ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը և Մարդասիրական իրավունքի միջազգային ինստիտուտը (Սանռեմոյի ինստիտուտ) ամրապնդում են ապաքաղաքացիության նվազեցման և կանխման ոլորտում ներգրավված գործընկերների կարողությունները
03 մայիսի 2023
Մարդասիրական իրավունքի միջազգային ինստիտուտը (Սանռեմոյի ինստիտուտ) ՄԱԿ ՓԳՀ-ի երկարամյա միջազգային գործընկերներից մեկն է։
ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (ՄԱԿ ՓԳՀ)`քաղաքացիության վերացման կարևորությունը հորդորող #IBELONG («Ես Պատկանում եմ») տասնամյա (2014-2024) քարոզարշավի շրջանակում, համագործակցում և զարգացնում է ապաքաղաքացիության ոլորտում ներգրավված պետական գործընկերների, իրավաբան-փորձագետների, քաղաքացիական հասարակության և ուսումնական դաշտում մասնագետների կարողությունները։ Մարդասիրական իրավունքի միջազգային ինստիտուտը (Սանռեմոյի ինստիտուտ) ՄԱԿ ՓԳՀ-ի երկարամյա միջազգային գործընկերներից մեկն է։ Այն մարդու իրավունքների, ներառյալ փախստականների իրավունքի և քաղաքացիության իրավունքի վերաբերյալ դասընթացներ է տրամադրում ՄԱԿ ՓԳՀ-ի գործընկերներին ամբողջ աշխարհում:
ՄԱԿ ՓԳՀ-ն վերջերս աջակցել է Հայաստանից հինգ գործընկերների մասնակցությանը` Սանռեմոյի ինստիտուտի Փախստականների միջազգային իրավունքի և միգրացիոն իրավունքի ամբիոնի կողմից տրամադրվող ապաքաղաքացիության վերաբերյալ առցանց երկու դասընթացին։ Հայաստանից մասնակիցները ներկայացնում էին ՀՀ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Իրավաբանական ֆակուլտետի իրավաբանական կլինիկան:
«Իսկապես, հմտորեն մշակված և կառուցողական կրթական դասընթաց էր, որտեղ մենք ձեռք բերեցինք խորը գիտելիքներ և գործնական հմտություններ: Դեպքի ուսումնասիրությունը և հետագա քննարկումները մասնակիցներին թույլ տվեցին հասկանալ ապաքաղաքացիություն առաջացման պատճառներն ու հանգամանքները և կիսվել քաղաքացիության կանխման, նվազեցման և վերացման գործում միջազգային արդյունավետ փորձով»,- ասաց ՀՀ ՆԳՆ Անձնագրային և վիզաների վարչության իրավաբանական բաժանմունքի պետ տ-ն Իրինա Մկրտչյանը։
Դասընթացը թույլ է տալիս վերլուծել քաղաքացիության վերաբերյալ միջազգային իրավական դաշտը և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքները կարգավորող ազգային օրենսդրության մշակումը: Դրանք նաև դիտելի կերպով ներկայացնում են ապաքաղաքացիության պատճառներն ու դրա բացասական ազդեցությունը և բացատրում ապաքաղաքացիության և հարկադիր տեղահանման փոխհարաբերությունը, ինչպես նաև աշխարհի տարբեր մասերում քաղաքացիություն չունեցող բնակչության ընդհանուր պատկերն են ցուցադրում:
«Չափազանց ոգեշնչող էր դասընթացը: Ապաքաղաքացիության թեման համախմբել էր բազմաթիվ երկրներից իրավաբանների և փորձագետների, ովքեր ցանկանում են ավելին իմանալ՝ օգնելու լուծելու քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրը»,- ասաց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի ղեկավար տ-ն Քնարիկ Վարդանյանը: «Մասնակիցները կիսվեցին իրենց լավ փորձով, իրազեկվեցին ապաքաղաքացիության խնդրի սահուն և արդյունավետ կերպով լուծելու տարբեր մեխանիզմների և գործնական մեթոդների մասին: ՄԱԿ ՓԳՀ-ն մեզ նաև #IBELONG քարոզարշավի մասին կարևոր ու հետաքրքիր գիտելիքներ տվեց»,- հավելեց նա:
ՄԱԿ ՓԳՀ-ն ուրախ է, որ Հայաստանից մի խումբ գործընկերներ՝ միանալով աշխարհի տարբեր երկրներից մասնակիցներին՝ 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին օգտվեցին առցանց դասընթացներից: Ինչպես մասնակիցները նշեցին, դասընթացը նրանց ապաքաղաքացիության վերաբերյալ կարևոր գիտելիքներ տվեց և ապաքաղաքացիության նվազեցման և կանխաման լավագույն փորձի փոխանակման արդյունավետ հարթակ հանդիսացավ։