուղղված միջոցառումների նոր տարածաշրջանային ծրագիրը 2023-2030թթ, որը համաժոզովի ընթացքում ներկայացվեց ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի տուբերկուլոզի հարցերով խորհրդատու Ասկար Եդիլբաևի կողմից, շեշտադրում է հետևյալ հիմնական ոլորտները.
- տուբերկուլոզի դեմ պայքարի քաղաքական կամքի և ռեսուրսների ձևավորում
- հաշվետվողականության և միջոլորտային համագործակցության բարելավում
- առանցքային և խոցելի խմբերի առաջնահերթ թիրախավորում և ծառայություններին հավասար հասանելիություն
- քաղաքացիական հասարակության և ազդակիր համայնքների արդյունավետ ներգրավում
- տուբերկուլոզի բուժման, արագ ախտորոշման և առանց ներարկումների բուժման համընդհանուր հասանելիության ապահովում
- ծառայությունների ընդլայնում առաջնային բուժօգնության մակարդակում
- հետազոտությունների և նոր տեխնոլոգիաների, ներառյալ թվային առողջապահական լուծումների ներդրում
«Կովիդ-19-ի համավարակը բազմաթիվ մարտահրավերներ է առաջացրել առողջապահական համակարգերի համար՝ բացասաբար ազդելով տուբերկուլոզի դեմ պայքարում նախկինում գրանցված առաջընթացի վրա։ Այնուամենայնիվ, տուբերկուլոզի կանխարգելման և ակտիվ տուբերկուլոզի արդյունավետ բուժման միջոցները ընդլայնվել են և կիրառվում են ամբողջ աշխարհում: Կարևոր է, որ մարդիկ, ովքեր բուժման կարիք ունեն շարունակեն ընդունել այն, որպեսզի մեծանա բուժվելու հավանականությունը և հնարավորինս կանխվի վարակի փոխանցումն ու դեղակայունության զարգացումը», - պարզաբանեց Հայաստանում ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն։
«Հետկովիդյան շրջանը բազմաթիվ մարտահրավերներ առաջ բերեց առողջապահական համակարգերի համար՝ իրենց բացասական ազդեցությունն ունենալով տուբերկուլոզի դեմ պայքարի վրա։ Սակայն ներկայումս կան լուծումներ, որոնք կարծում էինք անհնարին են ընդամենը մի քանի տարի առաջ։ Առաջին անգամ ունենք ընդամենը 6 ամիս տևողությամբ բուժման սխեմաներ, որոնք արդյունավետ են թե՛ զգայուն, և թե՛ դեղակայուն տուբերկուլոզի դեպքում։ Դեղակայուն տուբերկուլոզը հնարավոր է ախտորոշել շատ արագ և անմիջապես սկսել բուժումը։ Թվային լուծումները, ինչպես նաև նորարական մոտեցումները մատուցվող ծառայությունները դարձնում են առավել մարդակենտրոն և փոխում են տուբերկուլոզի դեմ պայքարի որակը», - հավելեց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի վարակիչ հիվանդությունների ծրագրերի ղեկավար Գայանե Ղուկասյանը։
«Վերջ դնել տուբերկուլոզին» նպատակ
2019 թ․ մայիսին ԱՀԿ-ն Հայաստանում իրականացրել է տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի համապարփակ գնահատում։ Հիմնվելով գնահատման արդյունքների վրա ԱՀԿ-ն այնուհետև աջակցել է երկրին տուբերկուլոզի դեմ պայքարի նոր ազգային ռազմավարական ծրագրի 2021-2025թթ․ մշակման գործում։
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի Կանաչ լույսի կոմիտեի և Դեղերի գլոբալ հիմնադրամի 2022 թվականի դեկտեմբերին իրականացված համատեղ առաքելության գնահատման արդյունքների համաձայն՝ Հայաստանում տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակը շարունակվում է բարելավվել՝ պայմանավորված երկրում հիվանդացությունների թվի նվազմամբ: Գնահատման արդյունքները փաստում են, որ Հայաստանն ունի բոլոր նախադրյալները, որոնք անհրաժեշտ են ԱՀԿ-ի աջակցությամբ մինչև 2030 «Վերջ դնել տուբերկուլոզին» նպատակին հասնելու համար։
Թոքաբանության ազգային կենտրոնի Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի համակարգող Նաիրա Խաչատրյանն ընդգծեց․
«Հաջող համագործակցությունը բոլոր ներգրավված կողմերի, քաղաքացիական հասարակության, ասոցիացիաների և խոցելի խմբերի, և ի վերջո, բուժառուների հետ՝ որպես գործընկերներ, թույլ կտա մեզ հասնել բոլոր սահմանված ցուցանիշներին և այդպիսով, հաջողությամբ հասնել տուբերկուլոզի վերացմանը Հայաստանում»։